ArmLur.am -ը արդեն անդրադարձել էր նոյեմբերի 29-ին կայանալիք Սպիտակ համայնքի ՏԻՄ ընտրություններին, որին մասնակցելու համար առաջադրվել են «Քաղաքացիական պայմանագիր», «Բարոյական արժեքներ» և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունները։ Ինչպես գիտենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Սպիտակի համայնքապետ և Սպիտակ համայնքի ավագանու համանուն խմբակցության անդամ Քաջայր Նիկողոսյանը: ArmLur.am -ը նաև անդրադարձել էր Նիկողոսյանի ուշագրավ սկանդալներին, որոնք բավական շատ են: Բացի այդ՝ Քաջայր Նիկողոսյանը պաշտոնից ազատելու և արձակուրդ չտրամադրելու իր լիազորությունները օգտագործել է մրցակից կուսակցության թեկնածուների նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով՝ ի շահ իրեն օգտագործելով վարչական ռեսուրսները։ Նիկողոսյանի դեմ են դուրս եկել նրա ենթակաները, որոնցից են «Բարոյական արժեքներ» կուսակցության թեկնածու Համլետ Մազմանյանը և նույն կուսակցության նախագահ Սիմոն Պետրոսյանը: ArmLur.am -ը գրել էր, որ Համլետ Մազմանյանը եղել է Սպիտակի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, հետո`անկուսակցական: 3 տարի առաջ ՔՊ-ն նրան հեռացրել է՝ համայնքապետի հետ սուր հակասությունների պատճառով: Մազմանյանը Նիկողոսյանին մեղադրում էր որոշումներն առանց քննարկելու ընդունելու, անարդյունավետ կառավարելու մեջ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը որպես իր թեկնածու է առաջադրել Արման Ավետիսյանին: Ավետիսյանը 2023 թվականին ներկայացված է եղել Հաղթանակ կուսակցության ընտրական ցուցակով, հետագայում ընդգրկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում: Տեղեկացնենք նաև, որ համայնքներում համամասնական ընտրակարգով ընտրությունների նախընտրական քարոզչությունը սկսել է նոյեմբերի 4-ից: Այն կավարտվի նոյեմբերի 27-ի կեսգիշերին: Վիկտորյա Բուդաղյան