Նոյեմբերի 20-ից 22-ը Սան Ֆրանցիսկոյի Vogue Theatre կինոթատրոնում կանցկացվի հայկական կինոյի երրորդ՝ Golden Gate Armenian Film Festival (GGAFF) փառատոնը։ Ծրագրում ընդգրկված են Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելգիայի և Կանադայի արտադրության լիամետրաժ, վավերագրական, կարճամետրաժ և անիմացիոն ֆիլմեր, որոնք նախկինում արժանացել են մրցանակների Վենետիկի, Լոկառնոյի և Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոներում։ Փառատոնի գլխավոր իրադարձությունը կլինի Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» (The Land of Arto, 2025) ֆիլմի ցուցադրությունը։ Հայաստանը ֆիլմն առաջադրել է «Օսկար» կինոմրցանակաբաշխության 99-րդ մրցույթի՝ «Լավագույն միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում։ Հանդիսատեսին կներկայացվի նաև Ռոբեր Գեդիգյանի նոր՝ «Կինն այսօր» (Une femme aujourd’hui, 2026) ֆիլմը, որը վերջերս է հայտնվել ֆրանսիական կինովարձույթում, ինչպես նաև Իննա Սահակյանի և Ռուբեն Ղազարյանի «Ապրել Շեքսպիրից երկար» (Outliving Shakespeare, 2025) վավերագրական աշխատանքը։ Ծրագրում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Կոմես Չախբազյանի «Այստեղ՝ մեկ այլ վայրում» (Here Elsewhere, 2026) դրաման։ Ֆիլմը պատմում է 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանությանը նախորդած վերջին ամսվա իրադարձությունների մասին։ Փառատոնի ծրագիրը կհամալրեն նաև Ալեքսանդրա Ռությո-Միքայելյանի «Նռան ցրված հատիկները» վավերագրական ֆիլմը, որը պատմում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո հայերի՝ Եվրոպայում սփռվելու մասին, և Մառլեն Էդոյանի «Այնտեղ կրակ է վառվում» դրաման՝ Վրաստանի հարավում բնակվող հայկական համայնքի պատանիների մեծանալու և ինքնության որոնման մասին։ Փառատոնի տարբեր անվանակարգերում հաղթողները կպարգևատրվեն հատուկ մրցանակներով, որոնք պատրաստված են հայկական տուֆից։ Դրանց հեղինակը լիբանանահայ նկարչուհի Նարինե Փալադյանն է։ The post «Օսկարի» հայկական հավակնորդը կներկայացվի Սան Ֆրանցիսկոյի կինոփառատոնում appeared first on Alphanews .