Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Կարող է լինել աշխարհում լավագույն թուղթը, բայց եթե երաշխիք չկա… Հիշու՞մ եք՝ արցախյան պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի՝ այն ժամանակվա նախագահը, որ էլի Թրամփն էր, հրադադարի համար միջնորդություն արեց, որը տևեց մի քանի ժամ։ Մենք հիմա երաշխիք չունենք, և որպեսզի այդ թուղթը դառնա հավասարակշռության մեխանիզմ, մեզ պետք է աշխարհաքաղաքական հավասարակշռությունը մեր կողմը բերել, ոչ թե մենք մենակ մնանք Ադրբեջանի կամքին։ Մեր խաղաղության երաշխավորը Ադրբեջանը չէ, մեր խաղաղության երաշխավորը տարածաշրջանային հավասարակշռությունն է։ Աշխարհի օրենքն է դա։ Երբ դու հավասարակշռությունը կարողանում ես պահել, դա է երկարաժամկետ խաղաղությունը։ Երբ ի շահ մեկի՝ մյուսի շահը ոտնահարվում է, երկարաժամկետ դա բերելու է հակադրությունների այս տարածաշրջանում։ Այս տարածաշրջանում, ես վստահ եմ, Հայաստանի տարածքային ամբողջականությամբ շահագրգռված են Իրանը, Վրաստանը, Ռուսաստանը, ԵՄ-ն, թեկուզ արևելյան երկրները, Արևմուտքը, բոլորը շահագրգռված են։ Միայն երկու երկիր շահագրգռված չի, ինչպե՞ս կարող են այդ երկու երկիրը լինեն մեր երաշխավորը»,- ասաց Կարապետյանը։ The post Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Կարապետյան appeared first on Ազգ .