Խաղաղության պայմանագրում չկա որևէ պայման՝ սահմանադրական փոփոխությունների հետ կապված։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Խաղաղության պայմանագիրը ստորագրվել է վկայի կարգավիճակով միջնորդի ներկայությամբ։ ԱՄՆ-ն վկան է, ով նաև միջնորդ է, և նա է երաշխավորը՝ վկա լինելով, որ պայմանները հենց այսպիսին են։ Դրանից որոշ ժամանակ հետո Ադրբեջանը նախաստորագրված պայմանագրի մասին հավելյալ պահանջ է դնում ու բարձրացնում է սահմանադրության փոփոխության հարցը, ադրբեջանցիների գալու հարցը։ Մենք տեսնում ենք, որ հատուկ քաղաքական ոճ կա այդտեղ. քիչ-քիչ են վերցնում՝ սկզբից մի խնդիրն են լուծում, հետո անցնում են մյուսին, փաթեթային չեն մոտենում։ Այդ պատճառով մեր երկիրը կանգնել է այն վտանգի առջև, որ վերջին 5 տարիներին մենք զիջում ենք։ Ադրբեջանը հասկացել է, որ ինչքան ձգի խաղաղության պայմանագիրը՝ այնքան շատ կվերցնի մեզանից։ Խաղաղության կարելի է հասնել մենակ մի ձևով, երբ դիմացի կողմը հասկանա, որ էլ չի կարողանա երկարաձգելով բան ստանալ, երբ պատ տեսնի։ Իշխանությունը վախ ունի և արդեն պարտված լինելով՝ չի կարողանում չենթարկվել, իսկ ընդդիմությունը այդ վախերը չունի»,-ասաց նա։ Նարեկ Կարապետյանն ընդգծեց՝ ալիևյան սահմանադրությունը չի կարող Հայաստանում անցնել։ «Չի կարող հարևան երկրի ղեկավարը որոշի մեր Սահմանադրությունը։ Պետականության մասին ենք մենք խոսում, երկրի մասին ենք խոսում, մենք խաղալիք չենք իրենց համար։ Իշխանություններն այնքան զիջումներ են արել, որ վարչապետն ինքն էլ է ասում, որ չգիտի՝ էլի զիջում ուզելո՞ւ է Ադրբեջանը, թե չէ։ Անգամ ինքն է ֆիքսում, որ չգիտի, բայց խաղաղության անվան տակ ընտրությունների գնաց մարդը, ընտրություններում ձայներ ստացավ, բայց ինքը դեռ փաստորեն չգիտեր՝ դիմացի կողմը էլի ինչ է ուզելու։ Այսինքն՝ ընտրության ժամանակ չգիտե՞ր՝ ինչ է ուզելու։ Բա ասում էր՝ արդեն նախաստորագրած պայմանագիր ունենք։ Այստեղ պարզ է դառնում, որ իրենք մոլորեցնում են ժողովրդին, թաքցրել են բանակցությունները, որպեսզի սրտիկներով ընտրության ժամանակ ձայներ ստանան»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։ Հարցին՝ արդյոք ընդդիմությանը չեն վախեցնում Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների մասին հայտարարությունները, Նարեկ Կարապետյանը շեշտեց՝ իրենք խորհրդարանում են ՀՀ շահը առաջ տանելու համար։ «Ո՞նց կարա քո՝ տասնամյակներով հակառակորդը գրի, տա քեզ, թե քո սահմանադրությունը ինչպես լինի։ Պարզ է որ այդ սահմանադրությունը երկիրը թուլացնելու սահմանադրություն է լինելու, ինքը չի ցանկանալու՝ մենք ուժեղանանք։ Եթե մենք տեսնում ենք, որ մեր հակառակորդի առաջ պատ պետք է կանգնենք, ճնշումը մեզ ի՞նչ պետք է անի։ Հասարակության մեծ մասն էլ այլ ճնշում է անում, որ քո հակառակորդի խայծը մի կեր»։ The post Հայաստանում չի կարող ալիևյան սահմանադրություն անցնել, խաղալիք չենք իրենց համար. Նարեկ Կարապետյան appeared first on Ազգ .