ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Բուլղարիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության գլխավոր տնօրինության տնօրեն, բարձր հանձնակատար Անտոն Զլատանովին։ Արմեն Ղազարյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները՝ կարևորելով մասնավորապես ներքին գործերի ոլորտում երկկողմ համագործակցությունը։ ՆԳ նախարարի տեղակալն անդրադարձել է Հայաստանի՝ Եվրոպական միության հետ հարաբերությունների խորացման գործընթացին և ընդգծել այդ համատեքստում իրականացվող բարեփոխումների կարևորությունը։ Նա ներկայացրել է վիզաների ազատականացման գործընթացի, օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների, ինչպես նաև ներքին գործերի համակարգի կարողությունների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Արմեն Ղազարյանը ընդգծել է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության շրջանակում համագործակցության խորացման, մասնագիտական փորձի փոխանակման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համատեղ աշխատանքների իրականացման կարևորությունը։ Բուլղարիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության գլխավոր տնօրինության տնօրեն, բարձր հանձնակատար Անտոն Զլատանովը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ներկայացրել Բուլղարիայի՝ եվրոպական ինտեգրման ուղին, այդ գործընթացում իրականացված օրենսդրական և կառուցվածքային բարեփոխումները։ Անտոն Զլատանովն անդրադարձել է նաև սահմանային անվտանգության ապահովման, միգրացիոն հոսքերի կառավարման և անդրսահմանային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտներում Բուլղարիայի փորձին։ Կողմերը քննարկել են սահմանների համալիր կառավարման, սահմանների վերահսկողության, սահմանային անցակետերի մեծ ծանրաբեռնվածության պայմաններում ծառայությունների արդյունավետ կազմակերպման, ինչպես նաև անդրազգային հանցավորության, թմրամիջոցների, զենքի և զինամթերքի ապօրինի շրջանառության կանխարգելմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև սահմանային վերահսկողության տեխնիկական միջոցների արդիականացմանը, ծառայությունների գործունեության կազմակերպմանը, կառուցվածքային բարեփոխումներին և մասնագիտական կարողությունների կատարելագործմանը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ընդլայնելու երկկողմ համագործակցությունը։ Գրառումը Արմեն Ղազարյանը բուլղարացի գործընկերների հետ քննարկել է թմրամիջոցների, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության կանխարգելմանն առնչվող հարցեր appeared first on .