Ամուլսարի հանքի շահագործման պաշտոնական մեկնարկից մեկ շաբաթ անց՝ հոկտեմբերի 17-ին, Երևանի Կոնսերվատորիայի այգում հավաքված բնապահպաններն ու ակտիվիստները հայտարարեցին, որ հանքի բացումը պայքարի ավարտ չեն համարում։ Նրանք բարձրաձայնեցին ջրային ռեսուրսների ու մարդկանց առողջության համար հնարավոր վտանգները, վիճարկեցին ծրագրի բնապահպանական և իրավական հիմքերը և կոչ արեցին շարունակել քաղաքացիական պայքարը։ Միջոցառմանը հրավիրվել էին մասնագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ջերմուկի ու հարակից բնակավայրերի բնակիչներ: Բանախոսների ընդհանուր պահանջն էր՝ Ամուլսարը պետք է մնա սար, իսկ հանքի շահագործումը թույլատրելու գործընթացը պետք է քննության առարկա դառնա։ Իրավաբան Նազելի Վարդանյանը նշեց, որ Ամուլսարի շահագործման ռիսկերի մասին տարիներ շարունակ է խոսվել, ինչպես նաև տեղ գտել տարբեր փաստաթղթերում։ Նա անդրադարձավ 2012 թվականին Սևանա լճի պահպանության հարցերով զբաղվող ակադեմիական հանձնաժողովի եզրակացությանը, որը բացասական էր։ Առաջինը 2012 թվականին Սևանա լճի հանձնաժողովի եզրակացությունն էր։ Այդ ակադեմիական հանձնաժողովի գործունեությունը նախատեսված է Սևանա լճի մասին օրենքով։ 2012 թվականին նրանք տվել են բացասական եզրակացություն՝ նշելով չորս ռիսկ, որոնք ընդհանրապես չեն կարող փոխվել կամ կառավարվել,- ասաց Վարդանյանը։ Նազելի Վարդանյան Նրա ներկայացմամբ՝ խոսքը տարածքի բարձր սեյսմիկ վտանգի, սողանքների, թթվային դրենաժի և ռադիոակտիվության մասին է։ Վարդանյանը պնդեց, որ տարածքի երկրաբանական առանձնահատկություններով պայմանավորված վտանգները չեն կարող վերացվել միայն տեխնոլոգիական լուծումներով։ Նրա խոսքով՝ ջրային ռեսուրսների, այդ թվում՝ Սևանա լճի հնարավոր աղտոտման հետևանքների վերացումը կարող է պահանջել երկարատև աշխատանք և մեծ ծախսեր՝ առանց ջրային համակարգերի լիարժեք վերականգնման երաշխիքի։ Նա անդրադարձավ նաև կառավարության պատվերով իրականացված ELARD-ի փորձաքննությանը՝ դրա արդյունքները գնահատելով որպես նախագծի վերաբերյալ բացասական եզրակացություն։ Վարդանյանը հարց բարձրացրեց՝ դրանից հետո ի՞նչ նոր ուսումնասիրությունների հիման վրա են իշխանությունները հայտարարում, որ մտահոգությունները փարատված են։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Ամուլսարի շահագործման մեկնարկի արարողության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ քննարկումների արդյունքում բնապահպանական հարցերին պատասխաններ են տրվել։ Մենք այսօր այստեղ ենք, որովհետև համոզված ենք, որ այդ բոլոր ռիսկերը պարզապես տեղ չունեն,- ասել էր վարչապետը։ Նույն օրը տեղի էր ունեցել առաջին ոսկու կորզման և ձուլման հանդիսավոր արարողությունը: Վարդանյանը քննարկման ընթացքում բարձրացրեց նաև հանքարդյունահանման թույլտվություններին վերաբերող դատական վեճի հարցը։ Նրա փոխանցմամբ՝ դատարանը փորձաքննական գործընթացում թերություններ է արձանագրել և անվավեր ճանաչել թույլտվությունները, իսկ գործն այժմ Վերաքննիչ դատարանում է։ Նա ասաց, որ սեպտեմբերի 18-ին սպասվող որոշման հրապարակումը հետաձգվել է մինչև նոյեմբերի 13-ը։ Հետաձգումը Վարդանյանը կապեց COP17-ի ավարտի հետ։ Իրավաբանի քննադատության մյուս ուղղությունը հանրային մասնակցությունն էր։ Նրա խոսքով՝ Ջերմուկի բնակիչների համար պատշաճ լսումներ չեն անցկացվել, իսկ քաղաքը մինչև համայնքների խոշորացումը չի ճանաչվել ազդակիր համայնք։ Հանրության մասնակցության խնդրին անդրադարձավ նաև իրավապաշտպան Մհեր Կարագյոզյանը։ Նա կոչ արեց քաղաքացիական պայքար նախաձեռնել հանքի բացման դեմ՝ այն համարելով անօրինական։ Որևէ իշխանություն՝ նախկին, ներկա կամ ապագա, լեգիտիմություն չունի հասարակությանը վերաբերող այսպիսի կարևոր հարցերը գաղտնի քննարկելու և հասարակությունից գաղտնի որոշումներ կայացնելու,- նշեց նա։ Բանախոսները քննարկեցին նաև, թե ինչպես կարելի է Ամուլսարի հարցը բարձրաձայնել Երևանում անցկացվող COP17-ի ընթացքում։ Բնապահպան Աննա Շահնազարյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց այդ օրերին Հայաստանում գտնվող միջազգային մասնակիցների և լրատվամիջոցների վրա։ Նրա գնահատմամբ՝ առաջիկա երկու շաբաթը հնարավորություն է խնդրի շուրջ միջազգային ուշադրություն ստեղծելու համար՝ թե՛ փողոցային գործողություններով, թե՛ համաժողովի միջոցառումներում հարցեր բարձրացնելով։ Աննա Շահնազարյան Հենց այս օրերին՝ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, փողոցային պայքարի միջոցով Ամուլսարի հարցի բարձրաձայնումը շատ կարևոր է լինելու,- ասաց Շահնազարյանը։ Նա առաջարկեց մասնակցել Կանաչ գոտու հանդիպումներին ու քննարկումներին, հարցեր ուղղել բանախոսներին, տարածել տեղեկություններ և թռուցիկներ։ Շահնազարյանը նշեց, որ ինքն անձամբ Ամուլսարի խնդիրը բարձրաձայնելու է Կապույտ գոտում։ Նրա խոսքով՝ միջազգային մամուլի ուշադրությունը գրավելու համար կարևոր է նաև քաղաքացիների մեծաթիվ ներկայությունը փողոցներում։ Նա հատկապես երիտասարդներին կոչ արեց օգտագործել իրենց եռանդն ու ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները՝ պայքարն ավելի տեսանելի և հասանելի դարձնելու համար։ Երիտասարդ մասնակից Աննա Կիրակոսյանն իր հերթին դիմեց երիտասարդներին, այդ թվում՝ ջերմուկցիներին՝ հորդորելով չհուսահատվել և մասնակցել իրենց ապագայի վերաբերյալ որոշումների վրա ազդելու պայքարին։ Մենք ենք ապրելու այն երկրում, որը հիմա կարող են քանդել, և հետո մենք ենք կրելու հետևանքները։ Ուզում եմ, որ հուսահատություն չլինի մեր մեջ, և բոլորս հասկանանք՝ սա մեր երկիրն է,- ասաց նա։ Բնապահպան Լևոն Գալստյանն անդրադարձավ Ամուլսարի պաշտպանության տարիների փորձին։ Նրա գնահատմամբ՝իշխանությունները միշտ էլ ցանկացել են հանքը շահագործել, իսկ ծրագրի իրականացումը կասեցնելու վճռորոշ գործոնը եղել է տեղի բնակիչների դիմադրությունը։ Լևոն Գալստյան Գալստյանը հիշեցրեց, որ բնակիչների պահանջը իրենց տարածքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելն էր, մարդիկ շուրջ երկու տարի սեփական ներկայությամբ փակ են պահել ճանապարհները՝ թույլ չտալով ծրագրի շարունակությունը։ Նրա գնահատմամբ՝ հետագա տարիներին պատերազմի և անվտանգության խնդիրների հետևանքով Ամուլսարի հարցը որոշ չափով հետին պլան է մղվել։ Նա նշեց, որ պատերազմի հետևանքները կրել են նաև պայքարին մասնակցած ջերմուկցիները, իսկ Ջերմուկի վրա հարձակումը չէր կարող չազդել նրանց հոգեբանական վիճակի և առաջնահերթությունների վրա։ Նրա խոսքով՝ նույնիսկ հանքին դեմ մնալով՝ մարդիկ առաջին հերթին մտահոգվում են անվտանգության ավելի լուրջ գործոնով՝ պատերազմով։ Այդ փոփոխությունը, ըստ Գալստյանի, վերաբերել է ոչ միայն Ջերմուկին, այլև ամբողջ երկրին։ Միաժամանակ նա համոզմունք հայտնեց, որ գործընթացը հնարավոր է կրկին կանգնեցնել։ Հիշեցրեց՝ 2016-ին, երբ Ամուլսարում մեկնարկվել էին աշխատանքները, շատերը չէին հավատում, որ դրանք կարող են ընդհատվել։ Մենք հասանք արդյունքի, բայց պարզվեց, որ այն ժամանակավոր էր․ գործը մինչև վերջ չհասցրինք,- ասաց Գալստյանը։ Գալստյանը նաև կրկնեց նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտության մասին պահանջը։ Նրա խոսքով՝ տարիներ շարունակ բարձրաձայնել են, որ առկա տվյալները բավարար չեն իրական վտանգները գնահատելու համար, և այդ խնդիրը մատնանշել է նաև կառավարության պատվիրած ELARD-ի ուսումնասիրությունը։ COP17-ի նկատմամբ, սակայն, բնապահպանի վերաբերմունքը թերահավատ է։ Նա քննադատեց բնապահպանական միջազգային հանդիպումները՝ դրանք ցինիկության դրսևորում անվանելով։ Մարդկությունը մտածում է, թե ինքը Երկիր մոլորակի տերն է ու միակ որոշողը, թե ինչ պետք է անել։ Դա ցավալի մոտեցում է և բերում է այսպիսի շոուների, ինչպիսիք են COP-ն ու նման բոլոր միջազգային միջոցառումները,- ասաց Գալստյանը։ Քննարկման մասնակիցները կոչ արեցին շարունակել հանրային իրազեկումն ու քաղաքացիական գործողությունները։ Երիտասարդների մասնակցությունը, տեղական բնակիչների ձայնը, COP17-ի օրերին միջազգային ուշադրությունը Ամուլսարի վրա պահելը բանախոսները դիտարկեցին որպես պայքարի առաջիկա քայլեր։