Դրսում ցուրտ է, իսկ լույսերն անջատել են։ Ակամայից հիշում եմ մեր անկախության առաջին տարիները։ Քսան տարեկան եմ։ Վահան գյուղի սահմանային դիրքերից նոր եմ տուն վերադարձել և որոշել եմ ինքնուրույն քրդերեն սովորել։ Մտածում եմ՝ միևնույն է Արցախի հարցը լուծելուց հետո վաղ թե ուշ Արևմտյան Հայաստանն ենք ազատագրելու, և քրդերի հետ շփվելու համար լեզուն պետք է գալու։ Մոմի լույսի տակ բացում եմ Կուրդոևի «Գրամմատիկա կուրդսկոգո յազիկա (կուրմանջի)» գիրքը։ Սովորածս էջին մի կաթիլ մոմ է թափվել, զգուշորեն մաքրում եմ ու էջը թերթում։ Նոր ենթավերնագիր է՝ իզաֆեթը արական և իգական սեռերի գոյականների համար։ Մի 15 րոպե կարդում եմ, ուղեղս խառնվում է քերականական ձևերի բազմազանությունից։ Պետք է հանգստանալ ու նորից կարդալ։ Եվ մտովի պատկերացնում եմ Վանա լիճն ամռանը՝ լիճը, որը կյանքումս երբեք չեմ տեսել, հետո Մհերի դուռը, հետո Մոկսը, որի մասին մի երկու օր առաջ էի կարդացել։ Մութ է, ցուրտ է, բայց երազանքը ջերմացնում է ու կենտրոնանում եմ՝ իզաֆեթը պետք է սովորել, անհրաժեշտ է լինելու, երբ ազատագրենք Վանը, Մհերի դուռը, Մոկսը։ Մի հինգ-տաս րոպե էլ և իզաֆեթն ամբողջովին ընկալված ու հաղթահարված է։ Մենք ապրում և դժվարությունները հաղթահարում ենք նաև մեր երազանքների շնորհիվ, ուստի ոչ ոք իրավասու չէ խլել դրանք մեզնից։ Վարդան Ոսկանյան, իրանագետ, արևելագետ The post Արցախի հարցը լուծելուց հետո վաղ թե ուշ Արևմտյան Հայաստանն ենք ազատագրելու. Վարդան Ոսկանյան appeared first on Ազգ .