Արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանություններն իրենց գործողություններով զրկել են հավատացյալներին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ նրա գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառման ուրախությունը կիսելու հնարավորությունից։ Այս մասին տեղեկանում ենք Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից։ «Այսօր Հայաստանի իշխանությունները, որոնք եկեղեցու նկատմամբ հալածանքների քաղաքականություն են վարում, մեզ զրկել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի հետ այս օրվա ուրախությունը կիսելու հնարավորությունից։ Նա այսօր պետք է մեզ հետ լիներ, մասնակից դառնար այս հիշարժան, սրբազան և պատմական օրվա ուրախությանը, բոլորիս փոխանցեր Սուրբ Էջմիածնի օրհնությունն ու իր հայրապետական պատգամը»,- ասել է նա։ Եզրաս արքեպիսկոպոսի խոսքով՝ եկեղեցու դեմ հանդես եկող իշխանություններն ապօրինի և անհիմն մեղադրանքներով փորձում են խոչընդոտել Վեհափառ Հայրապետին՝ լքելու Հայաստանի սահմանները և այցելելու աշխարհի տարբեր երկրներում ապրող իր հոգևոր զավակներին։ «Բայց ինչ փորձությունների էլ ենթարկվի Եկեղեցին, ինչ խոչընդոտներ էլ հայտնվեն նրա ճանապարհին, այդ ամենը ժամանակավոր է։ Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են, իսկ Եկեղեցին շարունակում է իր զավակներին համախմբել Աստծո խոսքի շուրջ»,- նշել է արքեպիսկոպոսը։ Նա ընդգծել է, որ այս օրը պետք է վերահաստատել հավատարմության ուխտը Հայրենիքին, Սուրբ Եկեղեցուն և նախնիների սրբազան ժառանգությանը՝ միաժամանակ աղոթք բարձրացնելով Գարեգին Երկրորդի համար և մաղթելով նրան ուժ ու աստվածային զորակցություն հայրապետական ծառայության մեջ։ —00—ԼԱ The post Իշխանությունները զրկել են մեզ Կաթողիկոսի հետ այս օրվա ուրախությունը կիսելու հնարավորությունից appeared first on 24News .