ԱՐՏՈՅՏ ԶՈՀՐԱԲԵԱՆ Միջազգային իրաւունքի ասպիրանտ , համալսարանի դասախօս Էներգակիրներից մինչեւ ռազմական ու աշխարհաքաղաքական ազդեցութիւն. ինչպէ՞ս է ձեւաւորւում նոր ուժային դասաւորումը Հարաւային Կովկասում։ Հարաւային Կովկասում եւ Մերձաւոր Արեւելքում ընթացող աշխարհաքաղաքական վերադասաւորումները գնալով աւելի տեսանելի են դարձնում Թուրքիայի, Ադրբեջանի եւ Իսրայէլի միջեւ ձեւաւորւած շահերի համընկնումը։ Թէեւ այս երեք պետութիւնների յարաբերութիւնները չունեն միասնական դաշինքի ձեւական կառուցակարգ, դրանց փոխկապակցւած տնտեսական, էներգետիկ, ռազմական եւ անվտանգային շահերը ստեղծում են ազդեցութեան այնպիսի համակարգ, որի հետեւանքները չեն սահմանափակւում երկկողմ յարաբերութիւններով։ Դրանք անմիջականօրէն առնչւում են Հայաստանի եւ Իրանի կենսական շահերին, տարածաշրջանային հաղորդակցութիւնների ապագային եւ ուժերի հաւասարակշռութեանը։ Այս համակարգի առանցքային հանգոյցը, նախեւառաջ, Անկարա–Բաքու ռազմավարական յարաբերութիւնն է։ 2021 թւականին ստորագրւած Շուշիի հռչակագիրը երկու պետութիւնների կապերը բարձրացրեց դաշնակցային մակարդակի՝ նախատեսելով արտաքին քաղաքականութեան համակարգում, պաշտպանական համագործակցութիւն, համատեղ զօրավարժութիւններ եւ ռազմական կարողութիւնների արդիականացում։ Հռչակագրի դրոյթները վկայում են, որ խօսքը ոչ միայն պատմական, լեզւական կամ մշակութային ընդհանրութիւնների վրայ հիմնւած գործընկերութեան, այլեւ տարածաշրջանային անվտանգութեան հարցերում փոխադարձ աջակցութեան ինստիտուցիոնալացման մասին է։ Սակայն Անկարայի եւ Բաքւի համագործակցութեան աշխարհաքաղաքական նշանակութիւնը չի սահմանափակւում ռազմական ոլորտով։ Թուրքիայի համար Ադրբեջանը դէպի Կասպից ծով, Կենտրոնական Ասիա եւ թրքալեզու աշխարհ տանող ռազմավարական հենակէտ է, իսկ Ադրբեջանի համար Թուրքիան՝ դէպի արեւմտեան շուկաներ եւ միջազգային քաղաքական կենտրոններ հասնելու կարեւորագոյն դաշնակիցը։ Այս փոխկախւածութեան տնտեսական արտայայտութիւններից է նաեւ Վրաստանի տարանցիկ նշանակութիւնը։ Բաքու-Թբիլիսի-Ջէյհան նաւթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը եւ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին մէկ միասնական աշխարհաքաղաքական տրամաբանութեան մաս են կազմում։ Վրաստանում ադրբեջանական ներդրումների շուրջ չորս միլիարդ դոլարի հասնելը եւս ցոյց է տալիս, որ Բաքուն փորձում է տնտեսական ներկայութիւնը վերածել երկարաժամկէտ քաղաքական ազդեցութեան։ Այս պատկերում Իսրայէլի դերակատարութիւնը յատկապէս ուշագրաւ է։ Ադրբեջանի եւ Իսրայէլի յարաբերութիւնները նոր երեւոյթ չեն. դրանք զարգանում են անկախութեան առաջին տարիներից, սակայն վերջին տասնամեակներում ստացել են առանձնայատուկ ռազմավարական բովանդակութիւն։ Իսրայէլը Ադրբեջանի համար սպառազինութեան, անօդաչու թռչող սարքերի, հրթիռային համակարգերի եւ ռազմական տեխնոլոգիաների կարեւոր մատակարար է, իսկ Բաքուն՝ Իսրայէլի էներգետիկ ապահովման նշանակալի գործընկեր։ 2025 թւականին Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան ղեկավարութեան այցը Թել Աւիւ եւ ռազմական-տեխնիկական համագործակցութեան ընդլայնման շուրջ քննարկումները հաստատում են, որ այդ կապերը շարունակւում են նաեւ տարածաշրջանային լարւածութեան պայմաններում։ Այստեղ անհրաժեշտ է ուշադրութիւն դարձնել էներգետիկ համագործակցութեան մի հանգամանքի վրայ, որն առանձնայատուկ քաղաքական նշանակութիւն ունի։ Kpler-ի տւեալների համաձայն՝ 2025 թւականին Ջ է յհանի նաւահանգստից Իսրայէլ հասնող ադրբեջանական նաւթի օրական մատակարարումները նախորդ տարւայ համեմատ աճել են 31 տոկոսով՝ հասնելով շուրջ 94 հազար բարելի։ Նոյն տւեալներով՝ ադրբեջանական նաւթը կազմել է Իսրայէլի նաւթի ներմուծման 46.4 տոկոսը։ Այս տեղեկութիւնը ձեռք է բերում լրացուցիչ նշանակութիւն, երբ այն համադրում ենք Թուրքիայի՝ 2024 թւականի մայիսից Իսրայէլի հետ առեւտրի դադարեցման մասին պաշտօնական յայտարարութիւնների հետ։ Անկարան հերքել է Ջէյհանից Իսրայէլ նաւթի նպատակային առաքումների գոյութիւնը՝ մատնանշելով, որ խողովակաշարի թուրքական հատւածի օպերատորը նաւթի առքուվաճառքի մասնակից չէ։ Մինչդեռ նաւագնացութեան հետազօտութիւնները վկայում են, որ որոշ նաւթատարներ փոխել են իրենց յայտարարւած ուղղութիւնը կամ անջատել ինքնաշխատ ճանաչման համակարգերը՝ հետագայում բեռնաթափւելով իսրայէլական նաւահանգիստներում։ Այստեղ խնդիրը միայն առեւտրային վիճակագրութիւնը չէ. այն բացայայտում է քաղաքական յայտարարութիւնների եւ տնտեսական իրականութեան միջեւ առկայ հակասութիւնը։ Ադրբեջան–Իսրայէլ համագործակցութեան ռազմավարական նշանակութիւնը, սակայն, աւելի խորն է, քան նաւթի արտահանումը։ Թել Աւիւի համար Բաքուն կարեւոր է նաեւ Իրանի աշխարհագրական մօտիկութեան, անվտանգային միջավայրի եւ տարածաշրջանային ազդեցութեան տեսանկիւնից։ Իսրայէլական ռազմական տեխնոլոգիաների ներթափանցումը եւ Բաքւի հետ անվտանգային համագործակցութիւնը Թել Աւիւին հնարաւորութիւն են տալիս ամրապնդելու իր ներկայութիւնը Իրանի հիւսիսային սահմանների մօտ։ Սա ինքնին դեռ չի ապացուցում, որ Ադրբեջանի տարածքը պարտադիր օգտագործւում է Իրանի դէմ ռազմական գործողութիւնների համար, սակայն այդպիսի աշխարհագրական եւ ռազմավարական համագործակցութեան հետեւանքները Թեհրանի համար չեն կարող անտեսւել։ Հայաստանի պարագայում խնդիրը բազմաշերտ է։ Մի կողմից՝ Անկարա–Բաքու դաշինքը ձգտում է Հարաւային Կովկասի հաղորդակցութիւնների վերակազմաւորմանը՝ իր ռազմավարական շահերին համապատասխան։ Միւս կողմից՝ այդ գործընթացներում Հայաստանի ինքնիշխանութեան, սահմանների անձեռնմխելիութեան եւ Իրանի հետ կապի հարցերը դառնում են առանցքային։ Հայաստանի տարածքով հաղորդակցութիւնների ապաշրջափակումը կարող է տնտեսական հնարաւորութիւններ ստեղծել, սակայն այն չի կարող վերածւել արտատարածքային վերահսկողութեան կամ որեւէ պետութեան աշխարհաքաղաքական նախագծի սպասարկման միջոցի։ Նոյնքան կարեւոր է կանխել այնպիսի տարածաշրջանային դասաւորում, որտեղ Հայաստանը կը դիտարկւի որպէս տարանցիկ տարածք, այլ ոչ թէ ինքնուրոյն քաղաքական դերակատար։ Իրանի մտահոգութիւնները նոյնպէս պայմանաւորւած չեն միայն սահմանային անվտանգութեամբ։ Թեհրանի համար Հարաւային Կովկասը կապող օղակ է դէպի հիւսիս, Սեւ ծով եւ Եւրասիական շուկաներ։ Հետեւաբար, հաղորդակցութիւնների ցանկացած փոփոխութիւն, որը կը սահմանափակի Իրանի տարանցիկ դերակատարութիւնը կամ կը նւազեցնի նրա աշխարհաքաղաքական կշիռը, անմիջականօրէն առնչւում է Իրանի ազգային շահերին։ Տարածաշրջանային տնտեսական նախագծերը չեն կարող երկարաժամկէտ կայունութիւն ապահովել, եթէ դրանք կառուցւեն առանց Իրանի շահերի հաշւառման։ Այսպիսով, Անկարա – Բաքու – Թել Աւիւ յարաբերութիւնները պէտք է դիտարկել ոչ թէ որպէս երեք պետութիւնների միջեւ պարզ համագործակցութիւն, այլ որպէս շահերի համընկնման եւ ազդեցութեան ընդլայնման բարդ համակարգ։ Դրա գոյութիւնը չի նշանակում, թէ երեք մայրաքաղաքներն ունեն բոլոր հարցերում նոյնական նպատակներ, սակայն նրանց տնտեսական եւ անվտանգային համագործակցութեան կուտակային հետեւանքները վերափոխում են տարածաշրջանի ռազմավարական միջավայրը։ Հայաստանի եւ Իրանի համար հիմնական հարցը ոչ թէ այս համագործակցութեան գոյութիւնն ընդունելն է կամ մերժելը, այլ դրա հետեւանքներին համարժէք քաղաքական, տնտեսական եւ անվտանգային կարողութիւններ ձեւաւորելը։ Տարածաշրջանի ապագան չի կարող կառուցւել Հայաստանի ինքնիշխանութեան սահմանափակման, Իրանի աշխարհագրական մեկուսացման կամ մեծ տէրութիւնների ու տարածաշրջանային դաշնակցութիւնների միակողմանի օրակարգերի վրայ։ Հարաւային Կովկասի կայունութիւնը հնարաւոր է միայն այն պայմանով, որ հաղորդակցութիւնները չվերածւեն ճնշման լծակների, իսկ տնտեսական փոխկապակցւածութիւնը չդառնայ քաղաքական ենթակայութեան գործիք։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԱԿՆԱՐԿ. անկարա–բաքու–թել աւիւ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԴԱՇԻՆՔԻ ՈՒՐՒԱԳԻԾԸ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԻՐԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՒԷՐՆԵՐԸ
ԱՐՏՈՅՏ ԶՈՀՐԱԲԵԱՆ Միջազգային իրաւունքի ասպիրանտ, համալսարանի դասախօս Էներգակիրներից մինչեւ ռազմական ու աշխարհաքաղաքական ազդեցութիւն. ինչպէ՞ս է ձեւաւորւում նոր ուժային դասաւորումը Հարաւային Կովկասում։ Հարաւային Կովկասում եւ Մերձաւոր Արեւելքում ընթացող աշխարհաքաղաքական վերադասաւորումները գնալով աւելի տեսանելի են դարձնում Թուրքիայի, Ադրբեջանի եւ Իսրայէլի միջեւ ձեւաւորւած շահերի համընկնումը։ Թէեւ այս երեք պետութիւնների յարաբերութիւնները չունեն միասնական դաշինքի ձեւական կառուցակարգ, դրանց փոխկապակցւած …
Comments
No comments yet — be the first to comment.
More from Alik
ارمنستان و انگلیس سند همکاری دفاعی امضا کردند
Alik / 1 hour ago
Հայ Դատը կոչ է արել մերժել Թուրքիայի թեկնածուին՝ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի պաշտօնում
Alik / 1 hour ago
Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի` Մեծարման երեկոյ նւիրւած բանաստեղծ Վարանդին
Alik / 1 hour ago
Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Արւեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ` «Հայոց գրի պատմութիւնն ու գեղագրութեան արւեստը» խորագրով բանախօսական երեկոյ
Alik / 2 hours ago
Related coverage
No related coverage from other sources yet.