Անցեալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնեակ պատգամաւորներ ներքաշւեցին խայտառակ ծեծկռտուքի մէջ. նրանք հարւածներ էին հասցնում միմեանց եւ նոյնիսկ աթոռ նետում, ինչի հետեւանքով ոմանց քիթն արիւնահոսել էր, իսկ հագուստները՝ պատռւել։ Երկու կողմից սպառնացող հարեւաններից զատ՝ Հայաստանն ունի ներքին թշնամի, որը թերեւս ամենավտանգաւորն է։ Անցեալ շաբաթ խորհրդարանում տեղի ունեցած եւ ուղիղ եթերով հեռարձակւած ծեծկռտուքն անվայելուչ վարքագիծ էր, որը յարիր չէ մի ժողովրդի ընտրեալ ներկայացուցիչներին, որոնք հպարտանում են աշխարհի հնագոյն քրիստոնեայ ազգին պատկանելով եւ ապրում են, իբր, ժողովրդավարական երկրում։ Ցաւօք, Ազգային ժողովի նախագահ Ռուբէն Ռուբինեանը հրաժարւեց ընդհատել այս սկանդալային տեսարանի ուղիղ հեռարձակումը։ Նա յայտարարեց, որ ցանկանում է՝ հանրութիւնը տեսնի, թէ ինչ է կատարւում խորհրդարանում։ Ծեծկռտուքի տեսանիւթերը լայն տարածում գտան սոցիալական ցանցերում եւ լուսաբանւեցին NBC-ի, Al Jazeera-ի եւ CNN-ի կողմից՝ ամօթալի վիճակի մէջ դնելով աշխարհասփիւռ հայութեանը։ Ռուբինեանն իրեն աւելի շատ խուլիգանի պէս է պահում, քան Ազգային ժողովի նախագահի։ Նա թոյլ է տալիս իր կուսակիցներին վիրաւորել ընդդիմութեանը, սակայն հէնց ընդդիմութեան ներկայացուցիչներից որեւէ մէկը քննադատական խօսք է հնչեցնում մեծամասնութեան հասցէին, անմիջապէս անջատում է նրա խօսափողը եւ կարգադրում անվտանգութեան աշխատակիցներին հեռացնել այդ պատգամաւորին նիստերի դահլիճից։ Իրավիճակն աւելի վատթարացնելով՝ Նիկոլ Փաշինեանը, մեկնաբանելով տեղի ունեցած ծեծկռտուքը, յայտարարեց, որ «սատարում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան ձեռնարկած քայլերին… Աթոռով կը լինի, թէ այլ բանով՝ դա համաչափ է եւ ճիշտ… Եթէ որեւէ մէկը կարծում է, թէ կարող է ձեռք բարձրացնել եւ հարւածել պատգամաւորին… ապա մենք կը կոտրենք այդ ձեռքը»։ Ընդդիմադիր պատգամաւորների ուղղութեամբ աթոռ էր նետել Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան անդամ Վահագն Ալեքսանեանը։ Թէեւ Փաշինեանը խոստացել էր կոտրել իւրաքանչյուրի ձեռքը, ով կը հարւածի պատգամաւորին, յարձակման համար որեւէ մէկին մեղադրանք չի առաջադրւել։ Բազմիցս եւ կեղծօրէն յայտարարելով, թէ նա Հայաստանին ժողովրդավարութիւն եւ խաղաղութիւն է բերել, Փաշինեանն անցեալ շաբաթ խոստովանեց, որ եթէ մինչեւ 2031 թւականը, այսինքն իր պաշտօնավարման ընթացքում խաղաղութեան պայմանագիրը չստորագրւի եւ չվաւերացւի, ապա «ես դա կը համարեմ անձնական ձախողում»։ Օրէցօր Փաշինեանն աւելի մտահոգիչ քայլեր է ձեռնարկում՝ անկայունութիւն հրահրելով երկրի ներսում։ Նա համաձայնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պահանջին՝ Հայաստանի Սահմանադրութեան նախաբանից հանելու 1990 թւականի Անկախութեան հռչակագրին կատարւած յղումը։ Ալիեւը այդ յղման հեռացումն է դարձրել Հայաստանի հետ խաղաղութեան պայմանագիր ստորագրելու նախապայման։ Անհաւատալի է, որ Հայաստանի թշնամին է թելադրում նրա Սահմանադրութեան բովանդակութիւնը, իսկ Փաշինեանը ոչ միայն համաձայնւում է դրան, այլեւ Հայաստանի Անկախութեան հռչակագիրը անւանում է «հակապետական»։ Բարեբախտաբար, նոր Սահմանադրութեան ընդունման ճանապարհին կայ մի լուրջ խոչընդոտ։ Փաշինեանի կուսակցութիւնը խորհրդարանում չունի երկու երրորդ մեծամասնութիւն, որն անհրաժեշտ է համազգային հանրաքւէ նշանակելու համար։ Ալիեւը յայտարարել է, որ առանց նման հաստատման չի ստորագրի խաղաղութեան պայմանագիրը։ Սա կարող է լուրջ հարւած լինել Փաշինեանի առանցքային քաղաքական նպատակին եւ նոյնիսկ յանգեցնել նրա քաղաքական անկմանը։ Այս երկընտրանքը յաղթահարելու նպատակով Փաշինեանը սկզբում յայտարարեց, որ ստիպւած կը լինի անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ՝ յոյս ունենալով, որ իր կուսակցութիւնը կը ստանայ անհրաժեշտ թւով ձայներ՝ խորհրդարանում երկու երրորդ մեծամասնութիւնն ապահովելու համար։ Սակայն շուտով նա հրաժարւեց այս գաղափարից՝ տեսնելով, որ իր կուսակիցները մտավախութիւն ունեն, որ նման ընտրութիւնների արդիւնքում հնարաւոր է իրենք դառնան փոքրամասնութիւն։ Փաշինեանը ստիպւած է մշակել նոր ծրագիր, որը չի պահանջի արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ։ Նա խորհրդաւոր կերպով յայտարարեց. «Ես մի առաջարկ կանեմ, որից ընդդիմութիւնը չի կարողանայ հրաժարւել»։ Հաւանաբար, նա առնւազն վեց ընդդիմադիր պատգամաւորի դէմ շինծու մեղադրանքներ կը յօրինի եւ նրանց կը սպառնայ ազատազրկմամբ։ Եթէ նրա շանտաժը յաջողւի, նա կը ստանայ անհրաժեշտ երկու երրորդ մեծամասնութիւնը։ Սակայն երկու ընդդիմադիր խմբակցութիւններն արդէն յայտարարել են, որ կը խոչընդոտեն հանրաքւէի անցկացմանը։ Յատկանշական է, որ անցեալ շաբաթ արտգործնախարար Արարատ Միրզոյեանն Ազգային ժողովի պատգամաւորներին յայտնել է, որ եթէ հանրաքւէի ընթացքում ժողովուրդը մերժի Սահմանադրութիւնը, ապա կառավարութիւնը «հրաժարական կը տայ եւ կը հեռանայ»։ Սա վերջ կը դնի թէ՛ Փաշինեանի սիրելի խաղաղութեան պայմանագրին, թէ՛ նրա վարչապետութեանը։ Մէկ այլ լուրջ խնդիր է այն, որ Փաշինեանի հրահանգով ձերբակալւել են ընդդիմութեան մի քանի հարիւր կողմնակիցներ՝ 2026 թւականի յունիսի 7-ի խորհրդարանական ընտրութիւնների ընթացքում ընտրողներին, իբր, կաշառելու մեղադրանքով։ Նրանք արդէն ամիսներ շարունակ պահւում են կալանքի տակ՝ առանց դատաքննութեան, մինչդեռ Փաշինեանը շարունակաբար նրանց ներկայացնում է որպէս կաշառատուներ։ Մինչ օրս որեւէ դատարան նրանց մեղաւոր չի ճանաչել որեւէ յանցանքի համար։ Միեւնոյն ժամանակ, Փաշինեանի կուսակցութեան օգտին քւէարկած ոչ մի անձ չի ձերբակալւել ընտրակաշառքի համար։ Հեգնական է, որ վերջերս հրապարակւած մի տեսանիւթում երեւում է, թէ ինչպէս է Փաշինեանն անձամբ ընտրակաշառք առաջարկում ընտրողներից մէկին՝ 2026 թւականի յունիսի 7-ի խորհրդարանական ընտրութիւնների քարոզարշաւի ընթացքում։ Ինչո՞ւ նա չի ձերբակալւել իր ակնյայտ անօրինական արարքի համար։ Երկրորդ իրաւական խնդիրը Փաշինեանի հրահանգով մի շարք յայտնի եւ մեծահարուստ հայերի ձերբակալութիւնն է։ Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարեանը, ինչպէս նաեւ գործարարներ Գագիկ Ծառուկեանն ու Սամուէլ Կարապետեանը ձերբակալւել են չապացուցւած մեղադրանքների հիման վրայ, բռնագրաւել են նրանց գոյքն ու բիզնեսը եւ կալանք դրել նրանց բանկային հաշիւների վրայ։ Նրանց մեղադրանք է առաջադրւել բացառապէս Փաշինեանի յայտարարոյթունների հիման վրայ։ Նրանցից ոչ մէկը դատարանի կողմից մեղաւոր չի ճանաչւել որեւէ յանցագործութեան կատարման մէջ։ Հետեւաբար նրանց գոյքի բռնագրաւումը պատշաճ ընթացակարգերի եւ օրէնքի գերակայութեան խախտում է: Վերոնշեալ երեք անձինք, ինչպէս նաեւ շատ ուրիշներ, պէտք է դիմեն Մարդու իրաւունքների եւրոպական դատարան՝ պահանջելով ազատ արձակել իրենց եւ ֆինանսական պատժամիջոցներ կիրառել Հայաստանի կառավարութեան դէմ՝ թոյլ տւած բազմաթիւ խախտումների համար։ ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ «Կալիֆորնիա կուրիէր» www.TheCaliforniaCourier.com Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Թշնամիները՝ դրսից, Փաշինեանը՝ ներսից. Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում
Comments
No comments yet — be the first to comment.
More from Alik
ԱԿՆԱՐԿ. անկարա–բաքու–թել աւիւ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԴԱՇԻՆՔԻ ՈՒՐՒԱԳԻԾԸ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԻՐԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՒԷՐՆԵՐԸ
Alik / 50 minutes ago
ارمنستان و انگلیس سند همکاری دفاعی امضا کردند
Alik / 1 hour ago
Հայ Դատը կոչ է արել մերժել Թուրքիայի թեկնածուին՝ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի պաշտօնում
Alik / 1 hour ago
Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի` Մեծարման երեկոյ նւիրւած բանաստեղծ Վարանդին
Alik / 1 hour ago
Related coverage
No related coverage from other sources yet.