ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն անդրադարձել է Կրիշտիանու Ռոնալդուի՝ Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտելու որոշմանը՝ գրառում կատարելով սոցցանցերում։ «Քիչ ֆուտբոլիստների է հաջողվել նվաճել ամբողջ աշխարհի երկրպագուների սրտերն այնպես, ինչպես դա արել է Կրիշտիանու Ռոնալդուն։ Նրա կարիերան բացառիկ տաղանդի, անհավանական համառության և հնարավորությունների սահմաններն ընդլայնելու անսասան ձգտման օրինակ է։ Կրիշտիանուն պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը գոլեր է խփել աշխարհի վեց առաջնություններում, ինչպես նաև տղամարդկանց ազգային հավաքականների պատմության լավագույն ռմբարկուն։ Նա հասել է բարձունքների, որոնք, հնարավոր է, այլևս ոչ մեկին չհաջողվի նվաճել։ Սակայն նրա գլխավոր ժառանգությունը շատ ավելին է, քան ռեկորդները, տիտղոսներն ու գոլերը։ Նա ոգեշնչել է սերունդների, միավորել միլիոնավոր երկրպագուների և հպարտությամբ ներկայացրել Պորտուգալիան աշխարհի խոշորագույն ֆուտբոլային ասպարեզներում։ Շնորհակալություն քեզ, Կրիշտիանու, ֆուտբոլի հանդեպ քո նվիրվածության, անմոռանալի պահերի և մեր սիրելի խաղում ունեցած հսկայական ավանդի համար, որը ներդրել ես՝ հպարտությամբ կրելով Պորտուգալիայի հավաքականի մարզաշապիկը։ Քո կարիերան ազգային թիմում ընդմիշտ կմնա ֆուտբոլի պատմության մի մասը»,- գրել է Ինֆանտինոն։