Թեքեյան կենտրոնի սրահում «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության «Կերպարվեստ» անվանակարգում ներկայացված ստեղծագործություններ են ցուցադրված: Հանձնաժողովը դիտել է տարբեր նկարիչների աշխատանքներն ու ընտրել հաղթող ստեղծագործությունը, որը Սուրեն Սաֆարյանի « Լռության ռիթմեր» կտավն է: Սուրեն Սաֆարյանն արժանացավ «Վահան Թեքեյան» մրցանակի: 1992 թվականից Հայաստանում անց է կացվում «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխությունը՝ խրախուսելու Հայաստանի, Արցախի, Սփյուռքի մտավորականներին, արվեստագետներին, ստեղծագործողներին: Մրցանակաբաշխությունն սկսվեց աղոթքով եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ, որը ներկաներին փոխանցեց Հայր Ասողիկը : «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունն այս տարի անց է կացվել Գրականություն, Հայագիտություն եւ Կերպարվեստ անվանակարգերում: Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Անրի Կյունին միշտ աչքի է ընկել հայ մշակույթի ու Հայաստանի նկատմամբ իր առանձնահատուկ վերաբերմունքով: « Մահ գոյություն չունի» վերնագրով վեպ է գրել Կոմիտասի մասին, որն արժանացավ «Վահան Թեքեյան» մրցանակի: Հայագիտություն անվանակարգում հանձնաժողը լավագույն աշխատանք է ճանաչել Արտակ Մաղալյանի « Արցախի մելիքությունները 17-19- րդ դարերում» աշխատությունը: «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխության կազմակերպիչներն իրենց ուշադրության կենտրոնում են պահում Հայաստան-Սփյուռք կամուրջը եւ այդ կապն ամրացնող մարդկանց ու կառույցները: Հայապահպանության, ազգային արժեքների տարածման եւ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում նշանակալի ներդրման համար Հատուկ մրցանակի արժանացավ Բոստոնում լույս տեսնող անգլիալեզու The Armenian Mirror-Spectator թերթը: Թերթի գլխավոր խմբագիրը՝ Ալին Գրիգորյանը , ներկայացրեց թերթի ստեղծման պատմությունը, որի հիմքում Սփյուռքի գաղթօջախները միմյանց կապելու, սփյուռքահայերին համախմբելու գաղափարն էր: «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունն ամեն տարի մշտադիտարկում է մտավոր, հոգեւոր, մշակութային ստեղծագործությունները, որպես գնահատանք՝ մրցանակով խրախուսում լավագույններին, որպեսզի հայանպաստ, ազգանվեր գործունեությունը դառնա վարակիչ եւ փոխանցվի հաջորդ սերունդներին: Անրի Կյունին ուսումնասիրել է ոչ միայն Կոմիտասի, այլ նաեւ Վահան Թեքեյանի կյանքն ու ստեղծագործությունը: Մրցանակաբաշխության ավարտին ցուցադրվեց «Շուշի. անհերքելի փաստեր» վավերագրական ֆիլմի 4-րդ մասը: The post «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխություն. 2025 թվականի հոգեւոր «հունձքը» appeared first on Ազգ .