Հայաստանն այս պահին նման է մի նավի, որը վատ եղանակին սլանում է փոթորկոտ ծովով ցունամիների, անձրեւի ու քամու տակ, սակայն նավի ներսում գտնվողները, երկու խմբի բաժանված, ոչ եղանակին են նայում, ոչ փոթորկին ու ցունամիներին եւ մարտնչում են իրար դեմ՝ մինչեւ… փոթորիկը նավը կխորտակի (Աստված չանի)։ Աշխարհում ամեն պահ բան է փոխվում՝ մերոնք իրենց հարայ-հրոցին։ ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներով, երբ դեմոկրատները մեծամասնություն են ստանում ոչ միայն Ներկայացուցիչների պալատում, այլեւ Սենատում, երբ հունվարից կարող է անգամ իմփիչմենթ սկսվել ԱՄՆ-ի գործող նախագահի դեմ՝ չնայած ԱՄՆ նախագահական ընտրություններին դեռ մի տարի կա, աշխարհի տաք հարցերում կարող է խաղ փոխվել։ Իրանի դեմ պատերազմից սկսած մինչեւ Թրամփի ուղի, ռուս-ուկրաինական հանգուցալուծում եւ ազդեցությունների նոր կոնֆիգուրացիա։ Տեղի ունեցած ընտրությունների ընթացքում Հայաստանում արձանագրված պատկերը այս պահին արտապատկերվել է նաեւ ԱՄՆ-ում, Իսրայելում, երբ ընտրական արդյունքով պայմանավորված՝ այս երկրների իշխանությունները միշտ ներշնչող չափերի դիմադրություն են ունենալու խորհրդարաններում կարդինալ հարցելը լուծելիս։ Թրամփի, Իրանի դեմ պատերազմի նախաձեռնող Նաթանյահուի դիրքերը թուլանում են՝ հետեւանքներով հանդերձ։ Ու ասենք՝ աշխարհի նոր քարտեզը գծող պետությունների ղեկավարները մտածելու բան ունեն՝ Թրամփի հետ պայմանավորվածությունների առումով։ Օրինակ՝ մի երկու շաբաթից սպասվող Թրամփ-Պուտին-Ծինփին հանդիպման մասին հիմա միանշանակ պնդելը կասկած է հարուցում։ Այս իմաստով՝ ԹՐԻՓՓ-ի շուրջ եւս կարող են սրբագրումներ լինել, քանի որ իր երկրի ներսում գլուխը խառը Թրամփը կարող է ժամանակ չունենալ արտաքին մի շարք խնդիրների համար, իսկ դա կապ կունենա Հայաստանի, հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի, Թրամփի ուղու Հայաստանի պլանների հետ։ Մերոնք պետք է մտածեն տարբեր սցենարների մասին, եւ դրա համար քիչ ժամանակ ունեն։ Իսկ ինչո՞վ են զբաղված մերոնք։ Ճիշտ է, գլխի ընկաք, ինչպես միշտ ընդդիմությունն ու իշխանությունն իրար են ուտում՝ առաջինն «ալիեւյան սահմանադրության» դեմ է պայքարում, երկրորդը՝ նոր Սահմանադրության նախագիծն է ուզում դնել ժողովրդի քվեին։ Ու այդ բոլորն անում են երկուստեք ինքնամոռացությամբ իրար ոչնչացնելով, այդ թվում՝ ուղիղ իմաստով միմյանց ծեծելով խորհրդարանում, վերը նկարագրած մեր նավից դուրս չնայելով։ Իշխանական կողմից քաղաքական ճնշում են խոստանում ընդդիմադիրներին, եթե Սահմանադրության նախագծին նրանց կողմից հարկավոր քվեները չապահովեն՝ Սահմանադրությունը հանրաքվեի դնելու համար (Նիկոլ Փաշինյան), ասում են՝ ընդդիմադիրները գլուխը պատով են տալիս (Սրբուհի Գալյան)։ Ընդդիմադիրները երկրի գլխավոր օրենքի նախագծին վիրավորական անվանում են կպցրել ՝ ալիեւյան եւ պայքարում են դրա դեմ, եւ անգամ ԹՐԻՓՓ-ի նախագծին կողմ լինելով՝ խորհրդարանում դեմ են քվեարկում դրա վավերացմանը, թե բա՝ առավոտյան խաղաղության պայմանագիրը-երեկոյան ԹՐԻՓՓ-ը։ Սահմանադրության մասով էլ ընդդիմադիրները գլխավոր խնդիր են տեսնում Անկախության հռչակագրին հղումը հանելու իշխանական մտադրությունը, թեեւ ընդհանուր առմամբ դեռ ոչ ոք ծանոթ չէ նոր նախագծին, դա արդարադատության նախարարությունն է գրում։ Իսկ թե ինչու է իշխանությունը հապշտապ փոխում Սահմանադրությունը, եթե դա, Արարատ Միրզոյանի ասած, ադրբեջանական կողմի՝ խաղաղության պայմանագիրը չստորագրելու նախապայմանով չի պայմանավորված, ինչո՞ւ հայկական կողմն ինքն էլ նախապայման չի ներկայացնում Ադրբեջանին առ այն, որ այդ երկրի Սահմանադրությունն իր նախաբանում թաքնված տարածքային պահանջներ ունի հարեւան պետությունների, այդ թվում Հայաստանի տարածքների 60 տոկոսի հանդեպ, քանի որ իրեն համարում է ոչ թե խորհրդային հանրապետության, այլ 1918-20 թվականների հանրապետության իրավահաջորդը, մնում է անհասկանալի։ Մյուս կողմից՝ եթե ԹՐԻՓՓ-ը գործարկվի, դա կնշանակի դեֆակտո խաղաղություն, քանի որ Ադրբեջանը քանի՞ գլուխ ունի կասկածի տակ դնելու ամերիկյան ծրագիրն ու Սյունիքի իր հին հավակնությունների հանգույն՝ ոտնձգություն անելու Սյունիքի որեւէ բնակավայրի հանդեպ, մանավանդ նախ Ադրբեջանը Նախիջեւանին կապող բազմամայա ալիեւյան երազանքն է կատարվում ավելի շուտ։ Իսկ թե քանի՞ տարի, տասնամյակ կտեւի այն ենթակառուցվածքների վերականգնումը, որոնք Հայաստանի ներքին հաղորդակցությունը կապահովեն Թրամփի ուղու հետ, այ, դա՛ է անորոշ։ Իր համար այդքան շահավետ ծրագիրն ինչո՞ւ պետք է Ադրբեջանը տորպեդահարի, որ մի հատ էլ նախապայման է դնում Հայաստանին ու խաղաղության պայմանագիր չի ստորագրում։ Իրականում Ալիեւի թաքուն ծրագրերը երբեք էլ չեն փոխվել՝ Ալահշուքյուր Փաշազադեի ՝ Հայաստանի տարածքների 60 տոկոսի հավակնությունները նկարագրող գիրքը, Ալիեւի պաշտոնական խողովակ haqqin.az-ում վերջերս Հայաստանի բազմաթիվ բնակավայրերի` «ադրբեջանական» պատմության հրապարակումների շարքն ասում են, որ Ադրբեջանի տարածքային պահանջները ոչ մի տեղ չեն կորել, ու այդ պատճառով, ինչ էլ անեք, Ադրբեջանը խաղաղության պայմանագիր չի ստորագրելու, ու ամեն ինչ կախված է լինելու Հայաստանի դե ֆակտո ուժեղ կամ թույլ դիրքերից թե՛ բանակցություններում, թե՛ ԹՐԻՓՓ-ում ինքնիշանության գործնական դրսեւորումների առումով։ Այդ դեպքում իշխանության շտապողականությունն է անհասկանալի Սահմանադրության նոր նախագիծն ընդունել տալու վերաբերյալ, այն էլ այդպիսի ներքին դիմադրության պայմաններում, եթե իրոք Սահմանադրությամբ ոչ թե ադրբեջանական պահանջն է կատարվում, այլ մեր գլխավոր օրենքը մեր ներիքին խնդիրները կարգավորելու պահանջով փոխում ենք։ Սահմանադրությունը Հայաստանի անձնագիրն է, այն պետք է մանրամասն քննարկված եւ լայն շերտերի համաձայնությունն ունենա, հետաձգե՛ք դրա քննարկման եւ խորհրդարան բերելու ժամկետները եւ զբաղվեք ԹՐԻՓՓ-ի գործարկմամբ, առ, անց սպասելու ամերիկյան շեշտադրումների փոփոխությանըմինչեւ տեսնենք ինչ է լինում։ Մանավանդ՝ այս պահին ո՛չ ընդդիմությունը, ո՛չ իշխանությունը չունեն այն քվեն, որը միանշանակ որոշումների հիմք կլիներ, ժողովրդի լայն շերտն էլ չի հասկանում Սահմանադրությունից, որ հանրաքվեի գնա։ Երբ այս հարցը ուղղեցինք Սրբուհի Գալյանին, նա հակադարձեց, թե՝ մի թերագնահատեք ժողովրդին, լայն շերտին, նրանք կկարդան Սահմանադրությունը ու լավ էլ կհասկանան, թե ինչ է պետք անել։ Իրո՞ք։ Էն խեղճուկրակ կարտոֆիլ, լոլիկ, կաղամբ աճեցնողները նստելու են Սահմանադրություն կարդա՞ն, պարզ է, որ նրանց մի մասը լսելու է իշխանությանը, մյուս մասը՝ ընդդիմությանը, իսկ այս երկուսը կատաղի հակառակ տեսակետների են։ Անընդունելի է նաեւ այն մեթոդը, թե եթե ճնշումների գործադրմամբ հանրաքվեի դնելու ընդդիմության քվեն չտրվի, արտահերթ ընտրությունները չեն բացառվում։ Ու հրահրել այնպիսի վիճակ, որ ներքին մթնոլորտը շիկանա։ Արդյունքում ընդդիմադիր մի շարք ուժեր, այդ թվում խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները հայտարարեցին, որ համախմբվում են ալիեւյան սահմանադրության պարտադրանքը մերժելու շուրջ, ինչպես նաեւ միակողմանի տարածքային զիջումներ չթույլատրելու, Հայ Առսքելական եկեղեցու եւ ժողովրդավարական ազատությունների պահպանման համար։ Ի՞նչ է, քաղաքական ուժերի մասնակցությամբ քաղաքացիական բախումներ եք ուզո՞ւմ, որին, ի դեպ, մեր կարծիքով հազիվ թե հանրության լայն շերտերը միանան, եւ իզուր Հայաստանի արտաքին քաղաքական ֆոնն է խոցելի դառնալու։ Ուրիշ բան, որ ԱՄՆ-ում դեմոկրատների հաղթանակը կարող է միանշանակ չլինել ԹՐԻՓՓ-ի համար՝ նրա գործարկումն հետաձգելու, անգամ կասկածելի դարձնելու առումով, ու այդ իմաստով իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ մտածելու բան ունեն, այդ է վկայում նաեւ մեկ օր առաջ խորհրդարանում Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ թեման քննարկելու փաստը։ Հայաստանի քաղաքական կյանքը ռուսամետ ընդդիմության եւ իր որոշումներում դեռեւս մինչեւ վերջ չկողմնորոշված իշխանության հակադրության, նրանց հավակնությունների նշանի ներքո է։ Առաջիննն առաջնորդվում է որոշումներում հին երաշխավորին ունենալու հրամայականից, երկրորդը դեռեւս խոսում է վիզաների ազատականացումից, եվրոպական ձգտումների՝ հաճախ փոփոխական նպատակադրումներից, եվրոպական հարթակներում ժողվրդավարական ռազմավարության որդեգրումից, բայց ԵՄ դիմելու՝ 2029-30 թվականի անորոշ ժամկետանշումից, միաժամանակ առաջիկա ձմեռվա գազազուրկ հեռանկարի հարցի կարգավորման ձգտումից միաժամանակ (ասել է թե՝ ռուսական ուղղությամբ կարգավորման հեռանկարից)՝ կիրառելով իրեն հասանելի միջոցներ։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանին անգամ մոտակայում կայանալիք ԵՄ ընդլայնման հարցերով գագաթնաժողովին չեն հրավիրել։ Իսկ իրականությունն այն է, որ երկրի միասնական մոտեցումների հաշվեկշռի՝ նոր Սահմանադրությամբ ամրագրելը անցած ընտրություններով ո՛չ իշխանությանն է տրվել, ո՛չ ընդդիմությանը, ու ինչ էլ անեք՝ նոր ընտրություններ, թե քաղաքացիական բախումներ, Սահմանադրության փոփոխությունը պետք է հասցեագրել ինստիտուցիոնալ ավելի լավ ժամանակի։ Եւ անգամ նոր ընտրություններ եթե լինեն այս պահին՝ էլ ավելի անմխիթարական պատկեր կարող է գծագրվել։ Իսկ մենք երկիր չունենք՝ մեր քաղաքականների կողմնորոշումների, հավակնությունների, ու դրանց հետեւանքով աշխարհաքաղաքական դիմակայության խաղալիքը դարձնելու, պետք է հաշվի նստել այն քվեի հետ , որն արձանագրվել է գտնել բախումնաբանությունից չբխող լուծումներ։ Ու դատելով մեկ օր առաջ ծավալված իրադարձություններից, երբ իշխանությունը հարայ-հրոցով Սամվել Կարապետյանի տներն ու գրասենյակներն էր խուզարկում. իսկ ընդդիմությունը, գիշերային ժողովով միասնական պայքարի մասին հայտարարում իշխանության դեմ, մերոնք ոչ ժողովրդի քվեի հետ են ուզում հաշվի նստել, ոչ միջազգային իրավիճակի ու զարգացումների, ոչ Հայաստանին ներկայացվող եւ իրենց օրակարգից դուրս վտանգների։ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք այս հղումով . https։//www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ The post Աշխարհում ամեն պահ բան է փոխվում՝ մերոնք իրենց հարայ-հրոցին appeared first on Ազգ .