Իրանական մամուլի միջոցով շրջանառված Վելայաթիի հայտարարություններն ամբողջությամբ ներկայացվում են թարգմանաբար՝ առանց մեկնաբանությունների։ 1. Որքանով ինձ հայտնի է, հայերի և իրանցիների երկարատև հարաբերությունների պատմության ընթացքում՝ ավելի քան երկու հազար տարվա համատեղ պատմության մեջ, սկսած պարթևների ժամանակներից մինչև մեր օրերը, երբևէ նման արտառոց երևույթներ չեն արձանագրվել։ 2. Երբ զբաղեցնում էի արտաքին գործերի նախարարի պաշտոնը, այցելել եմ Հայաստան։ Երևանից մեկնել եմ Էջմիածին՝ հայության հոգևոր կենտրոնը, որտեղ հանդիպել եմ հայ բարձրաստիճան հոգևորականների, եպիսկոպոսների և քահանաների հետ։ 3. Այնտեղ երկու եկեղեցի տեսա։ Դրանցից մեկը հոգևորականների և եկեղեցական գործիչների նստավայրն էր, որտեղ հանդիպեցի հայ հոգևորականների հետ։ Դրա դիմաց գտնվում էր մեկ այլ եկեղեցի, որը կառուցել էր շահ Աբբաս Մեծը (?)։ Այն շատ գեղեցիկ էր և տպավորիչ։ 4. Երբ ուսանողական տարիներին առաջին անգամ այցելեցի Սպահան, եղա Նոր Ջուղա թաղամասում և տեսա Վանք եկեղեցին, որը Սեֆյան շահ Աբբասի կողմից էր կառուցվել (?) հայերի համար։ 5. Երկու երկրների հարաբերությունների պատմությունն ուսումնասիրելիս երբևէ որևէ մութ էջ չեմ նկատել։ 6. Ռուս-իրանական երկրորդ պատերազմի հետևանքով, որն ավարտվեց Թուրքմենչայի պայմանագրի ստորագրմամբ, Հայաստանը անջատվեց Իրանից և դարձավ Ռուսաստանի մաս։ 7. Վերոնշյալ իրադարձություններից հետո Իրանը երբեք ոտնձգություն չի կատարել այդ երկրի և նրա ժողովրդի անկախության նկատմամբ։ Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունները մշտապես եղել են բարեկամական։ 8. Ես ճանաչում եմ հայկական քաղաքական կուսակցություններին ու խմբավորումներին և անձամբ հանդիպել եմ դրանց որոշ առաջնորդների հետ։ Իրանում՝ թե՛ հեղափոխությունից առաջ, թե՛ դրանից հետո, հայ համայնքը մշտապես հարգված է եղել։ Հայերն Իրանի խորհրդարանում ունեն երկու պատգամավոր։ 9. Խորհրդային Միության փլուզումից և նրա կազմում գտնվող 15 անկախ հանրապետությունների ձևավորումից հետո Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունները Խորհրդային Միության փլուզման հետևանքով առաջացած բոլոր հանրապետությունների հետ եղել են բարեկամական և բնականոն, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանցից ոմանք անբարյացակամ վերաբերմունք են դրսևորել։ 10. 2018 թվականին, այսպես կոչված, թավշյա (կամ գունավոր) հեղափոխության անվան տակ տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում Նիկոլ Փաշինյանը, հետևելով որոշ այլ հանրապետությունների, մասնավորապես՝ Ղրղզստանի և Վրաստանի օրինակին, փորձեց տապալել Հայաստանի նախկին իշխանություններին, որոնք սերտորեն համագործակցում էին Մոսկվայի հետ։ 11. Նիկոլ Փաշինյանի նոր կառավարության վնասակար քայլերից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև թշնամանքի սաստկացումն էր, որն այսօր ավելի մեծ չափերի է հասել, քան երբևէ։ 12. Սակայն վերջին շրջանում պարոն Փաշինյանն այնպիսի քայլեր է ձեռնարկել, որոնք Հայաստանի համար, բացի պառակտումից և խնդիրներ ստեղծելուց, որևէ այլ արդյունք չեն կարող ունենալ։ 13. Հայաստանի ժողովրդի շահերի դեմ ուղղված և իրականացված բոլոր բացասական քայլերը կարելի է մեկ բառով ամփոփել՝ Հայաստանն ավելի մեծ չափով ենթարկել արևմտյան՝ հատկապես Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի քաղաքականությանը։ Խոսքը լիբերալ ժողովրդավարության այն համակարգի մասին է, որի պայմաններում ո՛չ լիբերալիզմն է իսկական, ո՛չ էլ ժողովրդավարությունը։ 14. Հաշվի առնելով Փաշինյանի նախկին բարդ գործելակերպը՝ նրա այս վարքագիծը Հարավային Կովկասում թշնամանքի և լարվածության նոր էջ է բացում։ 15. Վերջին ավելի քան ութ տարիների ընթացքում նա գաղտնի և բացահայտ կապեր ու շփումներ է ունեցել իբր անվտանգությունն ապահովող, սակայն իրականում անվտանգությունը խաթարող բոլոր կողմերի հետ։ 16. Ներկայումս նրա հարաբերությունները Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի և, հավանաբար, ապագայում նաև Վրաստանի հետ անկայուն են և անկանխատեսելի։ 17. Նրա վերջին քայլը հազարադեմ մարդ համարվող Թրամփի անհիմն և չմտածված առաջարկի ընդունումն էր՝ կապված Զանգեզուրի միջանցքի անվանումը «Թրամփի ուղի» կամ TRIPP փոխելու հետ։ 18. Ես երկու առանձին հանդիպում եմ ունեցել։ Առաջինում հանդիպել եմ Թեհրան ժամանած Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի, իսկ երկրորդում՝ Թեհրանում Հայաստանի դեսպանի հետ։ Երկուսին էլ իմ տեսակետները հայտնել եմ միանգամայն բաց և հստակ։ 19. Մասնավորապես, ասել եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը տեղյակ է Ուկրաինայի հարցում Ռուսաստանի առջև ծառացած խնդիրներին։ Հետևաբար, հնարավոր է՝ Հայաստանը սխալ հաշվարկ կատարի և մտածի, թե քանի որ Ռուսաստանը զբաղված է ուկրաինական պատերազմով, Հարավային Կովկասի անվտանգությանը կարող է ավելի քիչ ուշադրություն դարձնել։ 20. Հենց այդ պատճառով էլ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել եմ, որ Իրանը՝ Ռուսաստանի հետ միասին կամ առանց նրա, իրեն պատասխանատու է համարում Հարավային Կովկասի անվտանգության պահպանման համար։ Ինչպես որ Կյուրոս Մեծի ժամանակներից ի վեր՝ մինչև մեր օրերը, Կովկասը, ընդհուպ մինչև Դերբենդը՝ Դաղստանում, եղել է Իրանի անվտանգության պաշտպանական գոտին։ 21. 2021 թվականին Թեհրանում կայացած Աստանայի գագաթնաժողովի ընթացքում, որին ես պատիվ եմ ունեցել մասնակցելու, Նորին Սրբություն, լուսահոգի Իմամ Խամենեին, առավոտյան Էրդողանի, իսկ երեկոյան՝ Պուտինի հետ հանդիպումների ժամանակ, միանգամայն հստակ հայտարարել է. «Մենք դեմ ենք Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը»։ Նահատակ իմամի ռազմավարական նշանակության հայտարարություններն արտաքին քաղաքականության և երկրի կարևորագույն հարցերի վերաբերյալ ԻԻՀ-ի կարմիր գծերն են։ 22. Վերոնշյալ երկու հանդիպումներից հետո Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը շատ հզոր զորավարժություններ անցկացրին։ Այդ ժամանակ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի նահատակված պետն այցելեց զորավարժությունների անցկացման շրջան՝ ցուցադրելու մեր ուժն ու վճռականությունը։ 23. Հայաստանի դեսպանին վերջին խոսքս միանգամայն հստակ ասել եմ․ եթե Թրամփն ու նրա դաշնակիցները փորձեն անցնել Իրանի այս կարմիր գիծը, մենք նրանց ոտքերը կջարդենք։ 24. Անցած շաբաթվա վերջին Հայաստանի խորհրդարանում հավանության արժանացավ այս միջանցքի կառուցման առաջարկը։ Ի՞նչ է նշանակում այս քայլը։ 25. Նիկոլ Փաշինյանի և նրա հետևորդների այս ապարդյուն քայլը, իրոք, ամոթալի կլինի հայ ժողովրդի համար, որն ունի պատկառելի պատմություն և քաղաքականության մեջ չափավոր ու խելամիտ մոտեցումների ավանդույթ։ Թարգմանեց՝ Վ․Վ The post Իրանական մամուլը լայնորեն տարածել է Հայաստանի վարչապետին ուղղված Իրանի նախկին արտգործնախարար, Գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալիաքբար Վելայաթիի խոսքը appeared first on Ազգ .