ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ողջունում է ընդդիմադիրների մեկնարկած համախմբման գործընթացը, երբ քաղաքական տարբեր ուժեր կարողացան մի կողմ դնել տարաձայնությունները և միավորվել գլխավոր նպատակի շուրջ։ Այդ մասին նա ասաց այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում։ՀՀԿ-ական գործիչը կոչ է անում բոլոր ուժերին խնամք ցուցաբերել գործընթացի հանդեպ, քանի որ այն հեշտ չի լինելու։ Ինչ վերաբերում է շարունակվող կալանավորումներին, Աշոտյանը դա գործող իշխանության համար բնականոն է համարում և իր աջակցությունն է հայտնում Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին։«Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգը շատ բաց է, ինքը չի էլ թաքցրել, թե ինչի է պատրաստ հանուն իր խնդիրների լուծման․․․ Նորից կրկնենք՝ իր խնդիրների, ոչ թե երկրի, ոչ թե ժողովրդի։ Ակնհայտ է, որ նա որոշակի քարտ-բլանշ և պատուհան ունի՝ ջարդելու Հայաստանում դիմադրությունը և կատարելու իր գեոպոլիտիկ տերերին տված խոստումը (նկատի ունի նոր Սահմանադրության ընդունում, գեոպոլիտիկ վեկտորի փոփոխություն)»,- նշեց Աշոտյանը։ՀՀԿ փոխնախագահը վստահ է, որ այդ պատուհանն անվերջ բաց չի լինելու և միասնության շնորհիվ հնարավոր է դիմադրել՝ այնպես անելով, որ այդ պատուհանը փակվի։