ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձգձգում է Եվրամիությանն անդամակցելու հայտի ներկայացումը, քանի որ դրան կարող են հաջորդել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելու անհրաժեշտությունն ու հանրաքվեի անցկացումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցին և Հայաստանի արտաքին քաղաքականությանը։Նշենք, որ նոյեմբերի 3-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Euronews» հեռուստաընկերության կազմակերպած «ԵՄ ընդլայնման 2026» գագաթնաժողովին։ Դրա ընթացքում Փաշինյանին մի քանի անգամ հարց է ուղղվել, թե երբ է Երևանը պատրաստվում անդամակցության պաշտոնական հայտ ներկայացնել Եվրամիությանը, բայց ՀՀ վարչապետը խուսափել է հստակ ժամկետ նշել` ասելով, թե հաջորդ տարին կամ 2028 թվականը կարող է իրատեսական լինել։ՀՀԿ փոխնախագահի գնահատմամբ՝ հայտի ներկայացումը ձգձգելու երկու հիմնական պատճառ կա։ Առաջինը, ըստ նրա, այն է, որ Փաշինյանը նախկինում ԵՄ անդամակցության հայտի ներկայացումը կապել է հանրաքվե անցկացնելու հետ։«Երկրորդ. եթե հայտը տվեց, ապա Եվրամիությունից դրական պատասխանելու համար անդամության գործընթացին, նա ստիպված պետք է դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից»,– ասաց Աշոտյանը։ՀՀԿ փոխնախագահի կարծիքով՝ իշխանությունները փորձում են առաջիկա երկու-երեք տարին օգտագործել՝ հասկանալու համար, թե արդյոք հնարավոր կլինի փոխհատուցել ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանի տնտեսության հնարավոր կորուստները։Անդրադառնալով տնտեսության դիվերսիֆիկացման վերաբերյալ իշխանությունների հայտարարություններին՝ Աշոտյանը նշեց, որ ինքնին դիվերսիֆիկացումը դրական գործընթաց է, սակայն, իր գնահատմամբ, Հայաստանի կառավարությունը դա չի իրականացնում։«Դիվերսիֆիկացիան նշանակում է ոչ թե մի զամբյուղից բոլոր ձվերը հանես, դնես մյուս զամբյուղի մեջ, այլ այդ զամբյուղներում հավասարաչափ, ռիսկերը հաշվարկված ձվեր դնես»,– մանրամասնեց նա։Աշոտյանի համոզմամբ՝ Հայաստանի արտաքին քաղաքականության ներկայիս ուղղությունը տնտեսական և աշխարհաքաղաքական ռիսկեր է պարունակում։«Մենք հրաժարվում ենք, կներեք բառիս համար, նաղդից` նիսյա խոստումների համար»,– շեշտեց ՀՀԿ փոխնախագահը։Ինչ վերաբերում է ԱՄՆ քաղաքականության հնարավոր փոփոխություններին և դրանց ազդեցությանը Հայաստանի ու տարածաշրջանի վրա` Աշոտյանը նշեց, թե սխալ է ենթադրել, որ Վաշինգտոնում իշխանության փոփոխությունն ինքնաբերաբար հանգեցնելու է Հայաստանի նկատմամբ ամերիկյան քաղաքականության կտրուկ վերանայման։Որպես օրինակ նա հիշեցրեց Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո Հայաստանի ընդդիմադիր շրջանակներում ձևավորված սպասումները, թե ԱՄՆ-ն այլևս չի աջակցի Փաշինյանին։Աշոտյանի գնահատմամբ՝ ԱՄՆ քաղաքական վերնախավում տարածաշրջանային քաղաքականության հիմնական ուղղությունների շուրջ որոշակի համաձայնություն կա, թեև առանձին հարցերում մոտեցումները կարող են տարբերվել։ՀՀԿ փոխնախագահը հորդորեց ԱՄՆ քաղաքական զարգացումների հնարավոր հետևանքները գնահատել համալիր՝ խուսափելով ինչպես անհիմն լավատեսությունից, այնպես էլ հուսահատությունից։Հիշեցնենք՝ ՌԴ-ն հայտարարել է, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։Մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը: