ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ «Միասնության թևեր» կուսակցությունը պատրաստ է միանալ ընդդիմադիր ուժերին։ Այս մասին նշված է կուսակցության տարածած հայտարարության մեջ։ Հիշեցնում են, որ կուսակցությունը բազմիցս հրապարակայնորեն հանդես է եկել համազգային նշանակության հարցերի շուրջ համախմբվելու առաջարկով։ Շեշտվում է, որ համախմբման նպատակն է համատեղ քաղաքական աշխատանքն ու համաձայնեցված գործողություններ իրականացնել՝ պաշտպանելու Հայաստանի ինքնիշխանությունն ու սահմանադրական կարգը, ամրապնդելու ազգային համերաշխությունը և հասնելու արժանապատիվ ու կայուն խաղաղության՝ առանց արտաքին պարտադրանքի և ազգային ու պետական շահերի հաշվին զիջումների։ Կուսակցությունն ընդգծում է՝ քաղաքական տարաձայնությունների չեն կարող որոշիչ լինել հայրենիքի համար ճգնաժամային վիճակում միավորվելու համար։ Այս համատեքստում է նաև դիտարկվում նոյեմբերի 4-ին Սամվել Կարապետյանի և նրա հետ առնչվող անձանց նկատմամբ իրականացված քննչական գործողությունները։ «Միասնության թևերը» խստորեն դատապարտում է պետական լծակներն ընդդիմախոսներին ճնշելու, քաղաքական այլախոհությունը սահմանափակելու և հանրային քննարկումը վախի մթնոլորտով փոխարինելու ցանկացած գործելակերպ։Կուսակցությունից նշում են՝ թեպետ նոյեմբերի 4-ի ընդդիմադիր ուժերի համատեղ հայտարարության մասին մամուլից են տեղեկացել, բայց պատրաստ են միանալ համախմբման նախաձեռնությանը, եթե այդ համագործակցությունը կառուցված լինի 3 սկզբունքի վրա՝ հստակ ընդհանուր օրակարգ, մասնակիցների իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և հանրության առջև պատասխանատվության վրա՝ բաց լինելով նաև քաղաքացիների մասնակցության համար։Հիշեցնենք՝ երեկ ուշ երեկոյան Սամվել Կարապետյանի առանձնատանը տեղի ունեցավ ընդդիմադիր ուժերի հավաք, որի արդյունքում համատեղ հայտարարություն ընդունվեց։Նշենք, որ համատեղ հայտարարությունը ստորագրել են «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք, «Հայաքվե», «Ապրելու երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն», «Միասին», «Դեմոկրատական այլընտրանք», «Նոր դարաշրջան» և «Միավորված հայեր» քաղաքական ուժերը։