ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ։ «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստի ժամանակ նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը Սարգսյանի տնային կալանքը երկարաձգեց ևս 3 ամսով։Նա անփոփոխ թողեց կիրառված գրավը 20 մլն դրամի չափով։ Մինչև տնային կալանքի ժամկետի ավարտը Սարգսյանին արգելվեց շփում ունենալ այլ անձանց հետ, իր բնակության վայրում հյուրեր ընդունել, ունենալ հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձևերից։ Հավելենք, որ Ֆարխոյանը բավարարեց մեղադրող կողմի միջնորդությունն ու վերացրեց «Սրբազան պայքարի» գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբ ժամային սահմանափակումները, իսկ վարչական հսկողությունը կիրականացվի առանց էլեկտրոնային սարքի։Հիշեցնենք`Արթուր Սարգսյանը կալանավորված էր 2025–ի հուլիսի 9-ից։ 2025 թվականի դեկտեմբերի 1-ին նրա նկատմամբ տնային կալանք էր կիրառվել, որը պարբերաբար երկարաձգվել է։Իշխանազավթման գործով անցնող Լիդյա Մանթաշյանն էլ 2025 թվականի նոյեմբերի 27-ին ազատվեց կալանքից. նրա նկատմամբ կիրառվեց համակցված խափանման միջոց՝ վարչական հսկողություն և 2 միլիոն 500 հազար դրամ գրավ։Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։