Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները կստանան ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի վերահսկողությունը՝ մեծամասնությունը խլելով հանրապետականներից։ Այս մասին վկայում է BBC-ի մեդիա գործընկեր CBS News-ի կանխատեսումը։ ԱՄՆ-ում ավարտին է մոտենում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների քվեարկությունը։ Ընտրատեղամասերի մեծ մասն արդեն փակվել է։ Նախնական տվյալներով՝ Ներկայացուցիչների պալատում մեծամասնությունը կանցնի դեմոկրատներին։ Սենատի ընտրությունների արդյունքները դեռևս հստակ չեն, սակայն այնտեղ ևս դեմոկրատները հաջողության հասնելու հնարավորություն ունեն։ CBS News-ի գնահատմամբ՝ այս արդյունքը կարող է լուրջ խոչընդոտներ ստեղծել նախագահ Դոնալդ Թրամփի օրենսդրական օրակարգի իրականացման համար, ինչպես նաև ճանապարհ բացել Սպիտակ տանը նրա պաշտոնավարման առաջիկա երկու տարիներին վարչակազմի և բիզնես նախագծերի վերաբերյալ մի շարք հետաքննությունների համար։ Դեմոկրատների վերջնական առավելության չափը դեռևս հայտնի չէ, քանի որ մի շարք մրցակցային ընտրատարածքներում ձայների հաշվարկը շարունակվում է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով ընտրությունների նախնական արդյունքները, Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ իր անունը քվեաթերթիկներում չի եղել՝ հավելելով. «Եթե ես մասնակցեի ընտրություններին, մենք համոզիչ հաղթանակ կտանեինք»։ –00—ՍՊ The post ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում մեծամասնությունը կարող է անցնել դեմոկրատներին appeared first on 24News .