ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի հոկտեմբերի 29-ին Երևանում մասնակցել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պանելային քննարկմանը։ Գլխավոր դատախազը ներկայացրել է բնապահպանական արդարադատության ապահովման ուղղությամբ ՀՀ դատախազության փորձը, անդրադարձել ապօրինի օտարված բնապահպանական հողերի վերադարձին, օրենսդրական բացերի վերացմանը և վայրի բնության պաշտպանությանը։ Ինչու է դա կարևոր. «Բնության հատուկ պահպանվող, այդ թվում՝ կանաչ տարածքները, չեն կարող հանդիսանալ մասնավոր սեփականություն, դրանք Հայաստանի ներկա ու ապագա սերունդներինն են»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը։ Դատախազական ներգործության արդյունքում պետությանն ու համայնքներին են վերադարձվել հարյուրավոր միլիոն դոլարների գնահատվող բնապահպանական հողատարածքներ, իսկ Հայաստանի դատախազությունը դիտորդի կարգավիճակով միացել է Շրջակա միջավայրի դատախազների եվրոպական ցանցին (ENPE)։ Պետությանն ու համայնքներին վերադարձված հողատարածքները. Երևան (Հեռուստաաշտարակի տարածք). Վերականգնվել է պետության սեփականության իրավունքը 7.5 հեկտար մակերեսով 6 հողամասերի նկատմամբ (արժեքը՝ առնվազն $9.215 մլն)։ «Դիլիջան ազգային պարկ». Համայնքին է վերադարձվել 67 հեկտար բնապահպանական հողատարածք (արժեքը՝ առնվազն $12.436 մլն)։ Արարատ և Վայոց ձոր. Վերադարձվել է շուրջ 5330 հեկտար բնապահպանական նշանակության հող (արժեքը՝ առնվազն $167.347 մլն)։ Սևանա լճի ափամերձ գոտի. 2025թ. դեկտեմբերից մաքրվել է 12 հեկտար ռեկրեացիոն տարածք, պետությանն ու «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին է վերադարձվել 41 հողատարածք (արժեքը՝ առնվազն $1.696 մլն)։ Օրենսդրական նախաձեռնություններ և վայրի բնության պաշտպանություն. Դեբեդի աղետի դասերը. 2024թ. մայիսի ջրհեղեղից հետո Դատախազությունն ուսումնասիրել էր Դեբեդ և Աղստև գետերի ափամերձ տարածքները և Կառավարությանը ներկայացրել առաջարկներ՝ ջրավազանային կառավարման պլանն ու ջրային ֆոնդի հողերի ցանկը հաստատելու համար։ Ազգային պարկերի պաշտպանություն. Ներկայացվել են առաջարկներ՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում հողերի ոչ նպատակային օգտագործումը կանխելու համար։ «Կարմիր գրքում» գրանցված արջերի փրկությունը. Դատախազական ներգործությամբ 2025թ. մարտի 19-ին Երևանի բազմաբնակարան շենքի բակում ապօրինի պահվող 3 գորշ արջերը տեղափոխվել են Ուրցաձորի հատուկ կենտրոն՝ պատշաճ խնամքի։