Քաղաքագետ Սերգեյ Ստանկևիչը Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությունից հնարավոր դուրս գալու հետևանքները, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը միության երկրների հետ Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունների վերաբերյալ զեկույցին։ Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանում գործող գները մեծապես պայմանավորված են ԵԱՏՄ երկրների հետ առևտրով և միությանն անդամակցելու տնտեսական առավելություններով։ Ստանկևիչը կարծում է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը կկորցնի այդ առավելությունները, և գները կդառնան շուկայական։ «Հայաստանը, փառք Աստծո, դուրս չի գալիս ԵԱՏՄ-ից։ Եվ կարծում եմ՝ Հայաստանի քաղաքացիներն ու ընտրողները պարզապես չէին ների Նիկոլ Փաշինյանին նման քայլի համար։ Այն զեկույցում, որից նա այդքան կտրուկ վիրավորվել է, ընդամենը արձանագրվում է հետևյալը․ Հայաստանում ներկայիս գները, որոնք հիմնված են ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառության վրա, փաստացի սուբսիդավորվում են, այսինքն՝ արտոնյալ գներ են։ Եվ եթե Հայաստանը դուրս գա այդ ակումբից, կկորցնի նաև անդամակցության արտոնությունները, իսկ գները պարզապես կդառնան շուկայական։ Ոչ ոք չի պատրաստվում Հայաստանի դեմ պատժամիջոցներ հայտարարել կամ Թրամփի ոճով՝ 500 տոկոսի չափով մաքսատուրքեր սահմանել դեպի Հայաստան վաճառքների կամ Հայաստանից գնումների համար։ Նման բան չկա, որևէ սահմանափակող միջոցներով շանտաժ նույնպես չկա։ Պարզապես, քանի դեռ ակումբի անդամ ես, օգտվում ես դրա արտոնություններից։ Եթե դուրս ես գալիս, կորցնում ես այդ արտոնությունները։ Ահա և վերջ։ Զեկույցը պարզապես հիշեցրել է այդ մասին՝ թվերով և փաստերով»,- ասել է Ստանկևիչը։ Նրա կարծիքով՝ ներկայիս քննարկումները չեն հանգեցնի Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալուն, և Ռուսաստանն ու Հայաստանը կշարունակեն մնալ հարաբերությունների գործող շրջանակում։ «Այն հանգամանքը, որ Փաշինյանը պարզապես թվաբանությունը մեկնաբանել է որպես Հայաստանի ապակայունացում, ցույց է տալիս, որ նրա փաստարկները, մեղմ ասած, բավականին թույլ են։ Որովհետև եթե թվաբանությունն ապակայունացում է, ապա էլ ո՞ւր ենք հասնելու։ Կարծում եմ՝ ամեն ինչ կավարտվի հերթական հռետորական փոթորկով, և բոլորը կմնան իրենց տեղերում․ և՛ Ռուսաստանը, և՛ ԵԱՏՄ-ն, և՛ Հայաստանը կմնա այդ միության կազմում, իսկ Փաշինյանը դեռ կշարունակի ղեկավարել Հայաստանի կառավարությունը։ Միևնույն ժամանակ նա կշարունակի ելք փնտրել այն լուրջ աշխարհաքաղաքական փակուղուց, որի մեջ առայժմ ինքն է իրեն գցում»,- եզրափակել է Ստանկևիչը։ The post ԵԱՏՄ-ի շուրջ վեճն ավարտվելու է հռետորական փոթորկով․ Սերգեյ Ստանկևիչ appeared first on Alphanews .