Հոկտեմբերի 27-ին՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ամփոփիչ ելույթով հանդես է եկել «Լեռների և դրանց հետ կապված քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի վերաբերյալ գլոբալ երկխոսություն» խորագրով բարձր մակարդակի միջոցառմանը։ Միջոցառման ընթացքում պաշտոնապես ազդարարվել է ՀՀ ուղենշային «Լեռների և դրանց հետ կապված քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանյան հարթակ» նախաձեռնության մասին` մշակված Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության, ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի հետ համագործակցությամբ: ԱԳՄԱ նախարարի տեղակալն իր ելույթում ընդգծել է լեռների և դրանց հետ կապված քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի կենսական նշանակությունը կենսաբազմազանության պահպանության, ջրային անվտանգության, համայնքների բարեկեցության և կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության ամրապնդման գործում։ Նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանի՝ որպես լեռնային երկրի համար էկոհամակարգերի պահպանության և կայուն կառավարման առանձնահատուկ կարևորությունը՝ նշելով, որ դրանք երկրի բնական ժառանգության, ազգային ինքնության և կայուն զարգացման անբաժանելի մասն են կազմում։ Նախաձեռնության իրականացման համատեքստում Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է կենսաբազմազանության պահպանության, կլիմայի փոփոխության հարմարվողականության և ջրային ռեսուրսների կառավարման ուղղություններով համադրված քաղաքականության, միջազգային համագործակցության, տեխնիկական կարողությունների զարգացման և ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացման անհրաժեշտությունը։ Նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանի նպատակաուղղվածությունը՝ նախաձեռնությունը դարձնելու COP17-ի երկարաժամկետ և նշանակալի ժառանգություններից մեկը՝ այդ ուղղությամբ կարևորելով պետությունների, միջազգային կազմակերպությունների, գիտական կառույցների, տեղական համայնքների, քաղաքացիական հասարակության և երիտասարդների հետ հետևողական համագործակցությունը։ Տեղեկանք. ՀՀ նախագահության ուղենշային նախաձեռնության «Երևանյան հարթակը» միտված է ապահովելու շարունակական քաղաքական երկխոսություն, ամրապնդելու միջազգային գործընկերությունը և խթանելու Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացումը՝ հատուկ ուշադրություն դարձնելով լեռների և դրանց հետ կապված քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի պահպանությանն ու վերականգնմանը։