ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik․ Միջազգային պրակտիկայում ընդունված է, որ երբ երկրի ղեկավարը արարողակարգային սխալ է թույլ տալիս, որևէ մեկն ազատվում է աշխատանքից` ցույց տալու համար, որ տեղի ունեցածը քաղաքական դիտավորություն չէ, բայց ամենաճիշտ տարբերակը տեղում ելույթն ընդհատելն է, հյուրից ներողություն խնդրելն ու սխալը ուղղելը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ Կաժոյանը` մեկնաբանելով Երևանում ունեցած արարողակարգային սխալը։COP-17-ի շրջանակում պաշտոնական միջոցառման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին ներկայացրեց որպես Ղազախստանի նախագահ։ Օրեր անց պաշտոնից ազատվեց պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը։ Թեև պաշտոնական պարզաբանում չեղավ, թե ինչու է Վանոյանն ազատվել աշխատանքից, այդուհանդերձ, մամուլը նրա պաշտոնանկությունը կապեց հենց վարչապետի հիշյալ վրիպակի հետ։Կաժոյանի խոսքով` շատ տարօրինակ է Ղրղզստանի նախագահին ներկայացնել որպես Ղազախստանի նախագահ, երբ տվյալ պաշտոնյան անձամբ կանգնած է դիմացդ, Ղրղզստանի դրոշները շուրջը տեղադրված են, իսկ Ղազախստանի նախագահն այդ պահին այդտեղ չէ, երկրի դրոշն էլ չկա։ Ըստ նրա` նման դեպքերում նախ պետք է հասկանալ` արդյոք վարչապետին տրված տեքստում է սխալ գրված եղել, թե ոչ։ Եթե անգամ տեքստում սխալ է, դա ոչ թե արարողակարգի ծառայության, այլ տեքստը գրող աշխատակցի մեղավորությունն է։Նման սխալներ` միտումնավոր, թե պատահական, ըստ Կաժոյանի, միջազգային պրակտիկայում նախկինում էլ եղել են և այսօր էլ լինում են։ Նման դեպքեր եղել են նաև մեր երկրում։«Օրինակ` 2021 թվականին Նիկոլ Փաշինյանը, խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին, նրան անվանեց «Ֆրանսիայի նախագահ»։ Իսկ վերջին շրջանի ամենաարտառոց դեպքը Թրամփի կողմից մեր երկրի և հարևան երկրի անունների աղավաղումն էր` «Աբերբայջանն» ու «Ալբանիան», որի արդյունքում որևէ մեկն աշխատանքից չի ազատվել»,– ասաց մեր զրուցակիցը։Ինչ վերաբերում է միտումնավոր դեպքերին, Կաժոյանն ընդգծեց` դա իր մեջ հատուկ ուղերձ է պարունակում և վկայում է երկրների միջև լարվածության մասին։ Հատկապես մտահոգիչ է, երբ նման ակնարկն արվում է բարեկամ համարվող երկրի նկատմամբ։Միևնույն ժամանակ նա չբացառեց, որ ներքին կարգով կամ պաշտոնական, դիվանագիտական խողովակներով ղրղզական կողմին համապատասխան գրավոր բացատրություններ փոխանցվել են։Փաշինյանի հերթական «տրյուկն» է. ՀԴԿ–ն` ԵԱՏՄ–ի և ՀՀ Սահմանադրության հանրաքվեի մասինԿաժոյանն անդրադարձավ աշխարհում տեղի ունեցած նմանատիպ դեպքերին` օրինակ բերելով ԱՄՆ –ն։ Նա հիշեցրեց, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշն Ավստրալիայում, շնորհակալություն հայտնելով հյուրընկալ պետությանը իր զորքերը խաղաղապահ գործողության մեջ ընդգրկելու համար, ասել է. «Շնորհակալություն եմ հայտնում Ավստրիայի զինված ուժերին»։Կաժոյանը շեշտեց, որ ԱՄՆ–ում ավելի հաճախ խառնում են հետևյալ 3 զույգ երկրները` Իրան–Իրաք, Ավստրիա–Ավստրալիա, Սլովակիա–Սլովենիա։Հիշեցնենք` պաշտոնից ազատված Գագիկ Վանոյանի տեղն առայժմ թափուր է։ Կառավարությունը բաց մրցույթ է հայտարարել ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համար։