COP17-ի նախագահ, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը բացման խոսքով հանդես է եկել Կենսաբազմազանության ազգային ռազմավարությունների և գործողությունների ծրագրերի իրականացման արագացմանը նվիրված նախարարական երկխոսությանը։ Այս մասին հայտնում են ՇՄ նախարարությունից: «Ազգային նպատակների իրագործման համար անհրաժեշտ է ապահովել համապատասխան ռեսուրսներ, մասնագիտական աջակցություն և ինստիտուցիոնալ կարողություններ՝ միջազգային համագործակցությունը համապատասխանեցնելով երկրների առաջնահերթություններին»,- նշել է Համբարձում Մաթևոսյանը։ Հայաստանը Նորվեգիայի հետ ստանձնում է NBSAP-ի իրականացման արագացման գործընկերության համանախագահությունը՝ շարունակելով Կոլումբիայի և Գերմանիայի կատարած աշխատանքը։ «Մեր համատեղ ջանքերը պետք է ուղղված լինեն ստանձնած հանձնառությունները կենսաբազմազանության պահպանության շոշափելի արդյունքների վերածելուն»,- հավելել է նախարարը։