ՀՀ արտաքին առևտրի դիվերսիֆիկացմանն ուղղված աշխատանքների շրջանակում և Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանության ջանքերով համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳՄԱ նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Հիշեցնենք, որ Օմանում ՀՀ դեսպանության պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2026թ. մարտին. մինչ դեսպանության հիմնումը երկու երկրների միջև եղել են ապրանքաշրջանառության շատ փոքր ցուցանիշներ: Համագործակցության արդյունքում 2026թ. ընթացքում, հատկապես հուլիս-սեպտեմբեր ամիսներին, Հայաստանից Օման են արտահանվել ծիրան, կեռաս, դեղձ, նեկտարին և ելակ։ Այսպիսով, առաջին անգամ հայաստանյան գյուղատնտեսական արտադրանքը մուտք է գործել օմանական շուկա` թեկուզև փոքր փորձնական խմբաքանակներով։ Հայաստանից ներկրված մրգերը վաճառվել են Օմանի խոշորագույն` Lulu հիպերմարկետների ցանցում, ինչպես նաև KV Group ընկերությունների խմբի մաս կազմող Սուհոլ Ալ-Ֆայհա սուպերմարկետների ցանցում։ Վերջինիս կողմից սոցիալական հարթակներում արված հրապարակումներում Հայաստանից արտահանված միրգը ներկայացվում է որպես բարձր որակական և համային հատկանիշներ ունեցող արտադրանք: Նշյալ ընկերությունների կողմից հետաքրքրություն է ցուցաբերվում նաև հայկական այլ արտադրանքի նկատմամբ, առաջիկայում նախատեսված են քննարկումներ: Զուգահեռ նաև աշխատանքներ են տարվում ծավալների մեծացման, ապրանատեսակների ավելացման և երկարաժամկետ համագործակցության ձևավորման ուղղությամբ: Այս ուղղությամբ արդեն իսկ առկա են առաջին արդյունքները. հայաստանյան Funfrut և RockBerry ընկերությունները KV Group ընկերությունների խմբի հետ ստորագրել են հայաստանյան մրգերի և հատապտուղների էլ ավելի մեծ խմբաքանակների մատակարարման պայմանագրեր։ Նախատեսվում է նաև ավելացնել մրգերի տեսականին` ներմուծելով ՀՀ-ում արտադրված խաղող, խնձոր և այլն։ Հիշեցնենք նաև, որ KV Group ընկերությունների խմբի ղեկավար պատվիրակությունը ՀՀ դեսպանության ջանքերով արդեն երկու անգամ այցելել է Հայաստան` 2026թ. հուլիսին և հոկտեմբերին։ Այցերի ընթացքում տեղի են ունեցել երկկողմ հանդիպումներ ՀՀ պետական գերատեսչությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ, իսկ երկրորդ այցի ընթացքում պատվիրակությունը մասնակցել է Երևանում կայացած Միջազգային առևտրի և ներդրումների համաժողովին։ Համաժողովին մասնակցել են նաև Օմանի գյուղատնտեսության, ձկնաբուծության և ջրային ռեսուրսների նախարարության պատվիրակությունը, ինչպես նաև մասնավոր ընկերությունների խումբ: Սա վկայում է Հայաստանի արտադրանքի նկատմամբ օմանական ընկերությունների աճող հետաքրքրության մասին: Ակտիվ աշխատանքներ են տարվում Հայաստանից Օման արտահանվող ապրանքատեսակների ցանկի ընդլայնման ուղղությամբ: Նշենք, որ Օմանի հետ արտահանման ակտիվացող դինամիկան զուգորդվում է նաև ԱՄԷ արտահանման ընդլայնման միտումներով,- գրել է նա։