Հրազդանի 26/33 ընտրատեղամասում ոստիկանը մտել էր քվեասենյակ՝ թեև նրան որևէ մեկը ներս չէր հրավիրել։ Հարցրինք՝ արդյոք եկել է ընտրելու, ասաց՝ ոչ։ Տեսնելով որ իրեն նկարում ենք՝ ձեռքով փակեց տեսախցիկը՝ փորձելով խոչընդոտել լրագրողի աշխատանքը։ Ոստիկանը չներկայացավ և բարձրացավ իր սենյակ։ Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Լուսինե Խաչատրյանը կատարվածի մեջ որևէ խնդիր չտեսավ։ Ավելին, նա նշեց, որ անհրաժեշտություն չկա ամեն ինչ արձանագրելու։ Ըստ նրա՝ ոստիկանը ներսում չի եղել, ընդամենը կանգնած է եղել դռան մոտ, որպեսզի ընտրախախտումներ չլինեն։ Կատարվածն արձանագրելուց հետո Լուսինե Խաչատրյանը շարունակում էր քննարկել իրավիճակը հանձնաժողովի անդամների հետ՝ շեշտելով, որ ամեն ինչից թեմա դարձնել չի կարելի։ Գուցե իմ էստեղ կանգնե՞լն էլ է արդեն խնդիր,- ասաց նա։ ՀՀ ընտրական օրենսգրքի 65-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ քվեարկության սենյակում, բացի ընտրական հանձնաժողովի անդամներից, վստահված անձանցից, դիտորդներից, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներից, տեխնիկական սարքավորում սպասարկող անձանցից և ընտրողներից, կարող են գտնվել միայն այն անձինք, որոնց ներկայությունն անհրաժեշտ է ընտրական գործընթացի բնականոն իրականացման համար, կամ որոնք հրավիրվել են ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից։ Ոստիկանը քվեասենյակում կարող էր գտնվել միայն օրենքով նախատեսված հիմքով կամ հանձնաժողովի նախագահի հրավերով։ Այս դեպքում նշված հիմքերից որևէ մեկը առկա չէր։