Երևանում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստի շրջանակում ստորագրվել է ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարությունների համագործակցության մասին համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է Արդարադատության նախարարությունը։ Փաստաթուղթը նախատեսում է համագործակցության զարգացում հետևյալ հիմնական ուղղություններով՝ արդարադատության ոլորտում պետական քաղաքականության իրականացում և իրավունքների պաշտպանություն, օրենսդրության կատարելագործում և իրավական ակտերի փոխանակում, թվայնացում և տեղեկատվական համակարգերի զարգացում, իրավական օգնություն և հանրային իրազեկվածության բարձրացում, մասնագիտական կարողությունների զարգացում և փորձի փոխանակում, միջազգային իրավական համագործակցության ամրապնդում։ Համաձայնագիրը գործնական հիմք է ստեղծում մասնագիտական փորձի փոխանակման, համատեղ նախաձեռնությունների իրականացման և արդարադատության ոլորտում արդյունավետ լուծումների մշակման համար,- նշվում է հաղորդագրությունում։