Թռիչքից առաջ փոքրիկ ինքնաթիռի խցիկում օդաչուի եւ ավիադիսպետչերի ձայներն են լսվում, ստուգում են ռադիոկապը։ Շարժիչը միացնելուց հետո օդաչու Արթուր Սահակյանը կրկին համոզվում է՝ իրեն լսո՞ւմ են, կապի մյուս կողմից հնչում է պատասխանը։ Ապա ստուգում են՝ արդյոք ձայնը հասնում է նաեւ մեզ՝ ուղեւորներիս։ Լուսանկարը` Մեդիամաքս Անհրաժեշտ ստուգումներից հետո ինքնաթիռը սկսում է շարժվել եւ անիվները կտրվում են գետնից: Ազատի ջրամբարը, Երանոսի լեռներն ու ձորերը կենդանացած քարտեզի պես բացվում են ներքեւում: Վերեւից ամեն ինչ մի փոքր այլ տեսք ունի։ Ճանապարհներն ավելի նեղ ու երկար են, լեռները՝ ավելի ամբողջական: Եվ հաճախ այն, ինչ գետնից մեծ ու կարեւոր է թվում, բնապատկերի փոքրիկ մասնիկ է դառնում։ Լուսանկարը` Մեդիամաքս Արթուր Սահակյանի համար երկինքը ոչ միայն գեղեցիկ տեսարան է, այլեւ եղանակ, տեխնիկա, հաշվարկ ու պատասխանատվություն, իսկ ավիացիան՝ ընտանեկան պատմություն, որը շարունակվում է Ազատի ջրամբարի հարեւանությամբ՝ որդու հետ ստեղծած Azat Airfield-ում։ Փոքր մասնավոր օդակայանը դարձել է մի վայր, որտեղ մարդիկ գալիս են ոչ միայն թռչելու իրենց երազանքներին ընդառաջ, այլ երբեմն կյանքի ամենակարեւոր պահերը բոլորովին այլ բարձրությունից ապրելու համար։ Արթուր ՍահակյանըԼուսանկարը` Մեդիամաքս Օդանավակայանը, օդաչուներն ու նրանց խոսակցությունները Արթուրի մանկության բնական միջավայր են եղել: Ինչպես բոլոր նորմալ մարդիկ, ծնվել եմ ծննդատանը (ծիծաղում է,- հեղ.), բայց մեծացել եմ օդանավակայանում: Մայրս օդերեւութաբան էր, հայրս՝ օդանավակայանի ղեկավար: Փոքր երեխա էի, վերցնում, տանում էին իրենց հետ աշխատանքի: Այդպիսի միջավայրում եմ մեծացել: Դուրս գալիս էր այդ ամենը՝ ինչի մասին են խոսում օդաչուները, ինչպիսին է իրենց մոտեցումը կյանքին: Դա ինձ համար ավելի ճիշտ էր, քան այն ամենն, ինչը դրանից դուրս էր,- ասում է նա: Կյանքին օդաչուների մոտեցմանը նա այսպիսի բնութագրում է տալիս. Ինչպես ռուսական հայտնի հեքիաթում է ասվում высоко сижу, далеко гляжу: Մարդիկ սկսում են խոսել այն ամենի մասին, ինչը գետնի վրա կարող է նույնիսկ չնկատեն: Հասկանում են, թե օդաչուներն ինչպիսի մարդիկ են, որոնց պետությունը վստահել է տեխնիկա, որը, օրինակ, 400 մարդ է բարձրացնում 10-12 կմ բարձրության վրա եւ մի կետից մյուսն է տանում: Լուսանկարը` Մեդիամաքս Արթուր Սահակյանը ծնվել է Արցախում: Դպրոցն ավարտել է Ստեփանակերտում, հետո ընդունվել Սարատովի մարզի Կրասնոկուտսկի քաղաքացիական ավիացիայի թռիչքային ուսումնարան: Արդեն սովորելու ընթացքում սկսել է մտածել՝ որտեղ աշխատել. Պարզվեց՝ Հայաստանում գործ չկա: Սկսեցին տարբեր տեղեր դիտարկել՝ Կրասնոդարի մարզը, Ղազախստանը, խոսակցություններ կար նաեւ Պեվեկի մասին (Ռուսաստանի ամենահյուսիսային քաղաքը- հեղ.): Ինձ ասացին՝ գնանք այնտեղ աշխատելու, հարցրի՝ քարտեզի վրա տեսել ես՝ որտե՞ղ է այդ քաղաքը, այնտեղ սպիտակ արջերն են շրջում, պատասխանեց՝ փոխարենը մարդիկ այնտեղ աշխատանք ունեն: Ասացի չէ՝ ես ուզում եմ այնտեղ, որտեղ տաք է, չեմ սիրում ձմեռը: Ի վերջո ընտրեցի Ուզբեկստանը: Այնտեղ ապրեցի եւ աշխատեցի 9 տարի: Այդ ժամանակ ամբողջ Խորհրդային միությունով թռիչքներ էինք իրականացնում: Լուսանկարը` Մեդիամաքս Արթուրն աշխատել է նաեւ Աֆրիկայի տարբեր երկրներում. 1999 թվականին գնացի Աֆրիկա եւ 9 ամիս մնացի: Աֆրիկային 15 երկրում եմ եղել՝ այդ թվում՝ Կոնգո, Տանզանիա, Գաբո, Քենիա, Կամերուն, Սուդան: Նրա համար յուրաքանչյուր թռիչք նախ եւ առաջ աշխատանք է: Ասում է՝ սկզբում ամեն ինչ շատ ռոմանտիկ է թվում, բայց երբ սկսում ես այս գործով զբաղվել, զգում ես, որ հույզերը պետք է մի կողմ դնել. Երբ ինքնաթիռի դռները փակվում են՝ Աստված, թագավոր, դատավոր, փաստաբան, բոլորը մեկ մարդ է դառնում՝ օդանավի հրամանատարը: Ամեն ինչ կախված է նրանից, նա է պատասխանատու ինքնաթիռում գտնվող յուրաքանչյուր մարդու համար՝ մինչեւ վայրէջքն ու դռների բացվելը: Արթուր ՍահակյանըԼուսանկարը` Մեդիամաքս Արթուր Սահակյանի համար ոչ մի թռիչք մեկը մյուսին նման չէ: Եղել են նաեւ արտակարգ դեպքեր: Աֆրիկայում բեռնատար ինքնաթիռով թռիչքի ժամանակ կայծակի հարվածից ինքնաթիռի 4 շարժիչներից 3-ը խափանվել են եւ ստիպված ջունգլիներում վայրէջք են կատարել. Օդաչուն ասում է՝ նման իրավիճակներում, երբ օդաչուական խցիկում ես, ամբողջությամբ կենտրոնանում ես աշխատանքի, գիտելիքներիդ ու ճիշտ որոշումներ կայացնելու վրա. Այդ պահին մտածելու ժամանակ չկա, պարզապես անում ես այն, ինչ պետք է անես։ Բայց երբ արդեն գետնին ես ու հետադարձ հայացք ես նետում կատարվածին, սկսում ես զգալ, որ կարծես ինչ-որ մեկն օգնել է քեզ, ինչ-որ բան այնպես է դասավորվել, որ ամեն ինչ բարեհաջող ավարտվի։ Աֆրիկայում մեր վայրէջքի ժամանակ էլ հենց այդպես եղավ. մառախուղն այնպես ցրվեց, որ կարողացանք վայրկյանների ընթացքում վայրէջք կատարել, իսկ հենց իջանք, այն կրկին պատեց ամեն ինչ։ Լուսանկարը` Մեդիամաքս Արթուրի խոսքով՝ օդաչուի համար ամենակարեւոր հատկանիշներից մեկը սառնասրտությունն է։ Դժվար իրավիճակներում խուճապի չմատնվելը, սեփական գիտելիքներին վստահելն ու ճիշտ որոշումներ կայացնելը, նրա համոզմամբ, մասնագիտության անբաժանելի մասն են։ Ամենամեծ խնդիրը խուճապն է։ Երբ մարդը սկսում է խուճապի մատնվել, ամեն ինչ փոխվում է: Նա դադարում է նկատել, զգալ։ Իսկ դրա դեմ լավագույն միջոցը գրագետ լինելն է: Դրան էլ են պատրաստում օդաչուներին, բայց իրենք էլ պետք է աշխատեն իրենց վրա՝ կարդան, մարզեն կամքի ուժը, սովորեն հանգիստ մնալ։ Իսկ հանգիստ ես լինում այն ժամանակ, երբ գիտես՝ ինչ ես անում։ Լուսանկարը` Մեդիամաքս Երբ հարցնում եմ՝ երբեւէ մտածե՞լ է՝ ինչով կզբաղվեր, եթե օդաչու չդառնար, Արթուրը ժպտում է. Երկու օր աշխատել եմ կոշիկի արտադրամասում՝ շոկի մեջ էի։ Ամբողջ գիտակից կյանքումս պատրաստվել էի նրան, որ օդաչու եմ լինելու, ու հանկարծ ստացվում է այնպես, որ գնում եմ աշխատելու կոշիկի ֆաբրիկայում։ Ավիացիոն ուսումնարան ընդունվելուս մասին նամակը շատ երկար էր գալիս։ Հետո եղբայրս զանգեց, ասաց՝ ի՞նչ ես այդտեղ նստել, ընդունվել ես ուսումնարան։ Արթուր ՍահակյանըԼուսանկարը` Մեդիամաքս Ավիացիան Արթուրի ընտանիքում սերնդեսերունդ փոխանցվող պատմություն է։ Օդաչու է եղել ոչ միայն հայրը, այլեւ մեծ եղբայրը, նրա որդին, իսկ հետագայում թռչելու ցանկություն են ունեցել նաեւ նրա երեխաները։ Տղաս եւ աղջիկս մասնագիտությամբ բժիշկներ են, նրանք եւս օդաչուի լիցենզիա են ստացել եւ ազատ ժամանակ մասնավոր թռիչքներ են իրականացնում։ Նրանց սովորաբար ասում են летчик выходного дня՝ ազատ ժամանակ գալիս, թռչում են։ Միջազգային պրակտիկայում նման բան կա։ Բայց դրա համար գումար է պետք, եւ հիմնականում այդ հնարավորությունն ունեն բարձր վարձատրվող մասնագետները՝ բժիշկները, օդաչուներն ու փաստաբանները։ Իհարկե, միայն գումարը բավարար չէ, պետք է նաեւ լավ մասնագետ լինել։ Արթուր ՍահակյանըԼուսանկարը` Մեդիամաքս Արթուրը կարեւորում է նաեւ թռիչքային անձնակազմի ճիշտ ձեւավորումը։ Նրա խոսքով՝ ընտանիքի անդամների միասին աշխատելը կարող է որոշ իրավիճակներում դժվարացնել անհրաժեշտ հրամանների կատարումը, քանի որ մասնագիտական պարտականությունները երբեմն պահանջում են որոշումներ ընդունել՝ անկախ անձնական հարաբերություններից։ Պետք չէ խցիկում միասին վերցնել երկու եղբոր կամ հոր ու որդու, որովհետեւ լինում են իրավիճակներ, երբ պետք է հրամայես ինչ-որ բան անել, իսկ այդ պարագայում կարող ես հրամայել, բայց նա հնարավոր է՝ չանի։ Դրա համար Խորհրդային Միությունում արգելված էր նրանց միասին վերցնել։ Իմ պրակտիկայում դեպքեր են եղել, երբ բորտուղեկցորդ ամուսիններ են եղել։ Թռիչքի ժամանակ հարցրեցի՝ ինչո՞ւ եք միասին թռչում։ Ասացին՝ մեզ հարմար է միասին աշխատանքի գալ։ Ասում եմ՝ եթե հանկարծ ինքնաթիռն ընկնի, երեխաներն ո՞ւմ հետ են մնալու։ Մի քանի օր հետո թռիչքի ժամանակ տեսնում եմ՝ ամուսինն արդեն մենակ է օդանավում։ Հարցնում եմ՝ իսկ ո՞ւր է կինդ։ Ասում է՝ գիտե՞ք, գնացինք, խնդրեցինք, որ թռիչքները առանձին լինեն։ Իսկ մինչ այդ իրենք էին խնդրում, որ միասին թռչեն։ Լուսանկարը` Մեդիամաքս Azat Airfield-ի պատմությունը նույնպես սկիզբ է առել ընտանիքից։ Երբ Արթուրի երեխաները փոքր էին, հաճախ էին ասում, որ ուզում են թռչել սովորել։ Հայրը նրանց խորհուրդ էր տալիս նախ լավ մասնագետ դառնալ, գումար վաստակել, ապա ինքնաթիռ գնել ու թռչել։ Պարզվում է՝ այդ միտքը փոքր երեխայի (տղայի՝ Դավիթ Սահակյանի,-հեղ.) գլխում մնացել էր, եւ այսքան տարի անց նա ասաց՝ արի ինքնաթիռ գնենք։ Գնեցինք Cessna 182 Skylane թեթեւ շարժիչով ինքնաթիռը, այնուհետեւ ձեռք բերեցինք այս հողակտորը։ Լուսանկարը` Մեդիամաքս Azat Airfield մասնավոր աէրոդրոմը գտնվում է Արարատի մարզի Լանջազատ գյուղի տարածքում՝ Ազատի ջրամբարից մոտ 1,5 կմ հյուսիս։ 2025 թվականին այն ստացել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի շահագործման թույլտվություն՝ ընդհանուր նշանակության ավիացիայի զարգացման համար։ Այստեղ կարելի է նաեւ հանգստի ու ժամանցի տարբեր հնարավորություններ գտնել՝ հեծանիվներ, դելտապլան, ամենագնացներ: Լուսանկարը` Մեդիամաքս Սա ընտանեկան միջավայր է, որը մենք ենք ստեղծել, բայց սա միայն մեզ համար չէ։ Այն ստեղծված է մարդկանց համար, որոնք այստեղ կարող են իրականացնել իրենց երազանքները։ Մի անգամ եկել են աղջկա ձեռքը խնդրելու։ Թռիչքի ժամանակ լսում եմ՝ տղան աղջկան ասում է՝ չեմ կարող այստեղ ծնկի գալ, բայց խնդրում եմ՝ լինես իմ կինը: Մի անգամ էլ ինձ հետ մի կին էր թռչում՝ երկու երեխաների մայր, որը ծառից ընկնելու հետեւանքով հաշմանդամություն էր ձեռք բերել եւ անվասայլակով էր։ Արթուր ՍահակյանըԼուսանկարը` Մեդիամաքս Ամուսինը նրան բերել էր թռիչքի։ Երբ վերադարձանք, նա ասաց՝ անպայման պետք է ոտքի կանգնեմ եւ այս լեռներով անցնեմ, որոնք տեսա վերեւից։ Այնքան հաճելի է, երբ մարդուն տալիս ես այդ զգացողությունը, մոտիվացիան, որ նա ուզում է ոտքի կանգնել ու ավելին անել,- խոստովանում է Արթուրը: Արփի Ջիլավյան Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի