Հայաստանում անցկացվող COP 17-ի համաժողովի նշանակությունը պետության համար անժխտելի է՝ Հայաստանի միջազգային կարեւորման տեսակետից առանձնապես, եւ այդ առումով դրական շատ ասպեկտներ կարելի է թվարկել, ու մեր պաշտոնյաները դա անում են։Կարելի է, իհարկե, կանգ առնել այն բանի վրա, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից, Իրանի նախագահից եւ արտգործնախարարից եւ միջինասիական հանրապետութունների ղեկավարներից բացի՝ այլ առանցքային ֆիգուրներ այս դեպքում Հայաստան չէին եկել, հատկապես տեսանելի էր ԵՄ անդամ պետությունների բարձր ներկայացուցչական բացակայությունը, եւ մեջբերել ընդդիմադիրներին, ըստ որոնց սա դեպի Ռուսաստան ռեւերանսների արդյունքում է։Կարելի է նախանձել Իրանի նախագահի ելույթին՝ նա COP-17-ի շրջանակն ու բնապահպանական ուղղվածությունն օգտագործեց իր երկրի դեմ ուղղված պատերազմի բնապահպանական հետեւանքների համար մեղադրանքի սլաքներ ուղղել իր երկրի դեմ պատերազմական գործողություններ իրականացնողներին, իսկ մերոնք այդպես էլ չօգտագործեցին համաժողովի ամբիոնը՝ թեկուզ Արցախի բնությանը եւ բնիկ ժողովրդի իրավունքներին հասցված վնասների խնդիրները միջազգային մակարդակով վեր հանելու։ Կամ Ամուլսարի եւ Թեղուտի շահագործման բացասական հետեւանքների մասին թեկուզ ալտերնատիվ տեսակետի մատուցման հնարավորություն ստեղծելու՝ պետական-պաշտոնեական տեսակետների կողքին։ Կարելի է խոսել նաեւ համաոժողովի ծախսերում հնարավոր կոռուպցիոն երեւույթների մասին՝ դրանք թող ուսումնասիրեն ընդդիմադիրներն ու հետաքննական լրագրության ներկայացուցիչները։ Կա, այո, նաեւ այլ բացվածք՝ որ մեր ոլորտային պաշտոնյաները մի փոքր ավելի կազդվեն, կկրթվեն ու բան կսովորեն կենսաբազմազանության եւ բնապահպանական բարձրացվող խնդիրների միջազգային փորձի հետ հաղորդակցվելով։ Սակայն COP-17-ի կազմակերպական շուքի ու միջոցառումների մասշտաբայնության ֆոնին զուգահեռվող տեղական իրողությունները հարցեր եւ թերահավատություն են առաջացնում, եթե, օրինակ, նրա շրջանակում առանցքային թեմա բնիկ ժողովուրդների՝ հնդկացիների եւ Ավստրալիայի աբորիգենների իրավունքների քննարկումներին չի կարողանում ներկա լինել բնիկ ժողովրդի իր իրավունքից զրկված արցախցին եւ իր իրավունքներից խոսել։ Կամ «Քաղաքային կենսաբազմանության գոտի» Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնության քննարկումների, ֆիլմերի ցուցադրությունների եւ շատախոսության արդյունքում եթե օգտակար եզրահանգման չեն գալու առ այն, որ չի կարելի Երեւանի կանաչ տարածքների կրճատման հաշվին, զուտ շահի համար, առանց հաշվարկելու, թե հետագայում ինչ անլուծելի խնդիրների առաջ կկանգնի քաղաքը լոգիստիկ, ջրամատակարարման, աղբահեռացման, կոյուղատարների թողունակության եւ այլ խնդիրների առումով Երեւանը անվերահսկելի կերպով բարձրահարկերով լցոնելն ու անշունչ գոտու վերածելը։ Աշխարհն ու մենք Աշխարհում այնպիսի գործընթացներ կան հիմա, որ առաջ կզարմացնեին, իսկ հիմա իրողություն են եւ քննական հայացքի կարիք ունեն՝ Հայաստանի հետագան եւս նոր համատեքստում դիտարկելու համար։ Ֆրանսիայում, եվրոպական այլ երկրներում բողոքի գործողությունները, ձերբակալություններն ու լարվածությունը, ադրբեջանական դպրոցներում հիջաբի արգելքի առիթով Ադրբեջան-Թուրքիա հակասությունը /ո՞վ կպատկերացներ,որ երբեւէ Ադրբեջանից Թուրքիային կասեն՝ մի խառնվեք մեր երկրի ներքին գործերին, Թուրքիայի քաղաքացիների անցանկալի անձ կհայտարարեին, խեր լինի/, Ուկրաինային եվրոպական եւ ամերիկյան աջակցության նվազման միտումն ու դրա աշխարհաքաղաքական հետեւանքը, Թրամփի եւ Պուտինի միջեւ պայմանավորվածության նախադեպերը, ԱՄՆ-Ռուսաստան-Չինաստան հնարավոր հանդիպման նոր բացվածքը տարածաշրջանային ազդեցությունների առումով։ Սրանք գործընթացներ են, որոնք մեծ փոփոխություններ կարող են առաջացնել աշխարհում, անուղղակի կամ ուղղակի վերաբերելի նաեւ Հայաստանին։ Ո՞վ կմտածեր, որ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Պուտինին մարդասեր կանվանի՝ նրա հետ հանդիպելուց եւ ամերիկացի Ստեֆան Հաբարդին ազատ արձակելուց հետո, եւ դա տեղի է ունեցել դիզելային վառելիքի շուրջ Պուտին-Թրամփի պայմանավորվածությունից հետո։ Պատկերացնո՞ւմ եք, որ գուցե էլի կլինեն Պուտին-Թրամփ նոր համաձայնություններ, որոնք կարող են առհասարակ աշխարհաքաղաքական փոփոխությունների հենք դառնալ։ Աշխարհը փոխվում է մեր աչքի առաջ, այն ինչ առաջ թվում էր անհնար, հիմա հնարավոր է, եւ չի բացառվում, որ ԱՄՆ-Ռուսաստան-Չինաստան սպասվող եռակողմ հանդիպումից հետո դուռ է բացվելու աշխարհի մեծ խաղացողների նոր պայմանավորվածությունների համար, եւ Հայաստանն այս համատեքստում պետք է հասցնի մտածել իր դիրքավորումների մասին, իր խնդիրների լուծումը համադրելու նոր իրավիճակներին։Այնպես որ ինձ զարմացրեց Արարատ Միրզոյանի զարմանքն իմ այն հարցի վերաբերյալ, որ մի օր էլ միգուցե Թրամփն ու Պուտինը կարող են պայմանավորվել TRIPP-ի վերաբերյալ, այդ հարցը հենց ծագել է նոր իրողությունների արդյունքում եւ TRIPP-ի նախագիծը բազմիցս կարդալուց հետո, թե բա՝ լավ կարդացեք TRIPP համաձայնագիրը։ TRIPP-ի արագացում Այս իմաստով հետաքրքրական է Հայաստան-ԱՄՆ TRIPP շրջանակային համաձայնագրի վավերացման արագացման քայլը Հայաստանում, այն քննարկում անցավ ԱԺ հանձնաժողովում եւ դրական եզրակացություն ստացավ՝ եկող շաբաթ քննարկելու համար ԱԺ լիագումար նիստում։ Հետաքրքրական է նաեւ, որ չնայած հինգժամյա քննարկմանը եւ ընդդիմության՝ մեծ ծավալի ընդդիմախոսությանը համաձայնագրի մի շարք դրույթներին, ընդդիմությունը սկզբունքորեն դեմ չէ համաձայնագրին, իսկ այն ներկայացնող Արարատ Միրզոյանը դա հատկապես նկատել էր։ Հիշեցնենք, սա 99 տարվա համաձայնագիր է, առաջին 49 տարում TRIPP զարգացման ընկերության բաժնեմասերի 26 տոկոսն է պատկանելու Հայաստանին, 74-ը՝ ԱՄՆ-ին, իսկ հետագա 50 տարվա համար երկարաձգման ցանկություն եւ նոր համաձայնություն կպահանջվի, այդ դեպքում Հայաստանի բաժնեմասը նախատեսված է 49 տոկոսի հասցնելու։ Նախագիծը ներկայացնող արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի Արարատ Միրզոյանը նշել է համաձայնագրի՝ Հայաստանի քաղելիք օգուտների, ապաշրջապակման եւ տնտեսական հնարավորությունների մասին, ընդգծելով իրագործման սկզբունքները՝ Հայաստանի ինքնիշխանություն, իրավազորություն, տարածքային ամբողջականություն եւ դետալայնացնելով սահմանային արդյունավետ կառավարման, սահմանային բոլոր կետերում ֆիզիկական ներկայության իրավունքի պահպանման մասին։ Այն է՝ անվտանգային եւ իրավապահ սահմանային հսկողություն, մաքսային եւ միգրացիոն հսկողություն, պետբյուջե հարկային մուտքերի ապահովում, պետական վերահսկողություն։ Ըստ նրա՝ Հայաստանն ու Ադրբեջանը ու նույնիսկ երրորդ երկրներ տնտեսական շահ ունեն համաձայնագրի իրականացումից։ Ադրբեջանը կապվում է Նախիջեւանին եւ մեր տարածքով երրորդ երկրներին, Հայաստանը Ադրբեջանի լոգիստիկայով/երկաթուղով/ արտաքին եւ մեր ներքին կապն է ապահովելու /Մեղրիից Երասխ, սա՝ ընդդիմության մտահոգությանն ի պատասխան/։ Ընդդիմության մտահոգությունները վերաբերում էին խաղաղության համաձայնագրի չստորագրման եւ Բաքվի՝ մեր Սահմանադրության փոփոխության պահանջի առկայությամբ՝ TRIPP համաձայնագրի իրագործման անիրատեսությանը, դրանք որպես խոչընդոտ դիտարկելով, մեր ինքնիշխան տարածքում ադրբեջանական ներկայությանը, TRIPP-ի ճանապարհին հատկացվող տարածքի պարամետրերին՝ սուվերենության պահպանման տեսակետից, հայ սահմանապահների ֆիզիկական ներկայությանը, սահմանին հայ չտեսնելու Ալիեւի ավելի վաղ պահանջին /Քրիստինե Վարդանյան/, Հայաստանի իրավազորության փաստական պահպանմանը, Ադրբեջանին անխոչընդոտ ճանապարհ տրամադրելու/Տիգրան Աբրահամյան/, Մեղրիից Երասխ ներհայաստանյան լոգիստիկայի իրականացման հնարավորության մանրամասներին /Արթուր Խաչատրյան/ եւ այլն, որոնց բոլորին Ա․ Միրզոյանը փարատող պատասխաններ էր տալիս։Ըստ Միրզոյանի՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումը Ադրբեջանը թեեւ պայմանավորում է Հայաստանի Սահմանադրության փոփոխությամբ, բայց դա ոչ թե պահանջ է, այլ նախապայման /բա՛/, Հայաստանը դրա հետ համաձայն չէ եւ պատրաստ է ստորագրել համաձայնագիրը։ Լիագումար նիստի քննարկման ժամանակ բոլոր մտահոգություններին ավելի մանրամասն կանդրադառնանք։ Ե՞րբ կսկսվի իրագործվել TRIPP-ը։ Աշխատանքների նախապատրաստական մասը խորհրդարանում քվեարկությունից եւ նախագահի կողմից վավերացումից անմիջապես հետո, բուն աշխատանքը, ըստ Արարատ Միրզզոյանի, միգուցե այս տարվա վերջից անգամ կարելի է սկսել, սակայն ըստ նրա ավելի իրատեսական է եկող տարվա սկզբից սկսելը։ Վերջին կառավարության նիստին, մեկ օր առաջ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ հենց նույն օրվանից մեկնարկում է TRIPP-ի նախագծումը, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի հետ ընկերության հիմնադրման աշխատանքն եզրափսակիչ փուլում է։ Ըստ համաձայնագրի նախատեսված TRIPP զարգացման համատեղ ընկերությունը դեռ նոր է ստեղծվելու՝ կանոնադրության բաժնետիրական մասերի վերաբերյալ համաձայնագրերի ստորագրմամբ,որոշումների կայացման հատուկ մեխանիզմներ պետք է սահմանվեն, ընդ որում այստեղ կարող են դրույթներ լինել բաժնետերերի ՝ ստեղծվելիք ընկերության վերահսկողության փոփոխության, բաժնեմասերի փոխանցման, կոնցեսիոն իրավունքների շնորհման, ազգային անվտանգության վերաբերյալ։ Նախատեսվում են նաեւ բաժնետիրական ընկերությունների, գնումների, եւ պետությունների մասնավոր գործընկերության վերաբերյալ բացառություններ՝ օրենսդրության շրջանակում։ Այսինքն՝ բոլոր այն պարզաբանումները անվտանգության եւ վերահսկողության մասին, որոնք մինչ այս հնչել են, այդ թվում՝ ԱԺ հանձնաժողովում, ավելի շուտ հռչակագրային-տեսական են եւ ընկերության ստեղծումից հետո միայն կերեւակվեն, իսկ արդեն իրագործվելիս ի հայտ կգան բուն անվտանգային իրավիճակները։ Նշվում է նաեւ ստեղծվելիք զարգացման ընկերությունը ԱՄՆ սեփականությունն է եւ գտնվելու է ԱՄՆ վերահսկողության ներքո, եւ որեւէ երրորդ կողմ չի կարող սեփականության իրավունք ձեռք բերել։ Բայց հենց հաջորդող այս դրույթը վերջին ասվածը կասկածի տակ է դնում, այն է՝ համաձայնագիրը կարող է փոփոխվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ TRIPP իրականացման գոտում արտակարգ իրավիճակներում Հայաստանը պահպանում է իր լիազորությւոնները։ Նոր անհանգստություն՝ մեզ ուզում են դուրս թողնե՞լ ԵԱՏՄ-ից Վերջին օրերին նոր անհանգստություն է առաջացել Հայաստանում՝ ԵԱՏՄ խորհուրդը զեկույց է հրապարակել, որը հաշվարկներ է ներկայացրել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետեւանքների մասին, եւ այդ զեկույցի կանխատեսող թվերն անհանգստացնող են՝ գազի գնի աճ խմ-ը մինչեւ 300 դոլար , /ներկայումս 177, 5 է/, արտահանման կրճատում համարյա կիսովին, ներկրման նվազում էլի կիսովինՀՆԱ-ի կրճատում 15,6 տոկոսով, Ռուսաստանից եկող տրանսֆերների էական կրճատում եւ այլ տնտեսական բացասական հետեւանքներ։ Ի պատասխան հայ պաշտոնյաները Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու իրավական հնարավորություն չեն տեսնում, քանի որ նախ Հայաստանը դրա ցանկությունը պետք է ունենա եւ այդ մասին հայտնի վեց ամիս առաջ ըստ ԵԱՏՄ կանոնադրության։ Իսկ Հայաստանի ղեկավարները ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին չեն խոսում, ընդհակառակը՝ Ռուսաստանի հետ համագործակցության նորմալ վիճակն են մատնանշում։ Ի՞նչ է ուրեմն այդ զեկույցը, արդյոք ճնշում է Հայաստանի վրա՝ նրա եվրոպական ձգտումների առարկայացման եւ TRIPP նախագծի իրականացման մտադրության ճանապարհին, մանավանդ՝ վերջինիս դեպքում ավելի շատ տնտեսական շեշտադրումների մասին խոսող մեր պաշտոնյաները հաճախ աննկատ են թողնում այն հանգամանքը, որ TRIPP-ն աշխարհաքաղաքական նախագիծ է նախ, որին Ռուսաստանը վերաբերվում է խանդով։ Արդյոք Պուտինը կկրկնի՞ իր պահանջը՝ Հայաստանում «ԵԱՏՄ, թե ԵՄ» հանրաքվե անցկացնելու մասին, կամ սպառնալիքներից կանցնի գազի գնի թանկացմանը, որը թանկացումների ալիք կբերի իր հետեւից՝ ընդդիմության ապոկալիպտիկ կանխատեսումներն իրականություն դարձնելով։ Իսկ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի սկզբին մասնակցելու է ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին, տեսնենք, թե ինչ կհաջորդի։ ՀԱՊԿ-ում էլ արդեն երրորդ տարին Հայաստանն իր անդամակցությունը սառեցրել է, եւ ՀԱՊԿ վերադարձի թարմ բացառումը Արարատ Միրզոյանինն է, չնայած ռուսական ոլորտային պաշտոնյաների հակառակ պնդումին։ Դե իսկ Հայաստանը, աշխարհի վերջին լարվածությունների խելագարության ֆոնին, իր սովորական խելագարության ծիրում է՝ անվերջ ընտրական պրոցեսի եւ դրա շրջանակում ընդդիմություն-իշխանություն հակադրության, այժմ էլ ՏԻՄ ընտրություններում։ Ստեփանավանում տեղի ունեցած ձերբակալությունները, դրանք «Ուժեղ Հայաստան»-ի կողմից քաղաքական հետապնդում, իշխանության կողմից՝ կաշառքի դեպքերի կասեցում անվանված գործընթացները մեզ ստիպում են չհանգստանալ այս ողջ տարին մեր գլուխները տարած ընտրական կրքերից, որոնց խորքում ավելի շուտ ոչ թե բուն ընտրություններն են , այլ արտաքին կողմնորոշումների պահպանման շարունակվող մրցակցությունը։ Հ.Գ. – Որքան էլ մեր վերլուծությունն այսօր կոնկրետ թեմաների էր վերաբերում, չենք կարող չհիշատակել, որ վերջին ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը բացեց օվերտոնի պատուհանը՝ արտահերթ ընտրութունների թեմայով, որը մեզ համար անսպասելի չէ այն պահից սկսյալ, երբ հրապարակվեցին խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Նոր Սահմանադրության ընդունման, հանրաքվեի համար խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն է հարկավոր, ինչը ՔՊ-ն չունի։ Նոր Սահմանադրության ընդունումն, այդպիսով, ոչ միայն դժվարանում է, այլեւ ընդհանրապես կարող է ձախողվել։ Եւ ահա Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է՝ եթե մեկ տարում նոր Սահմանադրության ընդունումը խորհրդարանում չապահովվի, ապա ատահերթ ընտրությունները չեն բացառվում։ Նոր Սահմանադրության ընդունումը փաստորեն այնքան հրատապ է՝ ե՛ւ խաղաղության պայմանագրի ստորագրման ադրբեջանական նախապայման որպես, ե՛ւ հայ-թուրքական սահմանի բացումն է պայմանավորված Ադրբեջանի այս դիրքորոշմամբ/համենայնդեպս ՝ Նիկոլ Փաշինյանը սահմանի բացումը կապել էր Ադրբեջանի վերապահումների հետ/, որ նոր Սահմանադրության ընդունումն ապահովելու համար անգամ կարելի է ծախսատար, հերթական բեւեռացման առիթ արտահերթ ընտրությունների գնալ։ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք այս հղումով․ https։//www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ The post COP-17-ը, TRIPP-ը, նոր անհանգստություններ appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
COP-17-ը, TRIPP-ը, նոր անհանգստություններ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

«Արեւմտյան» եւ «Հարավային Ադրբեջանի» գաղափարները թուրք-ադրբեջանական օրակարգում
Azg / 1 hour ago

Բաքուն Եվրոպայի գութն է փորձում շարժել. Դահիճը՝ զոհի դերում
Azg / 1 hour ago

Լավրովի այցը Թեհրան
Azg / 1 hour ago

«Հայաստանն ու Իսրայելը պիտի լավ հասկանային, թե որքան կարեւոր է ժողովրդավարական իրավունքները չսահմանափակելը»
Azg / 1 hour ago
Related coverage

Գրպանից գումար հանելը ենթադրո՞ւմ է ընտրակաշառք, ամոթ չի՞. Դավիթ Ղազինյան
Factor.am / 41 minutes ago

Օրենքը պիտի կիրառվի իշխանության և ընդդիմության աջակիցների նկատմամբ՝ հավասար․ Արփինե Հովհաննիսյան
Factor.am / 46 minutes ago

Ռուսաստանը պատրաստ է հակամարտությունից ելք փնտրել, սակայն չի հրաժարվի իր նպատակներից. Պուտին
168 Jham / 47 minutes ago

Փաշինյանը քաղաքական սուբյեկտ չէ, այլ օբյեկտ
Noyan Tapan TV / 57 minutes ago