Որտե՞ղ է սկսվում եւ որտե՞ղ ավարտվում Ադրբեջանի Հանրապետության տարածքը: Միջազգային հանրությանը հայտնի է Ադրբեջանի Հանրապետության այն տարածքը, որը ձեւավորվել է Խորհրդային Միության փլուզումից հետո՝ 1991 թվականին (բացառությամբ Լեռնային Ղարաբաղի տարածքի, որը մինչեւ դրա բռնազավթումը եւ ՀՀ վարչապետի կողմից Ադրբեջանի տարածքի մաս ճանաչվելը դիտարկվում էր որպես վիճելի տարածք, որտեղ բախվում էին միջազգային իրավունքի երկու հիմնարար սկզբունքներ՝ տարածքային ամբողջականությունը եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը): Սակայն Ադրբեջանի նախագահ Ալիեւն այլ կարծիքի է: Նրա համոզմամբ՝ Ադրբեջանի սահմանները միջազգային հանրությանը հայտնի տարածքից շատ ավելի ընդարձակ են, եւ այդ սահմանների մեջ պետք է ներառել նաեւ, իր պատկերացմամբ, Հայաստանի Հանրապետության ողջ ինքնիշխան տարածքը, որն ինքը, չնայած այդ ինքնիշխան հանրապետության փաստացի ղեկավարի հետ խաղաղության համաձայնագիր է նախաստորագրել, անվանում է «Արեւմտյան Ադրբեջան»: Հայաստանի Հանրապետության փոխարեն «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի կիրառումը Ալիեւի հռետորաբանության մեջ ավելի հստակ ձեւավորվել է 2022 թ. դեկտեմբերին, երբ նա այդ գաղափարը կապեց ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու պահանջի հետ: 2022 թ. դեկտեմբերի 24-ին նա հանդիպեց այսպես կոչված՝ «Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների հետ եւ հայտարարեց, որ «Արեւմտյան Ադրբեջանը» ադրբեջանցիների պատմական հողն է, իսկ ներկայիս Հայաստանի տարածքում ադրբեջանցիներ են ապրել: Հենց այդ օրն էլ Ալիեւը հանձնարարեց մշակել «Վերադարձի հայեցակարգ»՝ հայտարարելով, թե Ղարաբաղյան հակամարտության ավարտից հետո այդ հարցը դառնում է Ադրբեջանի օրակարգի կարեւոր խնդիրներից մեկը: Այսօր, թեեւ Բաքու-Անկարա հարաբերություններում ի հայտ են եկել դիվանագիտական եւ տեղեկատվական սկանդալներով ուղեկցվող մի շարք խորքային աշխարհաքաղաքական տարաձայնություններ, դա չի խանգարում, որ Թուրքիան «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ոգուն համապատասխան՝ Ադրբեջանի քիմքին հաճո քայլեր ձեռնարկի: «Turk Dunyas Kultur Atlas » («Թուրքական աշխարհի մշակութային ատլաս») խորագրով՝ Թուրքիայում լույս տեսած նոր դասագրքում, նախորդ նմանատիպ աշխարհագրական նախագծերի օրինակով, ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքը ներկայացվում է համաթուրքական (պանթյուրքիստական) հայեցակարգի համատեքստում: Հայաստանի Հանրապետության ողջ ինքնիշխան տարածքը հաճախ ներկայացվում կամ ակնարկվում է որպես պատմական թուրքական կամ ադրբեջանական բնակատեղի եւ տեղանունների տարածք՝ կիրառելով «Արեւմտյան Ադրբեջան» քաղաքական-աշխարհագրական կեղծ թեզը: Ալիեւը նաեւ Իրանի հյուսիսարեւմտյան՝ Արդաբիլի, Արեւելյան Ատրպատականի եւ Արեւմտյան Ատրպատականի նահանգներն է «Հարավային Ադրբեջան» անվանում եւ այդ տարածքները մտովի պատկերացնում որպես Ադրբեջանի Հանրապետության անքակտելի մաս: Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը նոր ուսումնական հրատարակության՝ «Թյուրքական աշխարհի մշակութային ատլասի» շրջանակում առանձին բաժին է հատկացրել նաեւ «Հարավային Ադրբեջանին»՝ Իրանի Ատրպատականը ներկայացնելով որպես «Թուրքիայի ամենամոտ եղբայրական աշխարհագրական տարածքն արեւելքում»: Գիրքը Թուրքիայի դպրոցների աշակերտներին է տրամադրվել 2026-2027 ուսումնական տարվա դասագրքերի հետ մեկտեղ: Ինչպես հաղորդում է «Արազնյուզը», Թուրքիայի ազգային կրթության նախարարության Միջնակարգ կրթության գլխավոր վարչության պատրաստած գրքում Թավրիզ քաղաքի լուսանկարի վերեւում զետեղված է «Գյունեյ Ադրբեջան – Հարավային Ադրբեջան» վերնագիրը: Այս բաժինը ներկայացնելիս հեղինակները գրում են. «Թյուրքական աշխարհով մեր ճանապարհորդության վերջին հատվածում ուղղություն ենք վերցնում դեպի Իրան՝ դեպի Թավրիզ՝ Հարավային Ադրբեջանի սիրտը»: Գրքում Հարավային Ադրբեջանը բնութագրվում է որպես մի տարածք, որտեղ Թուրքիայի քաղաքացիները, լեզվական խորթություն չզգալով, կարող են ճանապարհորդել եւ հանդիպել Ադրբեջանի թուրքերին, ղաշղայներին ու խալաջներին: «Տրակտոր» ֆուտբոլային թիմի երկրպագուները՝ որպես ընդհանուր ինքնության արտահայտություն Գրքի ուշագրավ բաժիններից մեկը նվիրված է Թավրիզի «Տրակտոր» ֆուտբոլային թիմի երկրպագուներին: Նրանց լուսանկարին կից հեղինակներն անդրադառնում են մարզադաշտում հավաքվող հազարավոր երկրպագուներին եւ նրանց թուրքերեն վանկարկումներին: Հեղինակների ընդգծմամբ՝ Թավրիզում ֆուտբոլը պարզապես մարզական մրցակցություն չէ: Այն նաեւ ընդհանուր լեզվի, մշակույթի եւ ազգային ու մշակութային պատկանելության արտահայտություն է: «Թյուրքական պատմական ժառանգությունը»՝ Իրանում Գրքում անդրադարձ է կատարվում նաեւ Իրանի տարածքում պահպանված «թյուրքական պատմամշակութային ժառանգությանը»: Որպես սելջուկյան ժամանակաշրջանի ճարտարապետության նշանավոր օրինակ՝ ներկայացվում է Սպահանի Ջամե մզկիթը: Հեղինակները նկարագրում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված այս հուշարձանի գմբեթները, աղյուսաշեն պատշգամբներն ու թուրք-իսլամական ճարտարապետությանը բնորոշ առանձնահատկությունները: «Քարտեզների սահմանները չեն կարող վերացնել հոգեւոր կապերը» Թուրքիայի ազգային կրթության նախարար Յուսուֆ Թեքինը գրքի առաջաբանում եւս շեշտադրում է թյուրքական ժողովուրդների պատմական ու մշակութային կապերը եւ դիմելով աշակերտներին՝ գրում է. «Մի՛ մոռացեք, որ քարտեզների վրա գծված սահմանները չեն կարող վերացնել վաղեմի հոգեւոր կապերը»: «Թյուրքական աշխարհի մշակութային ատլասը ճանապարհորդություն ժամանակից անդին՝ Բիլգեի եւ Հաքանի հետ» աշխատությունը պատրաստվել է Թուրքիայի կրթական նոր մոդելի շրջանակում՝ «Արմատներից դեպի ապագա» կարգախոսով: Այն 15 աշխարհագրական երթուղիների միջոցով ներկայացնում է թյուրքական աշխարհի ընդհանուր պատմությունը, լեզուն, մշակույթն ու ժառանգությունը: «Հարավային Ադրբեջանին» առանձին բաժին հատկացնելու, Թավրիզը որպես այդ տարածքի կենտրոն ներկայացնելու եւ «Տրակտոր» ֆուտբոլային թիմի երկրպագուների լեզվական ու մշակութային ինքնությունն ընդգծելու հանգամանքները գրքի առավել ուշագրավ առանձնահատկություններից են: Այսպիսով, «Արեւմտյան Ադրբեջան» եւ «Հարավային Ադրբեջան» ձեւակերպումները պարզապես աշխարհագրական անվանումներ չեն, այլ քաղաքական բովանդակություն կրող թեզեր, որոնց միջոցով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքն ու Իրանի հյուսիսարեւմտյան շրջանները ներկայացվում են համաթուրքական աշխարհաքաղաքական պատկերացումների համատեքստում: Եթե Բաքվի քաղաքական հռետորաբանության մեջ այդ գաղափարներն արտահայտվում են «պատմական հայրենիքի» եւ «վերադարձի իրավունքի» կարգախոսներով, ապա թուրքական կրթական հրատարակություններում դրանք ստանում են պատմամշակութային եւ աշխարհագրական ներկայացման ձեւ: ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ Իրանագետ, լիազոր եւ արտակարգ դեսպան The post «Արեւմտյան» եւ «Հարավային Ադրբեջանի» գաղափարները թուրք-ադրբեջանական օրակարգում appeared first on Ազգ .