Քաղաքագետ և քաղաքական տեխնոլոգ Դմիտրի Սոլոննիկովը Alpha News -ին տված հարցազրույցում վերլուծել է Ռուսաստանի հարաբերությունները ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ, գնահատական տվել Ֆրանսիայում և Իտալիայում տեղի ունեցող բողոքի ցույցերին, ինչպես նաև մեկնաբանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա հանդիպումը։ «Կարծում եմ՝ թունելի վերջում լույսն արդեն երևում է, սակայն այն մոտավորապես նույն կերպ էր երևում նաև կես տարի կամ մեկ տարի առաջ։ Այսինքն՝ Ուկրաինայի հակամարտությունն, իհարկե, կավարտվի, և Ռուսաստանի Դաշնության հաղթանակը մոտենում է։ Սակայն ասել, թե Ուիթքոֆի այցը լրջորեն փոխել է իրավիճակն այս առումով, առայժմ, հավանաբար, հնարավոր չէ։ Ուիթքոֆի այցն ավելի շատ գործարքի և գործարար բանակցությունների մասին էր։ Նույնիսկ ռուսական կողմից հանդիպման մասնակիցների կազմը վկայում է, որ խոսքը ոչ թե պատերազմի կամ դիվանագիտության, այլ տնտեսության մասին էր»,- նշել է փորձագետը։ Սոլոննիկովի կարծիքով՝ Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ցույցերը ձեռնտու էին քաղաքական դաշտի թե՛ ձախ, թե՛ աջ թևերի առաջնորդներին։ «Եթե դիտարկենք, թե ինչպես են փոխվել վարկանիշները Ֆրանսիայում՝ այս բողոքի ցույցերից հետո կամ դրանց ընթացքում, ապա կտեսնենք, որ աճել են թե՛ Մելանշոնի, թե՛ Լը Պենի վարկանիշները։ Հետևաբար, չի կարելի ասել, թե ձախերը պարտվում են։ Իմ կարծիքով՝ ստեղծված իրավիճակը ձեռնտու է երկու թևերին էլ՝ և՛ աջերին, և՛ ձախերին։ Ըստ նույն սոցիոլոգների տվյալների՝ նախագահական ընտրությունների վճռորոշ փուլ են ներկայումս դուրս գալիս երկու քաղաքական գործիչ՝ ծայրահեղ աջ հայացքներ ունեցող Մարին Լը Պենը և ծայրահեղ ձախ հայացքներ ունեցող Ժան-Լյուկ Մելանշոնը։ Ֆրանսիայի համար սա լուրջ մարտահրավեր կլինի․ ո՞ւմ օգտին կքվեարկեն ընտրողները», — ընդգծել է քաղաքագետը։ Alpha News-ի զրուցակիցն արձանագրել է, որ Հայաստանի՝ եվրասիական ինտեգրացիոն նախագծերի նկատմամբ փաստացի վերաբերմունքը պետք է իրավական ձևակերպում ստանա։ «Վերջապես, փաստացի իրավիճակը պետք է արտացոլվի նաև իրավական դաշտում։ Այսինքն՝ եթե Հայաստանը ՀԱՊԿ-ին անդամավճարներ չի վճարում, ցուցադրաբար չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին և հայտարարում է, որ այդ կազմակերպությունն իրեն պետք չէ, ապա կազմակերպությունը պետք է իր իրավական նորմերն ու ՀԱՊԿ-ի իրավական կարգավիճակի նկարագրությունը համապատասխանեցնի իրական իրավիճակին։ Հայաստանը ցանկանո՞ւմ է միայնակ մնալ Թուրքիայի և Ադրբեջանի դեմ։ Ուրեմն այդպես էլ կլինի։ Դա հայ ժողովրդի ընտրությունն է»,- ասել է նա։ Անդրադառնալով Փաշինյանի և Պուտինի հանդիպմանը՝ Դմիտրի Սոլոննիկովը ենթադրել է, որ Հայաստանի վարչապետը կմեղմացնի իր հռետորաբանությունը, սակայն դա չի նշանակի, որ նա հրաժարվում է եվրոպական քաղաքական և տնտեսական կառույցներին ինտեգրվելու իր ձգտումից։ «Փաշինյանն, ամենայն հավանականությամբ, ինչպես միշտ, կգա, կխոսի ամեն ինչի մասին, աշխույժ ժպիտներ կպարգևի, բայց վերջնական որոշումներ չի ընդունի։ Այնուամենայնիվ, նրա հռետորաբանությունը կարող է փոխվել․ նա կարող է սկսել ավելի հաճոյախոսական արտահայտություններ օգտագործել Ռուսաստանի հասցեին և ավելի դրական խոսել հետագա համագործակցության հնարավորությունների մասին։ Սակայն, կրկին, ամենայն հավանականությամբ, նա հստակ վերջակետեր չի դնի և չի հրաժարվի իր նախկին ձգտումներից։ Փոխարենը կփորձի գոնե տեղեկատվական դաշտում և անձնական շփումների մակարդակում իրավիճակն իր համար ավելի բարենպաստ դարձնել», — ընդգծել է քաղտեխնոլոգը։ The post Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանի հռետորաբանությունը կարող է փոխվել․ Դմիտրի Սոլոննիկով appeared first on Alphanews .