Մոսկվան փորձում է կանխե՞լ պատերազմը, թե՞ ամրապնդել ռազմավարական կապերը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Թեհրան տեղի է ունենում Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ ծայրահեղ լարվածության պայմաններում, երբ ռազմական գործողությունների վերսկսման վտանգը շարունակում է պահպանվել: Ի՞նչ նպատակներ է հետապնդում Մոսկվան եւ արդյո՞ք այն կարող է ազդել հնարավոր պատերազմի ընթացքի վրա: Այցին նախորդել էր ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը, որի արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել Ռուսաստանից ամերիկյան շուկա դիզելային վառելիքի մատակարարումների շուրջ: Նույն հեռախոսազրույցի ընթացքում, ըստ որոշ աղբյուրների, Պուտինը ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում զրուցել էր նաեւ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ եւ փոխանցել Իրանի դիրքորոշումը՝ Մերձավոր Արեւելքում պատերազմն ավարտելու շուրջ հնարավոր համաձայնության հասնելու վերաբերյալ: Այդ տեղեկության տարածումից հետո Իրանի քաղաքական դաշտում օրակարգային դարձավ հետեւյալ հարցը. արդյո՞ք Թրամփի եւ Պուտինի բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաեւ Իրանի վերաբերյալ: Այցը համընկել է մի ժամանակահատվածի հետ, երբ Վաշինգտոնը խոսում է դիվանագիտական լուծման հնարավորության մասին՝ միաժամանակ չբացառելով ռազմական տարբերակը: Այս պայմաններում Մոսկվան փորձում է ամրապնդել իր դիրքերը՝ հանդես գալով որպես ճգնաժամի կարգավորման կարեւոր դերակատար: Լավրովի այցը կարելի է դիտարկել նաեւ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահների հեռախոսազրույցի ընթացքում իրանական հարցի շուրջ հնարավոր պայմանավորվածությունների համատեքստում: Ռուսաստանը կապուղիներ ունի ինչպես Իրանի, այնպես էլ ԱՄՆ-ի հետ եւ կարող է փորձել նպաստել լարվածության նվազեցմանը: Սակայն Մոսկվայի միջնորդական դերը, ամենայն հավանականությամբ, ավելի շատ ուղղված կլինի ճգնաժամի կառավարելիության ապահովմանը, քան դրա վերջնական լուծմանը: Լավրովի այցը կարելի է դիտարկել նաեւ Իրանի հետ ռազմավարական կապերի ամրապնդման համատեքստում: Վերջին տարիներին երկու երկրների համագործակցությունն ընդլայնվել է ռազմական, էներգետիկ, լոգիստիկ եւ քաղաքական ոլորտներում: Այցով Մոսկվան կարող է Թեհրանին ուղերձ հղել, որ պատրաստ է շարունակել աջակցությունը: Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ Ռուսաստանը կմիանա Իրանի դեմ հնարավոր պատերազմին կամ անվերապահ ռազմական օգնություն կտրամադրի նրան: Լավրովի այցի հնարավոր նպատակներից մեկը կարող է լինել միջուկային ծրագրի հարցի շուրջ բանակցությունների վերսկսման համար նախադրյալների ստեղծումը եւ այդ հարցի օգտագործումը որպես ավելի լայնածավալ պայմանավորվածությունների մեկնակետ՝ ճգնաժամը զսպելու նպատակով: Միեւնույն ժամանակ, ՌԴ արտաքին գործերի նախարարի այցի իրական նպատակները եւ Իրանի ղեկավարության հետ նրա քննարկումների բովանդակությունը հստակ հայտնի չեն: Այդուհանդերձ, այցը կարող է ազդել ինչպես Իրանի, ԱՄՆ-ի եւ Իսրայելի միջեւ հակամարտության հետագա ընթացքի, այնպես էլ Թեհրանի եւ Վաշինգտոնի բանակցությունների վրա: Մոսկվան, ըստ ամենայնի, փորձում է միաժամանակ նվազեցնել լարվածության անվերահսկելի սրման վտանգը, ամրապնդել Իրանի հետ կապերը եւ մեծացնել սեփական ազդեցությունը միջազգային բանակցություններում: Այնուամենայնիվ, Լավրովի այցը դեռեւս հիմք չի տալիս պնդելու, թե Ռուսաստանն արդեն կանխել է պատերազմը կամ երկու երկրների միջեւ ռազմավարական կապերի ամրապնդման նոր հիմք է դրվել: Կարծում ենք՝ այցի իրական նշանակությունը պարզ կդառնա առաջիկա զարգացումների ընթացքում: Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ The post Լավրովի այցը Թեհրան appeared first on Ազգ .