Հոկտեմբերի 27-ին Իսրայելում խորհրդարանական ընտրություններ են, վճռորոշ ոչ միայն վարչապետ Նեթանյահուի ճակատագրի ,այլեւ՝ տարածաշրջանի ապագայի համար: Հրեական մեծ սփյուռքը Նեթանյահուին միանշանակ չի սատարում: Ակնհայտ է, որ վարչապետը հատկապես երկյուղ ունի արտերկրում բնակվող այն իսրայելցիներից, որոնց թիվը դեռ ստույգ չէ, բայց ըստ շրջանառվող լրատվության, մեկ միլիոնի է հասնում, եւ որ մեծ խանդավառությամբ ուզում է ընտրություններին մասնակցելու նպատակով մեկնել Իսրայել, իսկ նրանց քվեն կարեւորելու, Իսրայել թռիչքներ կազմակերպելու գործում հզոր աջակից է Fly&Vote-ը, որ ամիսներ ի վեր պատվերներ է ստանում: «Թռչիր եւ քվեարկիր» նախաձեռնությունը (America Israel Democracy (AID) Coalition’s Fly & Vote) նպատակ ունի հոկտեմբերի 27-ին նախատեսված Իսրայելի ընտրությունից առաջ չվերթներն ավելացնել՝ հնարավորինս շատ քաղաքացիների՝ հատկապես Իսրայելի ամերիկաբնակ քաղաքացիներին ընտրությանը մասնակցելու հնարավորություն տալով: Հուլիսի 17-ին «Ազգում» գրել ենք, որ Իսրայելի վարչապետը կարգադրել էր կրճատել դեպի Իսրայել չվերթները՝ իր վերընտրության համար խոչընդոտներից մեկը վերացնելու նպատակով: Սրա մասին ժամանակին գրել էր տեղական «Հաարեցը», որ անանուն թողնելով պաշտոնյաներից մեկին՝ հանրայնացրել էր նրա հաղորդումը, թե տրանսպորտի նախարարությունում Նեթանյահուի կուսակից նախարար Միրի Ռեգեւի գլխավորությամբ արդեն չվերթների սահմանափակման հարցն են քննարկում: Իսրայելը մաս է կազմում ժողովրդավարական փոքրաթիվ այն երկրներին, որ ընտրություններին կարելի է քվեարկել ֆիզիկապես երկրում գտնվելով: Արտերկրի դիվանագիտական հաստատություններում ընտրություն չի արտոնում, դրսում կարող են քվեարկել միայն դիվանագետները, զինծառայողները եւ քաղծառայողները: Եւրոպայում, հատկապես Գերմանիայում աջ ուժերի վերելքը երկքաղաքացիություն ունեցող հրեաներին, հատկապես երիտասարդներին առավել ամուր թելերով է ագուցում Ավետյաց երկրին: Երիտասարդները սակայն մտահոգ են՝ Իսրայելը ժողովրդավար կմնա՞: Մեր զրուցակիցներից առաջինը՝ պաղեստինցի Սամիրը, որի ընտանիքը բնակվում է Նազարեթում, Գերմանիայից մեկնելու է Իսրայել, որ մասնակցի ընտրություններին: «Թեեւ չկա մի կուսակցություն, որ մեր, իմ իրավունքների պաշտպանը լինի, այդուհանդերձ պիտի դիմակայենք, որ ֆաշիստները Քնեսեթում մեծամասնություն չունենան: Դրա համար եմ մեկնելու, բազմանդամ ընտանիքիս հետ քվեարկության գնալու», ասում է գերմանաբնակ իրավապաշտպան 40 -ամյա Սամիրը, որի հետ դժվար է սառնարյուն խոսել ՝ անընդհատ շեշտում է, թե փոքր ժողովուրդները տեր չունեն, դատապարտված են: Մեր երկրորդ զրուցակիցը հրեա ուսանողուհի Նաոմի Թամիրն է, որի համար շատ կարեւոր է ընտրություններին մասնակցությունը, բայց Իսրայել չի մեկնելու, քանի որ գրանցում չունի: Նրա հետ մեր զրույցը՝ ստորեւ -Ընտրություններին մասնակցելու նպատակով Իսրայել մեկնելու՞ եք: Թռչելո՞ւ եք Fly&Vote- ով: Տեղյա՞կ եք՝ գերմանաբնակ իսրայելցիներն աշխույժ մասնակցելո՞ւ են ընտրություններին: -Գրել եմ, տարբեր հաստատությունների դիմել, փորձել եմ կապ հաստատել պաշտոնատարների հետ, որ պարզաբանումներ ստանամ՝ իբրեւ Իսրայելի քաղաքացիություն ունեցող կարո՞ղ եմ առանց ընտրատեղամասային գրանցման մասնակցել ընտրություններին: Ծնվել եմ Գերմանիայում, դպրոց հաճախել, սովորում եմ համալսարանում: Չնայած Իսրայելում չունեմ մշտական հասցե, բայց Իսրայելի հետ մշտական է իմ կապը, տարվա մեջ մի քանի անգամ լինում եմ: Քվեարկելու համար հավանաբար նախ պիտի գրանցվեի, եւ կա ռիսկ, որ ինձ կասեին՝ դու արդեն Ալիյահ արել ես (Հրեաների ներգաղթը Իսրայել, վերադարձը իրենց պատմական հայրենիք՝ անհատական կամ զանգվածային-Ան. Հ.) ուստի բանակ ծառայության պիտի մեկնես: Շատ եմ ցավում, բայց չկար մեկը, որ պատշաճ բացատրություն կարող էր տալ՝ ինչպե՞ս կարող եմ մասնակցել ընտրություններին: Fly&Vote կազմակերպության հետ տեւական հաղորդակցության մեջ եմ եղել, նրանք ուղղորդել են կապ հաստատել տարբեր մարդկանց, ծառայությունների հետ, բայց որեւէ պաշտոնյա հստակ չի բացատրել՝ եթե գրանցում չունեմ, ինչպես կարո՞ղ եմ ընտրություններին մասնակցել Իսրայելում: Պարզվեց, որ գրանցվելու վերջնաժամկետը բաց եմ թողել, ուստի հիմա չեմ կարող մեկնել: Փորձել ենք շատերին իրազեկել: Տեղյակ չեմ, թե քանիսն ինձ նման նույն խնդիրն ունեն: Բայց մայրս, մորաքույրներս, մորեղբայրներս Fly&Vote-ի միջոցով թռչելու են Իսրայել՝ ընտրություններին մասնակցելու նպատակով: Վստահ կարող եմ ասել, թե Իսրայել թռիչքների հանդեպ մեծ հետաքրքրություն կա, հուսամ այդ հետաքրքրությունն արտացոլվի իրական ճամփորդության մեջ: Շատ մեծ ոգեւորություն կա Իսրայելում ընտրելու, երկրի ապագայի համար պատասխանատվություն ստանձնելու առումով: Ինձ թվում է, թե հատկապես Գերմանիայում բնակվող իսրայելցիները լիովին գիտակցում են, թե որքան կարեւոր է հոկտեմբերի 27-ին կայանալիք ընտրությունը, որքան վճռորոշ է նրանց քվեն: Հուսամ գերմանաբնակ իսրայելցիներից շատերը կկարողանան իրականացնել իրենց քաղաքացիական պարտքը: -Նաոմի, ծնվել, ապրում եք Գերմանիայում: Ասացիք, թե հատկապես գերմանաբնակների համար կարեւոր է Իսրայելում կայանալիք ընտրությունը: Ինչո՞ւ, որքանո՞վ է կարեւոր Քնեսեթի առաջիկա ընտրություններին մասնակցելը: -Առաջին հերթին ուզում եմ խոսել Իսրայելի քաղաքացիությունն ամրագրող անձնագրի մասին, որ ոչ թե պարզապես մի երկրի անձնագիր է, որը պատահաբար է ինձ մոտ։ Այն անձնագիր չէ, որի մասին կարելի է ասել՝ «աշխարհով մեկ շատ մարդիկ ունեն նմանը, եւ նրանք այն ստացել են հաճույքի համար»։ Իսրայելի անձնագիրը մի կողմից ռիսկեր է պարունակում, իսկ մյուս կողմից՝ պետության վրա պատասխանատվություն է դնում։ Պետությունն, իհարկե, պատասխանատվություն ունի ամբողջ աշխարհի հրեաների առջեւ՝ Իսրայելի պետության տված որոշակի խոստման համաձայն։ Բայց եթե այս պահին դուք իսրայելցի եք եւ անձնագիր ունեք, դա որոշակի ռիսկ է։ Ծնողներիցս սովորել եմ՝ պետք է զգույշ լինեմ Իսրայելի իմ անձնագրին, այն հաճախ գողանում են ահաբեկչական նպատակներով, կամ շատ հեշտ կարող են թիրախավորել, եթե, օրինակ, ստիպված ես որեւէ տեղ ցույց տալ անձնագիրդ եւ այլն: Այդ անձնագիրն ունեցող մարդիկ, ամբողջ ընտանիքներ որոշ դեպքերում՝ մտավոր ներուժը այլեւս Իսրայելում չեն ապրում հենց այնտեղի քաղաքական իրավիճակի պատճառով՝ կամ, միգուցե, միեւնույն ժամանակ՝ նաեւ անվտանգության ծայրահեղ իրավիճակի պատճառով, սակայն հասկանում են, որ այնուամենայնիվ, մնում են Իսրայելի քաղաքացիներ։ Ես հավատում եմ, որ սա շարունակում է մնալ իսրայելական ինքնության կարևոր բաղադրիչը, եւ հենց դա է առանձնացնում, տարբերակում ավանդական սփյուռքի հրեաներից։ Չեմ կարծում, որ պետք է երկար բացատրեմ, քանի որ հայերն էլ ունեն ուժեղ սփյուռք եւ համայնքներ, որ իհարկե, հայկական է մնում է ոչ թե այն պատճառով, որ տվյալ երկրի, մասնավորապես Գերմանիայի կյանքին անհաղորդ են, այլ կերպ ասած՝ գերմանացի չեն, այլ որովհետեւ հայկականը շարունակում է մնալ նրանց ինքնության կարեւոր բաղադրիչը։ Այդ առումով այս ընտրություններն ինձ համար չափազանց կարեւոր են, որովհետեւ, թեեւ ապրում եմ Գերմանիայում, բայց հիմա, այս պահին եմ այստեղ ապրում։ Հատկապես դժվար է պատասխան գտնել նաեւ այն հարցին, թե արդյոք ուզո՞ւմ եմ մնալ Գերմանիայում։ Արդյոք այդ երկրում ընդհանրապես իմ մնալը, ապրելը, բնակվելը ողջունու՞մ են։ Վերջիվերջո ես ունեմ իսրայելական անձնագիր, որը թույլ է տալիս ինձ ազատ ապրել այլ երկրներում՝ միեւնույն ժամանակ վերադառնալ Իսրայել։ Եվ բնականաբար, ես ուզում եմ վերադառնալ մի երկիր, որտեղ ժողովրդավարությունը չի քայքայվում, որտեղ իրավունքները չեն սահմանափակվում, որտեղ որոշ մարդիկ նախընտրելի չեն մյուսների համեմատ կամ չեն ստանում քաղաքական առավելություններ: Արդյոք ընդհանրապես կճանաչե՞մ Իսրայելը չորս տարուց այնպես, ինչպես այն հիմա է՝ ժողովրդավարական եւ բազմակուսակցական։ Եթե Գերմանիայում ֆաշիզմը շարունակի աճել, արդյոք հնարավո՞ր է վերադառնալ մի երկիր, որի քաղաքացիությունն ունեմ, իմ ինքնության մի մասն է եւ ժողովրդավարական է: Հետևաբար այս ընտրությունները հավանաբար իմ կյանքում ամենակարեւոր տեղն ունեն, եւ հենց դրա համար էլ ցավում եմ, որ չեմ կարող քվեարկել։ -Գերմանիայում լույս տեսնող հրեական «Յուդիշե ալգեմայնեն» ծանուցել էր, որ Նեթանյահուն ցանկանում է սահմանափակել արտերկրում բնակվող իսրայելցիների ընտրություններին մասնակցությունը: Ի՞նչ կասեք դրա մասին: – Ցնցող է եւ միաժամանակ սթափեցնող, որ բռնաճնշումների այս վարքագիծը ոչ միայն Իսրայելում է, այլեւ՝ Հայաստանում: Սրանք երկու երկրներ են, որ ժողովրդավարության ընկալման առումով հատկապես զգալիորեն առաջադեմ էին, արդարացի եւ իրավացի էին, երբ քննադատում էին այլ երկրների ռեժիմները: Հետեւաբար պիտի առավել լավ հասկանային, թե որքան կարեւոր է ժողովրդավարական իրավունքները չսահմանափակելը: Բայց, ցավոք, հասել են այն կետին, երբ դա տեղի է ունենում: Եւ դա վախեցնում է, քանի որ մատնացույց է անում, որ այս կառավարությունները այժմ հետեւում են բռնաճնշման համաշխարհային միտումներին: -Պայքար, բողոք կա՞ Իսրայելում ընտրական իրավունքը սահմանափակող որոշման դեմ: -Չեմ կարծում: Սպառնալիքներն այնքան շատ են, իրականում պարզ չէ՝ ինչ տեղի կունենա: Անկասկած մեծ վախ կա, որ մարդկանց ահաբեկելու փորձեր կարվեն հենց ընտրությունների օրը, բայց կարող եմ պատկերացնել, թե ինքնաբուխ ցույցեր էլ կլինեն: Այս պահին քաղաքացիական հասարակությունը փորձում է հնարավորինս շատ իսրայելցիների մասնակցությունն ապահովել ընտրություններին, հոգալ նրանց կեցության հարցը: Անկասկած աջակցությունը մեծ է՝ ուշադրությունն այժմ կենտրոնացած է հնարավորինս շատերի Իսրայել գնալու եւ քվեարկելու վրա: Պարզ չէ դեռեւս՝ ինչ կլինի, եւ այդ անորոշությունը վախեցնող է: ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ The post «Հայաստանն ու Իսրայելը պիտի լավ հասկանային, թե որքան կարեւոր է ժողովրդավարական իրավունքները չսահմանափակելը» appeared first on Ազգ .