Եվ որովհետեւ ՀՀ Ազգային ժողովի 2026 թ. հունիսի 7-ի ընտրություններից հետո, այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետությունում կյանքը շարունակվում է, ուստի կարծում ենք, որ համանման ընտրություններ տեղի կունենան նաեւ 5 տարի անց: Հետեւաբար՝ հընդառաջ այդ ընտրություններին ասենք մեր ասելիքը: Հայ մարդու համար հիրավի համազգային նշանակություն ունեցող այս քաղաքական ակտը մենք համարում ենք դեմոկրատիայի, հայերեն՝ ժողովրդավարության ցուցիչ: Գլխավոր եւ հիմնական ցուցիչ: Ասել կուզի՝ մենք ժողովրդավար երկիր ենք, ժողովուրդն է կառավարում մեր երկիրը: Համենայն դեպս՝ այդպես ներկայանում ենք աշխարհին, հարկ եղած դեպքում էլ չենք զլանում համապատասխան հայտարություններ անել ներսում եւ դրսում: Այդպես ենք վարվում եւ այդպես ապրում, որովհետեւ… այդպես հարմար է: Հարմար է, որովհետեւ շարքային քաղաքացին որեւէ այլ պատկերացում չունի իր հանրային-հասարակական կյանքը կազմակերպելու վերաբերյալ եւ լիովին բավարարվում է այն ինքնախաբեությամբ, իբր ինքը ընտրությունների միջոցով մասնակցում է երկրի կառավարմանը, իսկ իշխանությունը ձեռք գցած քաղաքական աճպարարների համար էլ ժողովրդավարության մասին նման պատկերացումը դառնում է նույն այդ ժողովրդին զանազան խաբեություններով կերակրելու լավագույն միջոց: Ստացվում է, որ ժողովուրդը (անվանենք նաեւ հանրություն, հասարակություն) առնվազն հինգ տարին մեկ դառնում է ընտրազանգված, այսինքն՝ ընտրողների մի բազմություն, որն ամենեւին էլ միատարր ու միագույն, միանպատակ ու միաբաղձ չէ: Եվ դա բնական վիճակ է, բնական երեւույթ: Անբնականն այն է, որ ընտրություններից հետո այդ բազմադեմ զանգվածի կատարած ընտրությունն ընդհանրացվում, այնուհետեւ այդ ընդհանրացմանը տարբեր գնահատականներ են տրվում. սկսած նրանից, որ ընտրությունները խայտառակ ձեւով կեղծվել են, վերջացրած նրանով, որ նման արդար ընտրություններ երբեք չեն եղել: Եվ սա` գրեթե ամեն համաժողովրդական ընտրությունից հետո: Ապա գալիս է մեր հաջորդ հինգ տարիների «ուրախ եւ ապահով» կյանքը կազմակերպելու իրավունք ստացած քաղաքական ուժի, որից էլ եւ՝ իբր անսխալականության զրահով հանդերձավորված ոմն մեկի դիրքավորման ժամը: Եվ նա ի լուր աշխարհի նախ շտապում է հայտարարել, որ ինքը ժողովրդի ընտրյալն է, ժողովրդի ծոցից ելած վարչապետը, իսկ ահա «ՀՀ-ում մնացած բոլոր քաղաքական ուժերը քաղաքական ուժեր չեն, ընտրակաշառք բաժանողներ, հանցագործներ, հայրենիքի թշնամիներ են»: Անշուշտ, սա ակնհայտորեն բռնակալական կարգեր հաստատելու մարմաջով համակված անհատի մտազեղում է, բայց նաեւ պատճառ է, որ ցանկանանք պարզել, թե, այնուամենայնիվ, որտեղի՞ց նրան այդքան համարձակություն՝ հրապարակավ նման հայտարարություն անելու համար, եւ ինչո՞ւ են այդպիսիք սովորաբար ժողովրդի անունից հանդես գալիս: Հետամուտ լինելով հարցադրմանը, շատ արագ բացահայտում ենք, որ այդ իրավունքը նրան տվել է ընտրողը, այն է՝ ժողովուրդը: Եվ երբ նա սկսում է անընդհատ կրկնել, թե ինքը կատարում է ժողովրդի կամքը, ցավոք, այնքան էլ անիրական բան չի ասում: Սակայն այստեղ կա մի «բայց», որը պահանջում է չանտեսել իրեն: Վերջապես, արդեն որերորդ «խայտառակ, խուժան ընտրությունների» դառը փորձից ելնելով, որոշ ընտրողներ սկսել են բարձրաձայնել մի պարզ ճշմարտություն. երբ «ընտրյալն» ասում է, թե ինքը ժողովրդի ներկայացուցիչն է, ապա թող ասի, թե ո՞ր ժողովրդի ներկայացուցիչն է: Չէ՞ որ ժողովուրդը մեկ մարդ չէ, մեկ կուսակցություն չէ, մեկ կարծիք չէ: Հետո գալիս են իրենց պատկերացրած ժողովրդի, ավելի ճիշտ՝ ընդհանուր ժողովրդի իրենց պատկերացրած հատվածի բնութագրումները՝ տգետ օխլոս (ամբոխ), գրպանային մտավորականություն, դիմադրողականությունից զուրկ էլիտա եւ այլն: Սակայն հանուն ճշմարտության պետք է ասել, որ այդ բոլոր բնորոշումները վերաբերում են ոչ թե ժողովրդին, այլ՝ ընտրազանգվածին, որը միշտ էլ կազմել է ժողովրդի մի մասը միայն: Հետեւաբար՝ ինչ գնահատական ու որակում էլ տրվի այդ ընտրազանգվածին, միեւնույն է, այն լինում է ընդհանրական, անհասցե, ավելին՝ լղոզված: Ահաեւ պատճառը, թե ինչու ընտրություններից հետո չենք կարողանում հստակ եզրակացություններ ու համապատասխան վերլուծություններ անել, որպեսզի գոնե հաջորդ անգամ երկրի կառավարման համար հիրավի պետականամետ ու ժողովրդանվեր ուժերին վստահենք առաջնորդության պարտականությունն ու պատասխանատվությունը: Ինչ անել: Անշուշտ, անառարկելի փաստ է, որ Հայաստանում բոլոր տեսակի ընտրությունները անց են կացվում դեմոկրատիայի՝ ժողովրդավարության պահանջներին համապատասխան: Դա նախեւառաջ նշանակում է, որ, բացի հոգեկան հիվանդության պատճառով անգործունակ ճանաչված անձանցից, ՀՀ մնացած բոլոր չափահաս քաղաքացիներն իրավունք ունեն մասնակցելու նշյալ քվեարկություններին: Այստեղ ամեն ինչ կա՝ մարդու իրավունքներ, իրավահավասարություն եւ այլն, եւ այլն: Եվ, ուրեմն, տավարածն ու ակադեմիկոսը, արեւածաղկի սերմ վաճառողն ու աշխարահռչակ արվեստագետը, եկեղեցու դռան մուրացկանն ու փիլիսոփան ընտրությունների ժամանակ հավասար են, նույնն են, որովհետեւ բոլորն էլ մեկ ձայն ունեն: Հետո գալիս է ճշմարտությունն ակնհայտ դառնալու պահը, եւ նույն այդ ընտրողների զգալի մի հատված դժգոհ է մնում ընտրությունների ընդհանուր արդյունքից: Իսկ թե կոնկրետ ումի՞ց՝ այլեւս անհնար է պարզել: Դեմոկրատիան դա թույլ չի տալիս՝ քվեարկության գաղտնիությունը սահմանված է օրենքով: Ասել է, թե՝ վե՞րջ, փակուղի՞, հետո արդեն հինգ տարի կարող ես միայն հռետորական հարց բարձրացնել, թե այդ ովքե՞ր էին, որ այսինչ ուժին ձա՞յն տվեցին: Բայց դրանով կարո՞ղ ես ազգիդ հետագա ընթացքում ինչ-ինչ շտկումներ անել: Իհարկե՝ ոչ: Փորձենք ելք առաջարկել: Չխախտելով նշյալ երկու հիմնարար դրույթները՝ յուրաքանչյուր քաղաքացի ընտրելու իրավունք ունի եւ քվեարկության գաղտնիությունը պահպանվում է օրենքով, կարծում ենք կարելի է ընտրությունների արդյունքների համապատկերը հավաքել մեկ այլ սկզբունքով: Ահավասիկ, թե ինչպես: Ժողովուրդը, հասարակությունը, տվյալ դեպքում՝ ընտրազանգվածը բաղկացած է շերտերից, խավերից, այն է՝ աշխատավորներ, տնտեսվարողներ, պետական ծառայողներ, մտավորականներ, զինվորականներ, հոգեւորականներ: Ինքնին հասկանալի է, որ այս խմբերն ունեն իրենց ենթախմբերը: Արդ, եթե այսօր «ժողովրդի կամարտահայտության» արդյունքները մենք տեսնում ենք ըստ բնակավայրերի, ըստ համայնքների, եւ դա գաղտնիք չի համարվում, ապա ի՞նչ է խանգարում, որ մենք առանձին-առանձին ունենանք նաեւ ազգաբնակչության, տվյալ դեպքում՝ ընտրողների, տարբեր շերտերի քվեարկության արդյունքները: Աներկբայորեն դա չի կարող քվեարկության գաղտնիության խախտում համարվել, սակայն կարող է չափազանց մեծ նշանակություն ունենալ այն պարագայում, երբ կկամենանք համապատասխան եզրակացությունների ու հետեւությունների համար թեկուզ խիստ ընդհանրացված պատասխանն ունենալ այն հռետորական հարցի, թե՝ «ընտրյալը ո՞ր ժողովրդի ներկայացուցիչն է»: Վստահաբար, դա մեզ հնարավորություն կտա շատ ավելի իրատեսական որոշումներ կայացնել երկրի հետագա կառավարման ծրագրեր կազմելիս: Ոչ մի տեսակի հանրային հարցում չի կարող նույն արդյունավետությունն ունենալ: Ուստի՝ կատարենք առաջին քայլը եւ ՀՀ հպարտ քաղաքացիներից բաղկացած ընտրազանգվածը պայմանականորեն (խիստ պայմանականորեն) բաժանենք երկու մասի՝ հասարակ ընտրողների եւ զբաղմունքով կամ մասնագիտությամբ զանազանվողների: Առաջին խմբում, բնականաբար, նկատի ունենք ազգաբնակչության լայն զանգվածներին, մեր քաղաքների ու գյուղերի այն աշխատող ու չաշխատող հայրենակիցներին, ում սովորաբար համարում ենք շարքային քաղաքացիներ: Նրանք ընտրության օրը կգնան եւ իրենց ընտրատեղամասերում կկատարեն իրենց ընտրությունը: Ինչ վերաբերում է երկրորդ խմբին, ապա այստեղ մի շարք հստակեցումներ են անհրաժեշտ: Նախ՝ ընդգրկումը, թե ովքեր պետք է ներառվեն այդ խմբում: Թեկուզ նախնական պատկերացում կազմելու համար եթե մեքենայորեն առանձնացնենք առաջին խմբի ընտրողներին, ապա կմնան պետական ծառայողները, մտավորականները, զինվորականները, կրոնավորները: Նրանց կարելի է համարել նաեւ իստեբլիշմենտ՝ հասարակության վերնախավ: Անշուշտ, շատ պայմանականորեն: Այսպիսով, կունենանք ընտրողների երկու խումբ, որոնց ընտրարդյունքի հիման վրա կարող ենք եզրակացնել, թե այդ ո՞ր ժողովուրդն է ընտրել նույն քաղաքական ուժին: Այժմ մի կողմ թողնենք առաջին խումբը (նրանց քվեարկության արդյունքը տվյալ պարագայում երկրորդական է, քանզի ընդհանուր առմամբ լինելով ավելի մեծաթիվ, այնուամենայնիվ, գտնվում են երկրորդ խմբի գրեթե համակ ազդեցության ներքո) եւ զբաղվենք երկրորդով, քանզի որոշիչը այդ խմբի ներկայացուցիչներն են: Բայց քանի որ գործող ընտրակարգը թույլ չի տալիս բացահայտել, թե ինչպես են քվեարկել, ասենք, այս կամ այն բուհի դասախոսները, հետեւաբար հարկ է, որ նրանց հնարավորություն տրվի քվեարկել միատեղ: Իսկ դրա համար հարկավոր է, որպեսզի տվյալ բուհում ընտրական տեղամաս բացվի: Ընդամենը: Այսինքն, առանձին ընտրատեղամասեր զորամասերում՝ զինվորականների համար, բուհերում՝ պրոֆեսորադասախոսական կազմի համար, ԳԱԱ նախագահությունում կամ գիտական ինստիտուտներում՝ ակադեմիայի աշխատակիցների համար, ստեղծագործական միություններում՝ գրողների, նկարիչների, կոմպոզիտորների, ճարտարապետների, կինոգործիչների եւ թատերական գործիչների համար, ՀՀ-ում գրանցված կրոնական կազմակերպությունների հոգեւոր կենտրոններում կամ գրասենյակներում՝ կրոնավորների համար, պետական կառավարման համակարգի մարմիններում (նախարարություններ, մարզպետարաններ, խոշոր քաղաքապետարաններ եւ այլն)՝ պետական ծառայողների համար: Ցանկը կարելի է համալրել՝ մեզ համար կարեւորը սկզբունքն է, այն՝ որ երկրորդ խմբի մեջ մտնող քաղաքացին քվեարկի ոչ թե ըստ իր բնակության վայրի, այլ՝ ըստ ծառայողական կամ մասնագիտական պատկանելության: Այսկերպ մենք կունենանք բոլորիս հուզող ամենակարեւոր հարցի պատասխանը, այսինքն՝ թե ժողովրդի ո՞ր մասն ինչպե՞ս է քվեարկել եւ, ըստ այդմ, որքա՞ն է եղել առանձին խմբերի մասնակցությունը, ի՞նչ չափով է եղել իշխանական ռեսուրսի կիրառելիությունը, ի՞նչ ասել է ԿԸՀ գաղտնի ցուցակ, ինչպե՞ս է գոյանում այն առեղծվածային 200.000 ձայնը, որը ոչ հարցումների ժամանակ, ոչ այլ պարագաներում չի երեւակվում, իսկ ահա ընտրությունների ժամանակ ի հայտ է գալիս հօգուտ հաղթողի, պարտվողն էլ շտապում է հայտարարել, թե այն պարզապես ընտրակեղծիք է: Հակառակ դեպքում քիչ է ասել, թե «ազգի եւ ազգային պետության գոյության միակ երաշխավորն իրականում ազգային վերնախավն է՝ քաղաքական, հոգեմտավոր, տնտեսական ու ռազմական ընտրանին, որի անգործունակության դեպքում կոչնչանան թե՛ մեկը, թե՛ մյուսը» (Արման Մելիքյան): Պարզենք, ուրեմն, թե նույն այդ ընտրանին ինչպես է մասնակցում իր ժողովրդի ներկան կազմակերպելուն եւ ապագան կերտելուն: Ոչ անձնապես, այլ հավաքաբար, խումբ առ խումբ: Իսկ դա ամենեւին էլ բարդ չէ: Հարկավոր է պարզապես մի քանի տասնյակ ընտրատեղամաս ավելացնել այն 2005 տեղամասերին, որոնք հանրապետությունում գործում են համաժողովրդական ընտրությունների ժամանակ: Վստահաբար կարելի է պնդել, որ խնդրո վերաբերյալ յուրաքանչյուր իրավական, ֆինանսական ու կազմակերպական հարց լուծելի է: Մնում է, որ պատկան մարմինները եւ, հատկապես, ներկայիս ազդեցիկ քաղաքական ուժերը գիտակցեն խնդրի կարեւորությունը եւ չխուսափեն յուրատեսակ այդ լյուստրացիայի կիրառումից, որպեսզի ի վերջո պարզեն, թե ժողովրդի այդ ո՞ր անգիտակից ու ապազգային մասն է, որ իր մերկանտիլ մտածողությամբ պարբերաբար նպաստում է Հայաստանի Հանրապետությունում իշխանության գալու կոկիստոկրատների այս կամ այն խմբին: ՀԱՄԼԵՏ ԴԱՎԹՅԱՆ Պատմաբան, հրապարակախոս Հ. Գ.- Կակիստոկրատիա – տերմին, որը բնութագրում է մի համակարգ, որտեղ կառավարում են վատագույնները՝ ամենացածր որակավորում ունեցող եւ ամենաանբարեխիղճ քաղաքացիները: Բառացի թարգմանվում է որպես « վատթարների կառավարում»: The post Որպեսզի ոչ ոք չթաքնվի ժողովրդի անվան տակ appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Որպեսզի ոչ ոք չթաքնվի ժողովրդի անվան տակ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

Տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել քաղաքական, սոցիալական, տնտեսական և իրավական լրջագույն խնդիրների. հայտարարություն
Azg / 54 minutes ago

ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել ՏԻՄ ընտրություններին ընդառաջ
Azg / 12 hours ago

Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ
Azg / 13 hours ago
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով
Azg / 13 hours ago
Related coverage

ՌԴ երկաթուղիները դիտարկում են Վրաստանի տարածքով Թուրքիայից և Ադրբեջանից միրգ ու բանջարեղեն ներկրելու հնարավորությունը
1in.am / 10 hours ago

Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանի հռետորաբանությունը կարող է փոխվել․ Դմիտրի Սոլոննիկով
Alpha News / 11 hours ago

Բեյջի թելից գումար թռցնողների թիմակիցները չպետք է նման մեկնաբանություններ անեն․ Տիգրան Աբրահամյան
168 Jham / 16 hours ago

Հայաստանն այսօր ռուսական գազին համարժեք այլընտրանք չունի․ Կոնստանտին Սիմոնով
Alpha News / 17 hours ago