https://www.youtube.com/watch?v=0Vv3gKvGdLU Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը Ստամբուլում՝ Վերոնայի եվրասիական տնտեսական XIX համաժողովի շրջանակում, Alpha News-ին մեկնաբանել է, թե ներկայիս պայմաններում Հայաստանը կարո՞ղ է այլընտրանք գտնել ռուսական գազին, հատկապես՝ այդքան ցածր գնով։ «Այս հարցին բավականին հեշտ է պատասխանել։ Նույնիսկ ներկայիս իրավիճակից շատ հեռու պայմաններում դա գործնականում անհնար կլիներ՝ զուտ տեխնոլոգիական տեսանկյունից։ Այսօր Հայաստանի գազի մատակարարումների ծավալների և հնարավորությունների առումով իրական այլընտրանքներ չկան։ Ներկայիս պայմաններում, ինչպես հասկանում եք, դա ավելի բարդ է։ Աշխարհում գազի գները շատ բարձր են։ Կարող եք տեսնել, թե որքան արժե գազն այսօր եվրոպական հանգույցներում։ Ինչպես գիտենք, մեծածախ գինը տատանվում է հազար խորանարդ մետրի դիմաց շուրջ 1000 դոլարի սահմաններում։ Ուստի պետք է հասկանալ նաև Ռուսաստանի դիրքորոշումը․ այստեղ Հայաստանի նկատմամբ քաղաքական ճնշում չկա։ Գաղտնիք չէ, որ Հայաստանը, եթե չհաշվենք Բելառուսը, «Գազպրոմի» բոլոր գործընկերների շրջանում գազը ստանում է ամենացածր գնով։ Հայաստանի համար գործում է հատուկ գին, որը պայմանավորված է ինտեգրացիոն նախագծերին՝ միասնական Մաքսային միությանը մասնակցությամբ։ Այսինքն՝ սա տնտեսական ինտեգրման գործընկերների համար նախատեսված գին է։ Եթե ինտեգրում չկա, ապա գինը կարող է այլ լինել։ Տեսնենք, թե որքանով այն կբարձրանա, սակայն պետք է հստակ հասկանալ տրամաբանությունը։ Կրկնում եմ՝ քաղաքական ճնշում չկա։ Պարզ տրամաբանություն է․ եթե չեք ցանկանում մասնակցել տնտեսական նախագծերին և տնտեսական ինտեգրմանը, ապա տարօրինակ է ակնկալել ամենաէժան գազը։ Կրկին ընդգծեմ՝ Հայաստանի համար գազի գինն ամենացածրն է Բելառուսից հետո։ Սակայն, ինչպես տեսնում եք, Բելառուսն ակտիվորեն զարգացնում է Ռուսաստանի հետ տնտեսական գործընկերությունը։ Բելառուսը մտադիր չէ դուրս գալ ինտեգրացիոն նախագծերից։ Ահա և ամբողջը։ Հետևաբար, այլընտրանք գտնել հնարավոր չէ»,- հայտարարել է Սիմոնովը։ Փորձագետը հավելել է, որ Ադրբեջանն ու Իրանը չեն կարող Հայաստանին անհրաժեշտ ծավալներով գազ մատակարարել, առավել ևս՝ համադրելի գնով։ «Ադրբեջանն այժմ ազատ գազ չունի, քանի որ ամբողջ գազը վաճառում է Եվրոպային։ Եվրոպայում ադրբեջանական գազի համար հերթ է գոյացել, և այն գնում են։ Իրանի հետ կապված նախագծերը տեխնոլոգիական տեսանկյունից չափազանց բարդ են։ Հետևաբար, կրկնում եմ՝ այդ գազը գտնելը շատ դժվար կլինի, իսկ դրա գինն ակնհայտորեն ավելի բարձր կլինի, քան «Գազպրոմի» առաջարկած գինը։ Կարծում եմ՝ դժվար թե «Գազպրոմը» գինը բարձրացնի ավելի քան երկու անգամ։ Սակայն նույնիսկ եթե ներկայիս գնին նույնքան գումարվի, այսինքն՝ այն կրկնապատկվի, միևնույն է, այն ավելի ցածր կլինի, քան այլընտրանքային մատակարարումների հնարավոր գինը։ Հետևաբար, օբյեկտիվորեն ավելի էժան կլինի վճարել նոր գնով։ Իսկ այդ նոր գինը կարող է և չլինել, եթե Հայաստանը ճիշտ որոշում կայացնի։ Բայց ընտրությունը Հայաստանի կառավարությանն է»,- եզրափակել է Սիմոնովը։ The post Հայաստանն այսօր ռուսական գազին համարժեք այլընտրանք չունի․ Կոնստանտին Սիմոնով appeared first on Alphanews .