Զաքարյան եղբայրների միջնադարյան Հայաստանում շինարարական, մշակութային, ռազմական ու քաղաքական գործունեության մասին հիշում ենք միշտ հպարտությամբ ու գնահատանքով: Եղբայրները իշխանության են եկել եւ իրենց հայանպաստ գործունեությունն են ծավալել Անիի Բագրատունիների թագավորության անկումից անմիջապես հետո, 1045-ից սկսած: Զինակցելով Վրաստանի թագավորության հետ ազատագրել են Կյուրիկյան թագավորության ամբողջ տարածքը, Գուգարքի արևելյան և Ուտիքի արևմտյան շրջանները: Վրաց Թամար թագուհին Սարգիս Զաքարյանի որդի Զաքարեն նշանակվել է ամիրսպասալար, եղբայրը` Իվանեն արքունիի մեծ վեզիրն էր: Զաքարյան տոհմը Հայաստանում կառավարել է ԺԱ-ԺԳ դարերում, որի պայծառ ներկայացուցիչներն են եղել Զաքարե Բ-ն, Իվանե Ա-ն, Զաքարե Բ-ի որդի` Շահնշահ Ա-ն, Իվանե Ա-ի որդի` Ավագը եւ ուրիշներ: Զաքարյան եղբայրները Հառիճավանքը գնելուց հետո որոշում են վանքը ընդարձակել եւ Է դարի` արտաքուստ քառախորան հնգակող եզրապատի մեջ ամփոփված, գմբեթավոր Սբ Գրիգոր եկեղեցու հյուսիս-արեւելյան հարեւանությամբ` եկեղեցուց ոչ շատ հեռու, նախաձեռնում եւ կառուցում են Սուրբ Աստվածածին ներքուստ խաչաթեւ, գմբեթավոր դահլիճ հորինվածքի մեծ եկեղեցին ավարտելով այն 1201 թվականին: Եկեղեցին աչքի է ընկնում իր արտաքին քանդակազարդ թմբուկով, հովհարաձեւ վեղարով ու երկրաչափական շուրջբոլոր ելուստավոր գոտիով ու քանդակային պերճությամբ: Արեւելյան ճակատին, գեղեցիկ շրջանակի մեջ, պատկերված են Զաքարյան եղբայրների բարձրաքանդակները: Ներքինը շատ հմայիչ է, աղոթասրահը ընդարձակ, բեմի ճակատամասը շատ բարձր ու քանդակազարզ, անկյունային չորս երկհարկ ավանդատներից հյուսիս-արեւմտյանի ու հարավ-արեւմտյանի երկրորդ հարկաբաժիններն ունեն գեղեցիկ, կամարակապ օթյակներ, որտեղ բարձրանում են պատին ագուցված հենաստիճաններով: Գմբեթատակ քառակուսու անցումը գլանաձեւ թմբուկին արված է չորս անկյունային առագաստների միջոցով: 1219-ին, Զաքարյանների տան հեջուբ Վահրամը, կառուցվում է կաթողիկե եքեղեցու արեւմտյան ճակատին կից` չորս ազատ սյուների վրա հենված հոյակապ` կենտրոնական շթաքարերով զարդարված գմբեթածածկով ու նրա շուրջբոլոր տարածվող գրեթե հարթ, կեսոնային իննը ծածկերով եզերված գլուխգործոց գավիթը: Հրաշակերտ այս վանքային համալիրին առավել շքեղություն պարգեւելու միտումով, Զաքարյանների արվեստագիտական ավանդույթների հետնորդները որոշում են ավելի գեղեցկացնել գավթի ներքին հարդարանքը եւ 1235-ին նկարազարդել են տալիս Սուրբ Աստվածածին եկեղեցու արեւմտյան մուտքի վերնամասում գավթի կամարատակի որմնանկարը: Մատենագիր, պատմական աղբյուրներում որմնանկարի մասին գրեթե լրիվ բացակայող հիշատակություններից բացի, նույնիսկ բանավոր ակնարկներն են սակավ: 2021-ին իմ ու որմնանկարի արհեստավարժ վերականգնող Քրիստին Լամուրեի Հառիճավանք այցելության ժամանակ տեսել, փաստագրել, լուսանկարել ենք շատ վատ պահպանված, մթության մեջ մոռացության մատնված որմնանկարի խղճուկ հետքերը ու որոշել դրանք ուսումնասիրել եւ փորձել վերականգնել: Երբ որմնանկարի պահպանված բեկորների մեջ, պատկերագրության ստորին հատվածում, տեսանք հայերեն ներկագիր արձանագրության հետքեր ու փորձեցինք վերծանել դրանք, հրատարակված գտանք նաեւ արձանագրության սկզբնամասի տարեթիվը` «:ՈՁ[Դ]:» (680+551=1231): Այս հանգամանքը վերջնականապես համոզեց մեզ առաջարկ-նախագից պատրաստել ու ներկայացնել ՀՀ ԿԳՄՍ-ի նախարարության Պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն ու ՄԱՍԷ, որմնանկարը մաքրելու, ամրակայելու, պահպանելու ու մասնակի վերականգնելու առաջարկով: 2022-ին որմնանկարի վրա աշխատանքները սկսելու համար թույլատվություն ստանալուց հետո լաբորատոր անալիզների համար որմնանկարի մակերեսից վերցրել ենք սվաղի եւ գունափոշիների նմուշներ, որմնանկարի երկու տեղում կատարել փորձնական մաքրման, ամրակայման, սվաղի եւ պատի դատարկ տեղերի ներարկման, սվաղի եզրերի ամրացման, մասնակի վերականգնման ու նոր սվաղի վրա գունային թույլ լրացուման միջամտություններ: Ստացված գոհացուցիչ արդյունքների մասին ներկայացրել ենք հաշվետվություն, որից հետո քննարկվել է դարերի ընթացքում գավիթի տանիքի եւ Սուրբ Աստվածածին եկեղեցու արեւմտյան ճակատի երկայնքով անձրեւաջրերի ներթափանցման խնդրի առկայությունը եւ որմնանկարի պատի խոնավության վերացման հնարավորությունները: ԱԹՍ-ի միջոցով կատարվել են լուսանկարչական եւ տեսագրական նկարահանաումներ, որոնք հնարավորություն տվեցին քննարկել գոյություն ունեցող իրավիճակը եւ ներկայացնել ջրամեկուսացման համար նախաքննական նախագիծ-առաջարկը, որը ընդունվեց նախարարության հատուկ գիտամեթոդական հանձնախմբի կողմից: ազգԽոնավության առկայության պատճառով որմնանկարի վերականգնման ու պահպանական ամրացման աշխատանքներին նախորդեցին լաբորատոր անհրաժեշտ հետազոտություններ, որոնք նպատակ ունեին հայտնաբերել որմնանկարի մակերեսին առկա սնկաբանական նստվածքներն ու աղակալման առկայությունը եւ առաջարկել դրանց վերացման մեթոդաբանությունը: Անհրաժեշտ նմուշները վերցվել են ու լաբորատոր ուսումնասիրության համար հանձնվել Երեւանի Մատենադարանի լաբորատորիա: 2024-ին մեր նախաձեռնությամբ ու ծախսերով Իտալիայից բերված նյութերով Հառիճավանքի գավիթի տանիքի եւ Սուրբ Աստվածածին եքեղեցու ճակատի հպման երկայնքի ծածկասալերը մաքրվել են փոշուց, բուսական ծածկույթից եւ ամբողջ երկարությամբ անցկացվել ջրամեկուսիչ հատուկ շերտի սոսնձում: Գավիթի որմնանկարված պատի տարբեր հատվածներում չափվել է խոնավությունը եւ կազմվել են քարտեզագրեր: Սնկաբանական եւ աղերի իսկությունը ստուգելու նպատակով, վերցվել են լրացուցիչ նմուշներ, որոնց լաբորատոր անալիզները կատարվել են Իտալիա Վիչենցա քաղաքի «Պալլադիո» միջազգային լաբորատորիայում: Հաջորդ տարի` 2025-ին, չափվել են մեկ տարի առաջ ջրամեկուսացման միջամտությունից հետո որմնանկարի նույն կետերի խոնավությունը եւ համոզվելով, որ արդյունքները գոհացուցիչ են, որմնանկարի ամբողջ մակերեսին անց են կացվել սնկաբանական ախտահանում՝ փորձելով միանգամից երեք տարբեր քիմիական նյութեր: Չորս օր սպասելուց հետո հավաքել ենք սնկաբանական ախտոտության բնօրինակները եւ հանձներլ Մատենադարանի լաբորատորիա: ՀՀ ԳԿՄՍ-ի նախարարությունից ու ՄԱՍԷ-ից թույլատվություն ու համաձայնություն ստանալուց հետո, այս տարի, 2026-ին, վերջապես, հինգ տարի տեւած ուսումնասիրություններից հետո, ստացանք Հառիճավանքի որմնանկարի վերականգնման թույլտվությունը: Հառիճավանքի որմնանկարի գունափոշու թեփուկոտված հատվածների ամրակայման, սվաղի եզրերի ու դատարկ հատվածների ամրակայման, ներարկման ու գունային թույլ լրացումների աշխատանքները սկսվեցին ս/թ հունիսի 3-ին եւ ավարտվեցին հուլիսի 7-ին: Որմնանկարի վրա իրականացված բոլոր այս աշխատանքները կատարվել են մեծ համբերությամբ ու ջանասիրությամբ վերականգնող մասնագետ Քրիստին Լամուրեի կողմից: Մթության, խոնավության մեջ շատ վատ պահպանված երեք քմ ընդհանուր մակերեսով որմնանկարի վերականգնված բեկորները այժմ տեսանելի են որմնանկարի նոր լեդային լուսավորության շնորհիվ նաեւ: Մոտ 800 տարի առաջ նկարված ու մեզ շատ վատ վիճակում հասած որմնանկարի պատկերագրությունը հիմա հնարավոր է ընթերցել ու մեկնաբանել: Խոսքը վերաբերում է «Օդիգիտրիա» այսինքն` Աստվածամայրը Մանկան հետ պատկերագրությունը, որտեղ Աստվածամայրը նստած է բավական փառթամ գահին, Մանուկ Քրիստոսին նստեցրել է իր ձախ ծունկին, ձախ ձեռքը հենել է մանկան ուսին, աջ ձեռքով ցույց է տալիս Փրկչի գալուստը մինչ Մանուկը, ձախ ձեռքին դեպի վար հայատառ մագաղաթ է պարզել, իսկ աջ ձեռքով օրհնում է ներկաներին: Մագաղաթի տեքստը հիմնականում չի պահպանվել, սակայն սկզբնական երկու տողերում ընթերցվում է. «ԵՍ ԵՄ ԼՈ/ՅՍ/ ԱՇԽ[ԱՐՀԻ»: Աստվածամոր ու Մանուկի դեմքերից պահպանվել են միայն լուսապսակի ու մազերի փոքր հատվածներ, մինչ երկուսի ձեռքերը լավ ընկալվում են: Աստվածամոր գահին նստած մարմնի միայն գոգկատեղն է պահպանվել մինչեւ ծնկի վերին մասը: Կենտրոնական հորինվածքի աջ եւ ձախ մասերում շատ վատ պահպանվել են ոտքի կանգնած թեւերը դեպի վար շրջած, հավանաբար Գաբրիել ու Միքայել հրեշտակապետերի մարմինների միջին մասերը: Գլխի եւ ոտքերի հատվածները դժբախտաբար չեն պահպանվել: Աստվածամոր աջ կողմում պահպանված հրեշտակապետի կրծքամասի զգեստը շատ հետաքրքիր է ու գունագեղ: Վերնամասում նկատվում է ծնոտի մի փոքր պահպանված հատված եւ լուսապսակի սվաղի վրա մի փոքր խազագիծ: Պահպանվել է ձախ կողմի հրաշտակապետի ձախ ձեռքում պահած մեծ գնդի գրեթե կեսը: Պատկերագրական ավանդության համաձայն, հավանական է, որ աջ ձեռքում հրեշտակապետը պետք է պահած լիներ երկարավուն գավազանը: Շատ վատ վիճակում պահպանված, սակայն հիմա վերականգնված ու ամրակայված որմնանկարի ընդհանուր պատկերագրության տեսանելի 35 տոկոսը հնարավորություն չի տալիս լիարժեք վերարտադրել ամբողջական բնօրինակ պատկերագրության նկարչական հորինվածքը: Այս միտումով, մտադիր ենք ԱԲ-ն եւ նկարիչների օգնությամբ վերականգնել որմնանկարի ընդհանուր վերացական պատկերը եւ լուսարձակների միջոցով, պահպանված որմնանկարի բեկորների նույն պատին, վերարտադրել որմնանկարի ամբողջական պատկերը գծային եւ գունային հնարանքով: Որմնանկարի մեզ հասած վատթար վիճակի հիմնական պատճառը անշուշտ անձրեւաջրերի երկարատեւ ներթափանցումն է գավիթի կամարի ու կաթողիկե եկեղեցու պատի արանքից: Որմնանկարի քիչ պահպանված մակերեսին առկա են վանդալների կողմից քարկոծության հետեւանքով առաջացած բազմաթիվ անկանոն փոսիկներ, որտեղ բնականաբար ներկանյութը չի պահպանվել: Որմնանկարի միջին մասում եկեղեցու պատի քարերի կարանների հորիզոնական ընդարձակ երկարությամբ, ամբողջական սվաղը թափվել է իր հետ տանելով որմնանկարի ընդարձակ նկարչական մի հորինվածք: Հառիճավանք այցելողները այժմ արդեն ունեն եւս մեկ տեսանելի հրաշալիք, որը դարերի ընթացքում մոռացության էր մատնվել եւ անտեսանելի մնացել մութ ու խոնավ պատին: Շնորհակալ եմ իմ լավ բարեկամ բելգիուհի որմնանկարի վերականգնման մասնագետ Քրիստին Լամուրեին նվիրյալ ու առատաձեռն ներդրումի համար, որի շնորհիվ այսօր կարելի է տեսնել Հառիճավանքի պահպանված որմնանկարի հատվածների վերականգնված դրվագները: ԱՐԱ ԶԱՐՅԱՆ Միրանո (Վենետիկ), Իտալիա, 23.07.2026 The post Հառիճավանքի որմնանկարի վերաhայտնությունը appeared first on Ազգ .
Translate this article
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Culture
Հառիճավանքի որմնանկարի վերաhայտնությունը

Comments
Sign in to join the conversation.
No comments yet — be the first to comment.
More from Azg
Related coverage

Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնով
168 Jham / 56 minutes ago

Լատվիական «Չորսը՝ ճամպրուկով» հաղորդաշարը բացահայտում է Դիլիջանն ու Հայաստանի զբոսաշրջային բազմազանությունը
1in.am / 1 hour ago

Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնով
24TV / 24News / 1 hour ago

Հայաստանը ճանաչվել է Եվրոպայի առաջատար ժառանգության ուղղություն 2026. World Travel Awards
Shant News / 2 hours ago



