Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Ակադեմիական քաղաք ծրագրի ընթացիկ աշխատանքները: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը զեկուցել է ծրագրի շրջանակում իրականացված և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել բովանդակային և ենթակառուցվածքային բաղադրիչներին: Ըստ այդմ՝ իրականացվել են բուհերի խոշորացման հայեցակարգի մշակման, կարիքների գնահատման աշխատանքներ, համագործակցություն է ծավալվել միջազգային հեղինակավոր բուհերի հետ առանձին կլաստերների շուրջ, որոշումներ են կայացվել հանրության գերակա շահի ուղղությամբ։ Գլխավոր հատակագծի, քաղաքաշինական զարգացման շրջանակի մշակման և գլխավոր հատակագծի տեղայնացման աշխատանքներն ավարտված են: ԿԳՄՍ նախարարը մանրամասներ է ներկայացրել նաև նախագծի ենթակառուցվածքների ստեղծման համար անհրաժեշտ ծախսերի գնահատման և իրականացման ժամանակացույցի վերաբերյալ: Քննարկվել են նաև Ակադեմիական քաղաք ծրագրի իրականացման հիմնական փուլերին առնչվող հարցեր: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ ծրագիրը պետք է իրականացվի ճշգրիտ բովանդակությամբ, հստակ ճանապարհային քարտեզով և համապատասխան հանձնարարականներ տվել պատասխանատուներին՝ առաջիկա անելիքների վերաբերյալ,- նշվում է հաղորդագրության մեջ: