ՌԴ գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսեյ Գրոմիկոն Հավաքական անվտանգության ապահովման միջազգային համաժողովի լիագումար նիստի շրջանակում Alpha News -ին մեկնաբանել է Եվրամիության ընդլայնման քաղաքականությունը և հետխորհրդային տարածքի երկրների՝ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարները։ Փորձագետի կարծիքով՝ հետխորհրդային պետությունների նկատմամբ Եվրամիության քաղաքականությունը երկար տարիներ էական փոփոխությունների չի ենթարկվել և պայմանավորված է Բրյուսելի՝ իր ազդեցության գոտին ընդլայնելու ձգտմամբ։ «Տարեցտարի, տասնամյակից տասնամյակ նույն գործընթացն է կրկնվում։ Եվրամիությունը շահագրգռված է ընդլայնել իր ազդեցության շրջանակը, ուստի այստեղ որևէ նոր բան չկա։ Հետխորհրդային տարածքի պետությունները նրա համար առանձնահատուկ կարևորություն ունեն պարզապես իներցիայի ուժով՝ ելնելով այն ամբողջ աշխարհայացքային մոտեցումից, որի համաձայն՝ հետխորհրդային տարածքը միշտ էլ Եվրամիության համար յուրատեսակ համեղ պատառ է եղել։ Այսպիսով՝ ոչ մի նոր բան չկա․ ամեն ինչ շարունակվում է նույն տրամաբանությամբ, որի մասին խոսել ենք դեռ 10 և 20 տարի առաջ։ Հավանաբար, այս տարածքն ընդլայնում են նախևառաջ ոչ թե ինչ-որ մեկին հակադրվելու, այլ սեփական շահերից ելնելով։ Ո՞վ չի ցանկանա ընդլայնել իր ազդեցության գոտին։ Այլ հարց է, որ ընդլայնման հետ մեկտեղ կարելի է սեփական տարածք ներմուծել նաև այնպիսի խնդիրներ, որոնք նախկինում տվյալ երկրի ներքին խնդիրներն էին։ Սակայն երբ այդ երկիրը միանում է ձեր միությանը, այդ խնդիրներն արդեն դառնում են ամբողջ կազմակերպության խնդիրը», -ընդգծել է փորձագետը։ The post Հետխորհրդային տարածքը ԵՄ-ի համար շարունակում է մնալ «համեղ պատառ»․ Ալեքսեյ Գրոմիկո appeared first on Alphanews .