Թուրքիան Հարավային Կովկասով անցնող և տարածաշրջանը թուրքական տարածքի հետ կապող Միջին միջանցքը համարում է միջազգային առևտրային ու տրանսպորտային կապերի զարգացման կարևորագույն բաղադրիչներից մեկը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, հայտնում է Anadolu գործակալությունը։ Նրա խոսքով՝ տրանսպորտային երթուղիների դիվերսիֆիկացումը դառնում է ռազմավարական անհրաժեշտություն, քանի որ այն հնարավորություն է տալիս ընդլայնել շուկաների հասանելիությունն ու ամրապնդել մատակարարման համաշխարհային շղթաները։ Ֆիդանը նշել է, որ Թուրքիան իր աշխարհագրական դիրքը դիտարկում է ոչ միայն որպես մայրցամաքները կապելու հնարավորություն, այլև որպես ռազմավարական պատասխանատվություն։ Այս ներուժն իրացնելու համար, նախարարի խոսքով, անհրաժեշտ են զարգացած ենթակառուցվածքներ, դիվանագիտական ջանքեր և տրանսպորտային երթուղիների անվտանգության բարձրացում։ Թուրքիայի արտգործնախարարը հեռանկարային նախագծերից է համարել նաև Պարսից ծոցը Իրաքի և Թուրքիայի տարածքով Եվրոպային կապող տրանսպորտային երթուղու ստեղծումը։ Անկարան ձգտում է նաև դիվերսիֆիկացնել էներգետիկ երթուղիներն ու մատակարարման աղբյուրները։ Ֆիդանի խոսքով՝ նման նախագծերը տարածաշրջանային կապերի ավելի լայն համակարգի մաս են, որը կարող է նոր տնտեսական հնարավորություններ ստեղծել և ամրապնդել քաղաքական համագործակցությունը։ —00—ՍՊ The post Թուրքիան Հարավային Կովկասով անցնող Միջին միջանցքը համարում է ռազմավարական նշանակության նախագիծ appeared first on 24News .