ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը շարունակում են բանակցությունները։ «Իրանի հետ մեր գործերը շատ լավ են ընթանում։ Մենք խոսել ենք և շարունակում ենք խոսել Իրանի հետ»,- Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը՝ չբացահայտելով շփումների բովանդակությունը։ Նա նաև պնդել է, որ ԱՄՆ-ի գործողությունների շնորհիվ Հորմուզի նեղուցը բաց է նավագնացության համար։ Միևնույն ժամանակ, Fox News հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ն դիտարկում է նոյեմբերի 9-ին Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու հնարավորությունը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ այս հարցով խորհրդակցություններ են անցկացվել Սպիտակ տանը նոյեմբերի 4-ին և 5-ին։ Աղբյուրների փոխանցմամբ՝ ուսումնասիրվում է նոյեմբերի 9-ին ռազմական գործողությունները վերսկսելու տարբերակը, քանի որ այդ օրը նորալուսին է լինելու, ինչը կարող է բարենպաստ պայմաններ ստեղծել ռազմական գործողության իրականացման համար։ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմը սկսել են փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել, որը նախատեսում էր բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում։ Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ն վերսկսել էր Իրանի ուղղությամբ լայնածավալ հարվածները՝ մեղադրելով Թեհրանին Հորմուզի նեղուցին վերաբերող պայմանավորվածությունները խախտելու մեջ։ Հորմուզի նեղուցով տեղափոխվում է նավթի համաշխարհային առևտրի շուրջ 25 տոկոսը և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ 20 տոկոսը։ Դրանից հետո ԱՄՆ վարչակազմը փաստացի ազդարարել էր Իրանի դեմ լայնածավալ ռազմական ուժի կիրառումը դադարեցնելու և պատժամիջոցների միջոցով նրա վրա տնտեսական ճնշում գործադրելու փորձի անցնելու մասին։ —00—ՍՊ The post Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակում է բանակցել Իրանի հետ appeared first on 24News .