Ժիտոմիրում էներգետիկ օբյեկտի վնասման հետևանքով վատթարացել է Կիևի էլեկտրամատակարարման իրավիճակը, իսկ Ուկրաինայի մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգում ճնշումն ընկել է։ Այս մասին հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ «Ժիտոմիրում էներգետիկ օբյեկտի վնասման պատճառով վատթարացել է նաև մայրաքաղաքի էներգամատակարարման իրավիճակը։ Կիևի ջրամատակարարման համակարգում նույնպես ճնշումն ընկել է», – գրել է Կլիչկոն Telegram-ի իր ալիքում։ Նա հավելել է, որ «Կիևվոդոկանալը» այն պոմպակայաններում, որտեղ հնարավոր է, էլեկտրասնուցումը փոխում է գեներատորների։ Ավելի վաղ Ժիտոմիրում պայթյուն էր տեղի ունեցել, որից հետո քաղաքում էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարել էր։ Ավելի ուշ Ժիտոմիրի մարզի իշխանությունները հայտնել էին էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտի վնասման մասին։