Դոհայում ընթացող հրաձգության աշխարհի 2026 թվականի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը 23-րդ տեղն է զբաղեցրել 10 մետր հեռավորությունից օդամղիչ ատրճանակով հրաձգության կանանց որակավորման փուլում։ Հայ մարզուհին վեց սերիաների արդյունքում հավաքել է 574 միավոր և չի կարողացել ընդգրկվել եզրափակչի ուղեգիր նվաճած լավագույն ութնյակում։ Կարապետյանին ընդամենը վեց միավոր չի բավականացրել լավագույն ութնյակում հայտնվելու համար։ Եզրափակիչ չանցնելու պատճառով հայ մարզուհին զրկվել է նաև Լոս Անջելեսում կայանալիք 2028 թվականի Օլիմպիական խաղերի երեք ուղեգրից մեկի համար պայքարելու հնարավորությունից։ Ավելի վաղ՝ նոյեմբերի 3-ին, Էլմիրա Կարապետյանը դարձել էր աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր 50 մետր հեռավորությունից ատրճանակով հրաձգությունում։ Սակայն այս մրցաձևն ընդգրկված չէ Օլիմպիական խաղերի ծրագրում։ Դոհայում հրաձգության աշխարհի առաջնությունն անցկացվում է նոյեմբերի 1-14-ը և հանդիսանում է 2028 թվականի Օլիմպիական խաղերի որակավորման փուլերից մեկը։