ԱՄՆ նախգահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին հայտնել է, որ Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Դմիտրիևը ժամանել է ԱՄՆ՝ հանդիպելու առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ, որը հինգշաբթի խոսել էր Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում հրադադարի շուրջ բանակցություններին իր մասնակցության մասին։ Հանդիպմանը մասնակցել են նաև Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպան Դմիտրի Լուբինեցը, Ուկրաինայի Գերագույն Ռադայում իշխանական խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան և Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան։ Թրամփը լրագրողներին հաստատել է, որ հանդիպել է Դմիտրիևի հետ, սակայն չի մանրամասնել, թե ինչ հարցեր են քննարկվել։ Միևնույն ժամանակ նա հայտարարել է. «Համաձայնություն կլինի, մեծ համաձայնություն կլինի, և այն կներառի ոչ միայն Ուկրաինան»։ «Եվ կարող եմ նույնիսկ ասել, որ այն, հնարավոր է, կվերաբերվի ամբողջ Եվրոպային։ Դա կլինի մեծ ու հրաշալի համաձայնագիր, և բոլորը հիացած կլինեն»,- հայտարարել է Թրամփը։ Նա այլ մանրամասներ չի հայտնել ենթադրյալ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ։ Նոյեմբերին Աբու Դաբիում նախատեսվում է պատերազմի ավարտի շուրջ եռակողմ բանակցությունների հերթական փուլը՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ։ Վերջին շաբաթներին մամուլում ենթադրություններ են հնչում, որ Ռուսաստանի հետ բանակցությունների ընթացքում քննարկվում է նաև եվրոպական անվտանգության ընդհանուր ճարտարապետությունը, որը, մասնավորապես, նախատեսում է Ուկրաինայի համար երկարաժամկետ անվտանգության երաշխիքներ։ Միևնույն ժամանակ, փորձագետները նշում են, որ Ռուսաստանը դեռևս չի ցուցաբերում պատերազմը դադարեցնելու իրական պատրաստակամություն և շարունակում է Կիևին ներկայացնել առավելապաշտական պահանջներ։ Դրանց թվում են Դոնբասի՝ դեռևս չօկուպացված տարածքները Ռուսաստանի վերահսկողությանը հանձնելու և Ուկրաինայի քաղաքական համակարգը վերափոխելու պահանջները։ Իր հերթին էլ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Ջարեդ Քուշները հայտնել է, որ ԱՄՆ վարչակազմի, ինչպես նաև Ուկրաինայի, ՆԱՏՕ-ի և եվրոպական երկրների ներկայացուցիչները Բրյուսելում հանդիպում են անցկացրել՝ քննարկելու Կիևի և ամբողջ եվրոպական մայրցամաքի անվտանգության երաշխիքները։ Քուշները չի հստակեցրել, թե ովքեր են մասնակցել, սակայն ավելի վաղ նման խորհրդակցություններին իր մասնակցության մասին հայտնել էր Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը։ Բրյուսելում հանդիպումը տեղի է ունեցել Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակությունների մասնակցությամբ եռակողմ բանակցությունների հերթական փուլից կարճ ժամանակ առաջ։ Դրանք նախատեսված են անցկացնել նոյեմբերի 10-11-ին՝ Աբու Դաբիում։ Քուշների խոսքով՝ Բրյուսելի հանդիպումը նվիրված է եղել երկարատև խաղաղության երկու «կարևորագույն և փոխկապակցված բաղադրիչներին՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին և եվրոպական անվտանգության ավելի լայն ճարտարապետությանը»։ «Մեր նպատակն է գործնական և համաձայնեցված միջոցների միջոցով փարատել բոլոր կողմերի անվտանգության հետ կապված մտահոգությունները՝ նվազեցնելով հետագա հակամարտության վտանգը»,- գրել է Քուշները։ Նա հավելել է, որ հաջորդ շաբաթ տեղի կունենա եռակողմ բանակցությունների հերթական փուլը, և ԱՄՆ-ն «աշխատել է երկու կողմերի հետ՝ մշակելու լուրջ առաջարկներ, որոնք ունակ են քննարկումները հնարավորինս արդյունավետ դարձնել»։ Ումերովն իր հերթին ֆեյսբուքում կատարած գրառման մեջ նշել է, որ Բրյուսելում բանակցությունների հիմնական թեման Ուկրաինայի անվտանգության երաշխիքներն են եղել, այդ թվում՝ ԱՄՆ-ի և մյուս գործընկերների կողմից տրամադրվող երաշխիքները, ինչպես նաև «եվրոպական անվտանգության նոր ռազմավարությունը»։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի