Քաղաքագետ Ալեքսեյ Անպիլոգովը Alpha News -ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի հնարավոր փոփոխությունն ու Եվրամիության հետ մերձեցման հեռանկարները։ Փորձագետի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները փորձում են միաժամանակ երկու հակադիր ուղղությամբ շարժվել՝ առանց գնահատելու երկրի արտաքին քաղաքական կողմնորոշման կտրուկ փոփոխության հնարավոր հետևանքները։ «Կարծում եմ՝ սա հերթական փորձն է՝ երկու աթոռի վրա միաժամանակ նստելու։ Եթե սկզբունքային նման հարց է բարձրացվում, նշանակում է, որ այս ուղղությամբ որոշակի նախապատրաստական աշխատանք, թեկուզև մտավոր մակարդակում, արդեն իսկ տարվում է։ Իսկ եթե նման աշխատանք չկա, ապա դա առավել ևս ցավալի ու կործանարար կլինի Հայաստանի համար։ Նման փոքր երկրի, ինչպիսին Հայաստանն է, առևտրատնտեսական գործընկերների ընտրությունը, չեմ վարանի ասել, կյանքի ու մահվան հարց է։ Բավական է դիտարկել Արևելյան Եվրոպայի փոքր երկրների տխուր ճակատագիրը, որոնք Եվրամիությանն անդամակցելու արդյունքում, ավելի շատ կորցրել են, քան ձեռք բերել։ Բուլղարիայի, Չեռնոգորիայի, Հյուսիսային Մակեդոնիայի օրինակները, որը ստիպված եղավ անգամ հրաժարվել սեփական անվանումից, իմ տեսանկյունից, բավական խոսուն են», — նշել է քաղաքագետը։ Փորձագետի խոսքով՝ Հայաստանն այսօր ղեկավարում են անհեռատես քաղաքական գործիչներ, ինչը լուրջ մտահոգություններ է առաջացնում երկրի ապագայի վերաբերյալ։ «Առանց գնահատելու այն ռիսկերը, որոնք կարող է առաջացնել փոքր երկրի արտաքին քաղաքական կողմնորոշման կտրուկ փոփոխությունը, ամեն ինչ կարող է ավարտվել խիստ ցավալի, եթե ոչ ողբերգական հետևանքներով։ Ուստի այս իրավիճակում կարող եմ միայն ցավակցել հայ ժողովրդին, որին այսօր ղեկավարում են այդքան անհեռատես քաղաքական գործիչներ, որոնք, ըստ էության, նույնիսկ նախապատրաստական աշխատանքներ չեն իրականացնում՝ չնայած արդեն իսկ կայացրել են սկզբունքային որոշում, որի մասին քաղաքական հայտարարություններ մի քանի անգամ հնչեցրել են», — հայտարարել է Անպիլոգովը։ The post ՌԴ-ի հետ տնտեսական համագործակցությունից հրաժարվելը Հայաստանի համար ողբերգական հետևանքներ կունենա. Ալեքսեյ Անպիլոգով appeared first on Alphanews .