Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը չի պատկերացնում իրավիճակ, երբ իշխանությունը Սահմանադրության նոր նախագիծ ներկայացնի, այն հանրաքվեով չընդունվի, բայց դրանից հետո արտահերթ ընտրություններ չանցկացվեն։ Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նա անդրադարձավ իր կողմից ընդդիմությանն ուղղված՝ իշխանության հրաժարականի առաջարկին։ «Ես հեռանալ չեմ ասել, ես ասել եմ՝ «հրաժարական տալ»: Հրաժարական տալը նշանակում է նոր ընտրություն»,- պարզաբանեց Միրզոյանը։ Նախարարի խոսքով՝ ընդդիմության բարձրացրած հարցերն ու իշխանության առաջարկները կարող են համատեղվել Սահմանադրության շուրջ մեկ համաժողովրդական քվեարկության շրջանակում։ Նա նշեց, որ անհրաժեշտ է նախ ներկայացնել Սահմանադրության նախագիծը, ապա դիմել ժողովրդին՝ բոլոր հարցերի պատասխանները մեկ քվեարկությամբ ստանալու համար։ Միրզոյանը հավելեց, որ կան էական հարցեր, որոնք դեռ պետք է ճշտվեն, որից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը կներկայացնի առաջարկն ավելի մանրամասն։ Հարցին՝ եթե Սահմանադրության նախագիծը հանրաքվեով չանցնի, արդյոք կլինեն արտահերթ ընտրություններ, Միրզոյանը պատասխանեց․ «Սա քաղաքագիտության դասագրքային օրինակ է: Ես չեմ կարող պատկերացնել կամ հիշել մի իրավիճակ, որ Կառավարությունը բերի Սահմանադրության նախագիծ, այն չանցնի, և դրանից հետո արտահերթ ընտրություններ չլինեն»։ Նա նշեց, որ նման դեպքերում, որպես կանոն, հաջորդում են խորհրդարանական կամ նախագահական արտահերթ ընտրություններ։ Իսկ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հարցին հակադարձեց․ «Ո՞վ է ասել՝ չմասնակցենք, ինչո՞ւ պիտի չմասնակցենք»։ Մանրամասները՝ տեսանյութում։ Արփի Հակոբյան