Մտահոգիչ է, որ փաստական անճշտություններ և սխալ գնահատականներ պարունակող Եվրահանձնաժողովի զեկույցը նպաստում է հակավրացական նարատիվների ամրապնդմանը, ինչն իր հերթին նվազեցնում է Եվրամիության կառուցողական ներգրավվածության և Վրաստանի հետ երկխոսության հնարավորությունները։ Այս մասին նշված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Նշվում է, որ վրացական կողմը մանրամասն կուսումնասիրի զեկույցը և Եվրահանձնաժողովին կներկայացնի հիմնավորված մեկնաբանություններ։ «Ինչպես հայտնի է, Եվրահանձնաժողովի զեկույցում տարվա ընթացքում արձանագրված առաջընթացն արտացոլվում է թեկնածու երկրների ներկայացրած տեղեկատվության, ինչպես նաև Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրով սահմանված երկխոսության ձևաչափերի շրջանակում իրականացված աշխատանքների հիման վրա։ Ցավալի է, որ հաշվետու ժամանակահատվածում ԵՄ կողմը, 2024 թվականի հունիսի 27-ի Եվրոպական խորհրդի եզրակացությունների հիման վրա և վրացական կողմի հետ երկխոսության դադարեցման պատրվակով, կրկին չի անցկացրել Ասոցացման համաձայնագրով նախատեսված որևէ հանդիպում՝ որևէ մակարդակով, ինչը էապես սահմանափակում է Եվրահանձնաժողովի կողմից առաջընթացի օբյեկտիվ գնահատման հնարավորությունը։ Մտահոգիչ է, որ փաստական անճշտություններ և սխալ գնահատականներ պարունակող Եվրահանձնաժողովի զեկույցը նպաստում է հակավրացական նարատիվների ամրապնդմանը, ինչն իր հերթին նվազեցնում է Եվրամիության կառուցողական ներգրավվածության և Վրաստանի հետ երկխոսության հնարավորությունները։ Անընդունելի է Եվրահանձնաժողովի զեկույցում ժողովրդի կողմից մեծ առավելությամբ ընտրված իշխանության՝ պետության կառավարումը յուրացնելու փորձ ներկայացնելը, մինչդեռ ցանկացած ժողովրդավարական հասարակությունում դա ընտրված իշխանությունների պարտականությունն է պետության և սեփական ընտրողների առջև։ Մտահոգիչ է, որ ընտրովի վերլուծության վրա հիմնված զեկույցը նպաստում է իրավական հարցերի քաղաքականացման փորձերին, ինչը խաթարում է իրավունքի գերակայության սկզբունքը և հանդիսանում երկրի ներքին գործերին միջամտելու բացահայտ փորձ։ Վրաստանի դեմ ուղղված տարբեր դերակատարների գործողություններին ի պատասխան վրացի քաղաքական գործիչների հայտարարությունները թշնամական հռետորաբանություն որակելը հարձակում է խոսքի ազատության սկզբունքի վրա, ծառայում է վստահության խաթարմանը և վնասում Վրաստանի ու ԵՄ-ի գործընկերության հիմքերին։ Չնայած նրան, որ ընդլայնման մասին զեկույցը հիմնականում օգտագործվում է Վրաստանի վերաբերյալ կողմնակալ գնահատականներ հնչեցնելու և քաղաքական շահարկումներն ամրապնդելու համար, վրացական կողմը մանրամասն կուսումնասիրի Եվրահանձնաժողովի զեկույցը և կներկայացնի հիմնավորված մեկնաբանություններ։ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ևս մեկ անգամ հաստատում է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ Եվրամիության հետ բաց և կառուցողական երկխոսություն վարելու փոխադարձ հարգանքի հիման վրա», – նշված է հայտարարության մեջ։