ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ / ICAO) Եվրոպական և Հյուսիսատլանտյան տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Նիկոլաս Ռալլոյի հետ։ Այս մասին հաղորդում են Կառավարության լրատվական ծառայությունից։ Զրուցակիցներն անդրադարձել են ԻԿԱՕ-ի հետ երկարամյա ու սերտ համագործակցությանը, մասնավորապես՝ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կառավարման համակարգի զարգացման և միջազգային չափորոշիչներին համապատասխանության ապահովման հարցերին։ Փոխվարչապետը կարևորել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի ինստիտուցիոնալ վերակազմակերպման և միջազգային մասնագետների ներգրավման ուղղություններով տարվող աշխատանքը, որը միտված է ամրապնդելու պետության թռիչքների անվտանգության, վերահսկողության և գործառնական կարողությունները,- ասված է հաղորդագրության մեջ։