ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը կարծում է, որ վաղ առավոտից մի քանի տասնյակ հասցեներում, այդ թվում իր և հորեղբոր՝ Սամվել Կարապետյանի տներում իրականացվող խուզարկությունները լիովին համապատասխանում են ընդդիմությանը «համոզելու» Փաշինյանի ծրագրում։ Այդ մասին նա ասաց Սամվել Կարապետյանի տան մոտ լրագրողների հետ զրույցում։Անդրադառնալով իր տանն իրականացված խուզարկությանը՝ Կարապետյանը նշեց, որ երեխայի համակարգչից բացի մի քանի քարթրիջներ են առգրավվել։ Խուզարկության գործընթացի մասին խոսելիս ընդդիմադիր ամենամեծ խմբակցության ղեկավարը կատակում է, թե փոքր երեխան ուրախացել էր։«Ես Աժ-ում էի, իմացա, որ արդեն մտել են։ Երեխաներն էին տանը, ընտանիքի անդամներ։ Սա թվով 4-րդ` հոբելյանական խուզարկությունն էր, փոքրը ուրախացել էր»,- ասաց Կարապետյանը։Ինչ վերաբերում է ՔԿ-ի տարածած հաղորդագրությանը՝ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի մասին, Կարապետյանը նշեց՝ իր կարծիքով սա բոլորովին այլ պատմություն է։Կարապետյանը չի բացառում, որ «համոզելու» գործընթացում ձերբակալություններ կլինեն։Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները խուզարկություն են իրականացնում «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի, խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տներում։ ՔԿ-ն ավելի ուշ հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ։