Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով ինքնաբացարկ հայտնելու համար Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանի նկատմամբ հայտարարվեց նկատողություն։ ԲԴԽ-ն բավարարել է Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը՝ հայտարարելով նկատողություն, գրում է «Փաստինֆո»-ն։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ է հարուցել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանի նկատմամբ։ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման հիման վրա։ Ըստ ԱՆ-ի՝ քրեական գործերից մեկով (խոսքն Արշակ Սրբազանի գործի մասին է խմբ․) նախնական դատալսումների ընթացքում դատավորը կայացրել է բացարկն ընդունելու որոշում այն պատճառաբանությամբ, որ քրեական գործը 2018թ․ հարուցվել և քննվել է Արմավիրի մարզային այն քննչական վարչությունում, որտեղ դատավորը 2008-2020թթ աշխատել է՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ։ Բացի այդ, վարույթի նյութերում առկա է պաշտոնեական անփութության հատկանիշներով քրեական վարույթ նախաձեռնելու մասին որոշում, որն առնչվում է վարույթով որպես իրեղեն ապացույց ճանաչված թմրամիջոցի անհետացմանը։ «Միաժամանակ, 2020-2024 թվականներին Արմավիրի մարզի դատախազությունում դատախազ աշխատելու տարիներին դատավորը որոշակի աշխատանքային փոխհարաբերություններ է ունեցել գործով հանրային մեղադրողի հետ, թեև դատավորը չի մասնակցել քրեական գործով նախաքննությանը և թմրամիջոցի անհետացման հանգամանքների վերաբերյալ որևէ տեղեկատվություն չունի, և նշված հանգամանքների ամբողջությունը դատավորին չի խոչընդոտում գործով անաչառ և անկողմնակալ լինելուն, սակայն դատավորի գնահատմամբ՝ դրանք կարող են անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկած հարուցել դատավորի անաչառության և անկողմնակալության վերաբերյալ»,- նշել էր ԱՆ ներկայացուցիչը։ Ըստ լիազոր մարմնի՝ դատավորը, հիմնվելով գործող իրավակարգավորումներից չբխող պատճառաբանությունների վրա, հրաժարվել է իր իրավասությանը վերապահված հարցի քննությունից, ինչն անկողմնակալ դիտորդի տեսանկյունից կարող է ընկալվել որպես դատավորի կողմից արդարադատության իրականացումից խուսափում։ Դատավորի կողմից բացարկ ընդունելու միջոցով գործի քննությունից խուսափելը, ԱՆ դիտարկմամբ, օբյեկտիվորեն նվազեցրել է դատական իշխանության անկախության և անաչառության նկատմամբ հանրության վստահությունը։ Դատավորը, սակայն, համաձայն չէ իրեն վերագրվող խախտումների հետ, ավելին, պնդել է, որ միջնորդությունը չի արտացոլում իր կողմից կայացված՝ բացարկ ընդունելու մասին որոշման մեջ մատնանշված հիմքերն ամբողջությամբ, այլ՝ դրա միայն որոշ մասն է այլընտրանքային գնահատման ենթարկվել, որն էլ, իր պատկերացմամբ, հանգեցրել է սխալ հետևությունների։ Մասնավորապես, որոշման հիմքում դրել է ոչ թե այն հանգամանքը, որ իրեն մակագրված գործի նախաքննության ընթացքում պարզապես աշխատել է քննչական վարչությունում, այլ այն, որ տվյալ գործի նախաքննության ընթացքում իր գործով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցի անհետացման փաստի առթիվ նշված քննչական վարչության քննիչների անփութության վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչը էականորեն տարբերվում է հարցադրման այն ձևակերպումից, որն արձանագրված է միջնորդության մեջ։ Նշված հանգամանքն էական է, քանի որ լիազոր մարմնի հետագա բոլոր վերլուծությունները հիմնված են հենց այդ հանգամանքի վրա։ Մանուկյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր դեպքում, երբ ԲԴԽ առջև բարձրացվում է դատավորին պատասխանավության ենթարկելու հարցը՝ կապված նրա կողմից ի պաշտոնե կատարված գործողության կամ դատական իշխանությունը հեղինակազրկելու մեղադրանքի հետ, լիազոր մարմինը պետք է ծանրակշիռ փաստեր ներկայացնի, ոչ թե ենթադրություններ։ ԲԴԽ-ն, այդուհանդերձ, որոշել է բավարարել միջնորդությունը։ The post Արշակ Սրբազանի գործով ինքնաբացարկ հայտնելու համար Գևորգ Մանուկյանի նկատմամբ հայտարարվեց նկատողություն appeared first on Alphanews .