Ամստերդամում Սառը պատերազմի ժամանակաշրջանի միջուկային ապաստարան է վաճառքի հանվել՝ 295 հազար եվրոյով, հայտնում է NL Times -ը։ 55 քառակուսի մետր մակերեսով կառույցն ունի ավազային ֆիլտրով օդափոխության համակարգ, հերմետիկ մետաղական դռներ, էլեկտրականություն, ջրամատակարարում և ինտերնետ։ Սակայն ապագա սեփականատերը պետք է պարզի, թե ինչ նպատակներով է թույլատրվում այն օգտագործել։ Ապաստարանը գտնվում է Բաարսյես թաղամասում՝ ջրանցքի ափին։ Շենքը կառուցվել է 1940 թվականին՝ որպես կոյուղու պոմպակայան, իսկ 1960-ին վերափոխվել է միջուկային պատերազմի դեպքում օգտագործելու համար նախատեսված ապաստարանի։ Այն բաղկացած է երեք մակարդակից՝ մեկ վերգետնյա և երկու ստորգետնյա։ Առաջին ստորգետնյա հարկում կան 10 և 17 քառակուսի մետր մակերեսով երկու սենյակներ, իսկ ավելի ներքև գտնվում է մոտ 18 քառակուսի մետր մակերեսով նախկին պոմպային նկուղը, որը լրացուցիչ աշխատանքների կարիք ունի։ Օբյեկտը վերջին անգամ վաճառվել է 2011 թվականին՝ 15 հազար եվրոյով։ 2022-ին այն կրկին վաճառքի է հանվել՝ 1,1 միլիոն եվրոյով, սակայն գնորդ չի գտնվել։ Այդ ժամանակվանից վաճառողները բարեկարգել են տարածքը, վերանորոգել նկուղը և այն կահավորել 1960-ականների ոճով։ Հողամասի երկարաժամկետ վարձակալության իրավունքի համար վճարումը կատարված է մինչև 2098 թվականի հունվարը։ Հիմնական բարդությունը կապված է անշարժ գույքի նշանակության հետ․ քաղաքապետարանի քաղաքաշինական փաստաթղթերի համաձայն՝ հողամասը նախատեսված է տրանսպորտային նպատակների համար։ Ուստի ապաստարանը բնակարանի, երաժշտական ստուդիայի կամ այլ նշանակության տարածքի վերափոխելու օրինականությունը մնում է անհստակ։ Property Noord գործակալության ներկայացուցիչ Հերո Պանմանը հավանական գնորդներին խորհուրդ է տալիս նախապես այս հարցը քննարկել քաղաքային իշխանությունների հետ։ Պանմանի խոսքով՝ օբյեկտի նկատմամբ արդեն հետաքրքրություն է ցուցաբերել մոտ 20 հավանական գնորդ։ Առաջարկների ընդունումը կշարունակվի մինչև նոյեմբերի 6-ը, իսկ գործարքը վաճառողները նախատեսում են ավարտել մինչև դեկտեմբերի 24-ը։ Անշարժ գույքի արժեքից բացի՝ ոչ բնակելի տարածքի գնորդը պետք է վճարի սեփականության փոխանցման 10,4% հարկը և հոգա նոտարական ծախսերը։